«Անակնկալ, որ Սերժ Սարգսյանը պատրաստել է կամ ցուցարարների, կամ «խաղաղ» ՀՀԿ-ականների համար».Մեկնաբան


«Անակնկալ, որ Սերժ Սարգսյանը պատրաստել է կամ ցուցարարների, կամ «խաղաղ» ՀՀԿ-ականների համար».Մեկնաբան

  • 26-06-2015 18:26:42   | Հայաստան  |  Վերլուծություն
Լուսանկարը Ֆոտոլուրի
Լուսանկարը Ֆոտոլուրի
Հունիսի 26-ի երեկոյան կայանալու է ՀՀԿ գործկոմի նիստ, որը վարելու է Բրյոսելից վերադարձած Սերժ Սարգսյանը: Մինչ Սարգսյանը Բրյուսելում էր, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները երկօրյա լռությունից հետո սկսեցին խոսել այն մասին, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կասեցնելու քաղաքացիական պահանջը անիրականանալի է: Դա սկսեց Հովիկ Աբրահամյանը, հետո բոլորը շարունակեցին հերթով: Շարունակությունը նաեւ այսօր էր:

 

Ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ: Հունիսի 23-ի լուսադեմի ուժային գործողությանը հաջորդել է հարաբերական մի անդորր, որտեղ տեղի է ունենում երկու զուգահեռ գործընթաց: Ավելանում է քաղաքացիական համախմբումը, իշխանության ներկայացուցիչներն ավելացնում են հայտարարություններն էլեկտրաէներգիայի սակագինը փոխելու անհնարինության մասին:

 

Այդ զուգահեռները հակադիր են: Ավելի շուտ, դրանք տրամաբանական կարող էին լինել պատճառահետեւանքային այն կապակցվածության դեպքում, երբ քաղաքացիների աճող համախմբումը հաջորդեր պահանջը մերժելու իշխանության հայտարարություններին. Որքան ավելանային այդ հայտարարությունները, այդքան ավելի ուժգնանար քաղաքացիական շարժումը՝ որպես պատասխան:

 

Բայց, տեղի է ունենում հակառակը: Հունիսի 23-ի լուսաբացի ուժային գործողությունից հետո քաղաքացիական ալիքն աճել է: Դրանից հետո է իշխանությունը սկսել հերթով հայտարարել սակագինը կասեցնելու անհնարինության մասին: Մինչդեռ թվում է, որ ինչքան ուժգնանում է քաղաքացիական ալիքը, այդքան իշխանությունը պետք է մտածի քաղաքացու հետ երկխոսության գնալու եւ առնվազն փոխզիջում որոնելու, ոչ թե պահանջի մերժման մասին հայտարարություններն ավելացնելու ուղղությամբ:

 

Այդ անտրամաբանականության տակ, սակայն, ըստ ամենայնի թաքնված է որեւէ անակնկալ, որ Սերժ Սարգսյանը պատրաստել է կամ ցուցարարների, կամ «խաղաղ» ՀՀԿ-ականների համար:

 

Սերժ Սարգսյանն իր մասով շարունակում է լռությունը: Հնարավոր է, որ ՀՀԿ-ականներին հանելով սակագնի կասեցումն անհնար համարող հայտարարություններ անելու, Սերժ Սարգսյանը փորձում է քաղաքացիների մոտ բարձրացնել իր «գինը», որպեսզի նրանք կայացնեն Սարգսյանի հետ բանակցության գնալու որոշում: Այդ առաջարկը նա արել է դեռեւս հունիսի 22-ին: 23-ին կրկնել է, արդեն ոստիկանական ուժի կիրառումից հետո ձեւավորված ալիքի առաջ: Երկու դեպքում էլ որոշումը մերժվել է, թեեւ պետք է նկատել, որ ցուցարարների, նախաձեռնողների, համակարգողների շրջանում այդուհանդերձ եղել է բանակցության տարբերակի հանդեպ որոշակի հակվածություն:

 

Բայց, վերջնարդյունքում կայացվել է այսպես ասած հանրային որոշում, եւ հանդիպման առաջարկը մերժվել է: Դրանից հետո գեներացնելով ՀՀԿ-ականների մերժողական շարքը, Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին փորձում է հանրության վրա հոգեբանական ներգործությամբ նրան հակել բանակցության գաղափարի: Չի բացառվում, որ Սարգսյանը հակված լինի հանրային պահանջը բավարարելուն, բայց էական համարի ձեւը, որով կիրականացվի դա: Իսկ ձեւի համար թերեւս կարեւոր է բանակցությունը, երբ հանրությունն ուղղակիորեն կդիմի Սերժ Սարգսյանին: Այդպես Սերժ Սարգսյանը փաստացի կլուծի «լեգիտիմության» խնդիր:

 

Այդ խնդիրը նրա համար շատ կարեւոր է: «Լեգիտիմության» խնդիրը Սարգսյանին ուղեկցեց նախագահության ամբողջ ընթացքում: Դրա քիչ թե շատ համակարգային լուծում նա այդպես էլ չգտավ, բավարարվելով իրավիճակային, այսինքն կարճաժամկետ լուծումներով: Այսինքն, Սարգսյանին պարբերաբար հարկ է լինում հասնել այդ խնդրով լուծումների: Նախագահության ժամկետի վերջում խնդիրը ավելի է սրվում, որովհետեւ Սերժ Սարգսյանը կանգնած է իր նախագահությանը հաջորդելիք իշխանության ձեւավորման կարեւոր եւ պատասխանատու խնդրի առաջ:

 

Ընդ որում, այդ «լեգիտիմությունը» նրան անհրաժեշտ է ոչ թե քաղաքացիների, այլ իշխող համակարգի, դրա տարբեր թեւերի հետ հարաբերություններում, այդ թեւերի քաղաքական հավակնությունները կառավարելու հարցում:

 

Ուրվագծվում է երկշերտ խաղ, երբ մի կողմից Սերժ Սարգսյանը ՀՀԿ մեծամասնությանը դնում է «մերժողական» դիրքում, այդպիսով փաստացի վերածում հանրային թիրախի, մյուս կողմից ձգտում հանրությանը բանակցության բերելու եւ այդ միջոցով թիրախից թեկուզ ժամանակավոր զատվելու եւ հանրության հետ միասին թիրախը խոցելու, մատուցելով իր «անակնկալը»՝ թե հանրությանը, թե ՀՀԿ մեծամասնությանը:

 

Բայց, դա կախված է իհարկե այն բանից, թե արդյոք հանրությունն ինքը անակնկալ կմատուցի Սերժ Սարգսյանին ու կգնա բանակցության: Թեեւ չի բացառվում, որ Սարգսյանի համար այդուհանդերձ անակնկալ էր բանակցության մերժումը, հատկապես Սահմանադրության փոփոխության շուրջ կոլեկտիվ հյուրընկալությունների պրակտիկայի ֆոնին:

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն