«Եթե համախմբված լինի ժողովուրդը, ոչ մի ուժի կիրառում չի կարող արդյունավետ լինել եւ հակառակ էֆեկտն է տալու».Քաղաքագետ


«Եթե համախմբված լինի ժողովուրդը, ոչ մի ուժի կիրառում չի կարող արդյունավետ լինել եւ հակառակ էֆեկտն է տալու».Քաղաքագետ

  • 29-06-2015 12:28:41   | Հայաստան  |  Հարցազրույցներ

«Իշխանությունը փաստի առաջ էր կանգնած եւ պիտի լուծեր: Ինչպես պետք է լուծեր, ռեժիմը ամեն դեպքում փորձեց լղոզել, պառակտել եւ չեզոքացնել շարժումը»: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սարո Սարոյանն՝ անդրադառնալով զարգացած իրադարձություններին, որի արդյունքում Բաղրամյան պողոտայի պայքարը պառակտվեց եւ ցուցարարների մի մասը, այնուամենայնիվ, որոշեց հեռանալ Ազատության հրապարակ:

«Գտնվեց այն բանաձեւը, որն, ըստ իրենց, կբավարարի ցուցարարներից մի հատվածին եւ իրենց, եւ այդ մի շերտը, որը կհամարի, որ խնդիրն արդեն լուծված է, կհեռանա, ռեժիմը դա կներկայացնի որպես ռացիոնալ մոտեցում եւ կհայտարարի, որ այդ շերտն առողջ հատվածն է, որը մեր լավ երիտասարդությունն է»,- ասաց Սարո Սարոյանը:

Սարո Սարոյան

Սարո Սարոյան

Քաղաքագետի խոսքով՝ Բաղրամյան պողոտայում մնացողներին էլ իշխանությունները կորակեն չարիք: «Կհայտարարեն, որ նրանք անօրինականության դաշտում են գործում, խուլիգաններ են, ինչի համար քրեական գործ կարող են հարուցել»,- ասաց նա: Սարոյանի խոսքով՝ ինչ-որ առումով իշխանությունն իր քայլն արել է եւ հիմա գնում է պառակտման ճանապարհով: Մեր հարցին, թե այնուամենայնիվ ՀՀ քաղաքացիները չեն պատրաստվում լքել Բաղրամյան պողոտան, ի՞նչ զարգացումներ է կանխատեսում, Ս.Սարոյանը նշեց հետեւյալը. «Ուժ կկիրառվի այն ժամանակ, երբ որ նրանք հաշվարկեն, որ այդ ուժի կիրառումն արդյունավետ լինի: Եթե համախմբված լինի ժողովուրդը, ոչ մի ուժի կիրառում չի կարող արդյունավետ լինել եւ հակառակ էֆեկտն է տալու»:

Անկախ ամեն ինչից, թե ինչով կավարտվի պայքարը, մի քանի օրվա այս զարգացումները ՀՀ քաղաքացու համար հետեւություններ անելու հնարավորություն են տալիս.

«ՀՀ քաղաքացին արձանագրեց, որ բոլոր այն թեզերը, թե ամեն ինչ նույնն է լինելու, որ մեզանից ոչինչ կախված չէ, կամ վերեւներն են լուծում, որ ինչ-որ լիդերներ կգան, ինչ-որ խմբեր սա կամ նա կանեն, բոլորը սուտ են, ժողովուրդը ոտքի է կանգնում եւ խնդիր է լուծում, սա է ճանապարհը»:

Զարուհի Հովհաննիսյան

Զարուհի Հովհաննիսյան

Քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշեց, թե ՀՀ քաղաքացիների պահանջն, ըստ էության, լուծում չի ստացել, միեւնույն ժամանակ այդ լուծումները, որոնք նախկինում են եղել, ոչ մի անգամ էլ քաղաքացիական հասարակությանը չեն բավարարել: «Որովհետեւ դրանք եղել են անիշխանական համակարգին հատուկ, բրգաձեւ, թելադրված, եւ միեւնույն ժամանակ փորձ է կատարվել ժամանակավորապես թուլացնել, որպեսզի հասարակությունը ցրվի»:

Զ.Հովհաննիսյանը նշեց, թե երեկ տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին աննախադեպ մի բան: Դա այն է, որ չնայած համակարգող խումբը որոշեց հեռանալ, բայց ժողովուրդը մնաց: «Այսինքն ժողովրդավարության եւ հանրային դիսկուրսի փոփոխության տեսանկյունից շատ մեծ բեկում տվեց, որն իր արդյունքը դեռ կտա»,- ասաց ակտիվիստը:

Զ.Հովհաննիսյանի խոսքով՝ հասարակության ճնշումների արդյունքում էր, որ իշխանությունը գնաց մասնակի զիջումների:

«Նրանք նախկինում բավարարում էին ՀԷՑ-ի հայցը եւ ոչ մի զիջումների չէին գնում: Այդպես էր ոչ միայն այս հարցի, այլ նաեւ խնդիրների հետ կապված: Ռուսաստանը նաեւ զիջումների գնաց նախկինում հանրային ընդվզումների հետ, կապված Գյումրու դեպքերի հետ, այն ժամանակ նրանք անդրդվելի էին, հիմա սակայն կասկածեցին իրենց դիրքերի ամրության վրա Հայաստանում»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Փայլակ Ֆահրադյան

 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ