Դավիթ Հարությունյան. Կընդունենք ԸՕ-ի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների զգալի մասը


Դավիթ Հարությունյան. Կընդունենք ԸՕ-ի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների զգալի մասը

  • 05-05-2011 16:14:09   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի նոր խմբագրությամբ նախագծի վերաբերյալ նախնական համատեղ եզրակացության մեջ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետները, ինչպես եւ Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախորդ նախագծերի դեպքում, համատեղ եզրակացությունում ընդգծել են, որ իրապես ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը պայմանավորված չէ միայն համապարփակ ընտրական օրենսգրքով, այլ` նաեւ քաղաքական կամքով եւ ընտրական օրենսդրությունը բարեխղճորեն իրականացնելու ցանկությամբ: Այս կարծիքը նրանք վերահաստատեցին նաեւ մայիսի 5-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդարանական լսումներում: Եվրոպական փորձագետները գոհունակությամբ նշեցին, որ ՀՀ ընտրական օրենսդրության վերաբերյալ իրենց վերջին` այս տարիների ընթացքում թվով 18-րդ, եզրակացությունը թարգմանվել եւ տեղադրվել է ԱԺ պաշտոնական կայքէջում: Ուստի նրանք անդրադարձան իրենց առաջարկություններից եւ առարկությունններից միայն մի քանիսին: Նշվեց, որ, չնայած նախագիծը ներառում է փորձագետների որոշ առաջարկություններ, այդուհանդերձ կան բարելավման ենթակա որոշ դրույթներ: Մասնավորապես, դա վերաբերում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, այդ թվում ղեկավար պաշտոնների ընտրությանը, ինչպես նաեւ թեկնածուների, դիտորդների իրավունքներին, քարոզարշավի կանոնակարգմանը, ընտրությունների արդյունքների վերահաշվարկին եւ բողոքարկմանը: Թեկնածուների իրավունքների մասով փորձագետները գտնում են, որ ընտրական գրավի չափը մեծ է, իսկ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու համար սահմանված բնակության եւ ՀՀ քաղաքացիության որոշակի ժամկետային պահանջները անհամաչափ են: Ըստ եվրոպական փորձագետների, այս դրույթները եւ երկքաղաքացիների ընտրվելու բացառումը պետք է վերանայվեն: Ինչ վերաբերում է արտասահմանում գտվող ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայություն իրականացնող ՀՀ ընտրողներին եւ նրանց ընտանիքների անդամներին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունքին, ապա, ըստ փորձագետների, նման եղանակով հեռահար քվեարկությունը շատ վիճելի է, քանի որ չի կարող երաշխավորել գաղտնիությունը եւ ենթակա չէ տեղամասերում իրականացվող դիտարկմանը: Լսումները կազմակերպած ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ միջազգային փորձագետների կոմից նախագծի մի շարք դրույթների քննադատությունն ընդունելի չէ: Մասնավորապես, թեկնածուների առաջադրման համար ներկայացված բնակության եւ ՀՀ քաղաքացիության ժամկետային պահանջը սահմանված է երկրի Սահմանադրությամբ, եւ վերանայման ենթակա չէ: Օրինակ, ՀՀ նախագահի թեկնածուն պետք է առնվազն վերջին 10 տարում հանդիսանա ՀՀ քաղաքացի եւ նույնքան մշտապես բնակվի ՀՀ-ում: «Կան դրույթներ, որոնք, մեր կարծիքով, կարող են վտանգել երկրի անվտանգությունը»,- ասաց Դ.Հարությունյանը` հավելելով, որ ասվածի վառ օրինակներից մեկն այն դրույթի քննադատությունն է, համաձայն որի Հանրապետության նախագահի պաշտոնում չի կարող առաջադրվել երկքաղաքացին, այսինքն` նաեւ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը: ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի համոզմամբ, փորձագետների մի շարք առարկությունները «վատ թարգմանության կամ թարգմանությունը ճիշտ չընկալելու» արդյունք են: Այդուհանդերձ նա վստահեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքը շարունակվելու է: «Այն, որ ԸՕ-ի նախագծի դրույթների մի զգալի մասը կարող է փոխվել, եւ մենք կընդունենք առաջարկությունների զգալի մասը, դա միանշանակ է, սակայն, կարծում եմ, ոչ բոլոր առաջարկությունները կընդունենք այն տեսքով, որ առաջարկում է Վենետիկի հանձնաժողովը»,-ասաց Դ.Հարությունյանը` հավելելով, որ աշխատանքային խումբը ներկայումս աշխատում է թվով շուրջ 4 տասնյակ, այդ թվում ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգի, ընտրությունների արդյունքների վերահաշվարկի, փոփոխությունների վրա:
Նոյյան տապան  -   Քաղաքական