«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը ներկայանալու է չորս մրցութային և մեկ արտամրցութային ծրագրով (տեսանյութ)


«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը ներկայանալու է չորս մրցութային և մեկ արտամրցութային ծրագրով (տեսանյութ)

  • 26-06-2015 17:11:50   | Հայաստան  |  Մշակույթ



«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի  ընդունած շուրջ 1600 հայտերից ընտրել է 76 ֆիլմ, որոնցից 12-ը` կմրցեն Միջազգային խաղարկային, 13-ը` Միջազգային վավերագրական, 17-ը` Հայկական համայնապատկեր, 34-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթային ծրագրերում:  
 
Ինչպես հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց կինոքննադատ, Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը,  այս տարի ներկայացվել է շուրջ 90 հայկական ֆիլմ, որից միայն 18-ն է ընտրվել: Ըստ նրա` ներկայացված հայկական ֆիլմերը թույլ են եղել, ուստի կինոփառատոնի ընտրող հանձնաժողովը ստիպված է եղել ընտրել լավագույնները: Ր. Մովսիսյանի խոսքով`  այս ծրագրում ընդգրկված են բացառապես հայկական ֆիլմեր, որոնք նկարահանել են տարբեր երկրներում բնակվող հայ ռեժիսորներ: Նրա տեղեկացմամբ` Հայկական համայնապատկեր ծրագրում ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են նորաբաց Հայաստան կինոթատրոնում, որը զինված է նորագույն տեխնիկայով. «Վերջապես այս տարի հայկական ֆիլմերը լավագույն որակով դիտելու հնարավորություն կունենանք»:
«Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի պատասխանատու Վարդան Հակոբյանը տեղեկացրեց, որ տարեցտարի ավելանում է այս ծրագրում ներկայացվող ֆիլմերի թվաքանակը: Ըստ նրա` ծրագրում ներկայացված  է եղել 750 ֆիլմ, որից ընտրվել է 34-ը, այդ թվում մեկ հայկական ֆիլմ: Վ. Հակոբյանի տեղեկացմամբ` այս ծրագրում ընդգրկված են հիմնականում երիտասարդ և սկսնակ ռեժիսորների մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմերը, որոնք նրա գնահատմամբ` շատ ավելի պարզ, մատչելի ու համարձակ են, քան փորձառու ռեժիսորների ֆիլմերը:
Միջազգային վավերագրական ծրագրում ըստ պատասխանատու Արա Խանջյանի` ներկայացվել է 620 ֆիլմ, որից ընտրվել է միայն 13-ը:
«Այս մրցույթում ի ուրախություն մեզ` կա մի հայկական ֆիլմ, որը կոչվում է «Մեկ, երկու, երեք». ռեժիսորն է Արման Երիցյանը, որի ֆիլմը հանդիսանում է Հայաստանի, Գերմանիայի և Նորվեգիայի համատեղ արտադրությունը»: Ըստ նրա` «Ոսկե ծիրանի» ընտրող հանձնաժողովը փորձել է հավաքել գրեթե բոլոր տեսակի ֆիլմերը, որոնք համապատասխանում են աշխարհում ընդունված վավերագրական ֆիլմերին բնորոշ չափորոշիչներին:
Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագիրը ներկայացնելով ` նույն ծրագրի պատասխանատու Արթուր Վարդիկյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ այս ծրագրում ներկայացված ֆիլմերի քանակն ավելացել է 100-ով. «Աշխարհի տարբեր երկրներից «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված 300 ֆիլմից ընտրվել է 12 լիամետրաժ ֆիլմ, որոնք պատմում են իրենց տարածաշրջանին բնորոշ սոցիալական, մարդկային, անձնական խնդիրների մասին»: Նրա տեղեկացմամբ` այս մրցույթում լավագույնը ճանաչված ֆիլմերն արժանանալու են «Ոսկե ծիրան» և «Արծաթե ծիրան» մրցանակների:
Արտամրցութային ֆիլմերին անդրադարձավ դրանց պատասխանատու, «Ոսկե ծիրան»-ՄԿՓ միջազգային կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը և նշեց, որ այս տարի փառատոնը բացվելու է Կաննի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված հայազգի կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ և փակվելու է Համո Բեկնազարյանի «Նամուս» ֆիլմի ցուցադրությամբ: Ըստ նրա` փառատոնի արտամրցութային ծրագրում կներկայացվեն համաշխարհային հչեղություն ստացած մրցանակակիր ֆիլմեր:
«Այս տարի փառատոնը կոնկրետ անդրադարձ ունի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, հետևաբար «Ոսկե ծիրան»-ի առանցքում կլինեն թեմատիկ նոր և հին ֆիլմերի ցուցադրություններ»,- ասաց նա և հավելեց, որ երկրորդ ծրագրում ընդգրկված են առհասարակ ցեղասպանության թեմայով օտարերկրյա ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:
Տ. Մանուկյանի տեղեկացմամբ` «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը հարգանքի տուրք կմատուցի Հենրիկ Մալյանի ու Հենրիկ Մարգարյանի 90, Լևոն Աթոյանցի 85 և Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանենրին:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play