Կառավարությունը հոգալու է սիրիահայերի ծախսերը


Կառավարությունը հոգալու է սիրիահայերի ծախսերը

  • 02-07-2015 15:59:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ներկայացված նախագծով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը ամրագրել օրենքով, ինչպես նաև սահմանել օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ:
 
Արձանագրային մեկ այլ որոշումով հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել ընդերքօգտագործման արդյունքում առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար:
Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: 
Քննարկելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը, կառավարությունը հաստատել է իր եզրակացության նախագիծը, որով ողջունելով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի նպատակադրումը, գտել է, որ այն թերի է և ներկայացված տեսքով ընդունելի չէ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուշադրություն է հրավիրել պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները նախապես իրենց մասնակցությամբ քննարկելու անհրաժեշտության վրա:
Քննարկված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
 
 
Կառավարությունը կհոգա սիրիահայերի ծախսերը
 
 
2015թ. օգոստոսի 2-13-ը անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով կառավարությունը «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը տրամադրելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը որոշել է հատկացնել 39.8 միլիոն դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել հատկապես Սիրիայի պատվիրակությանը օժանդակելը: 
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վարչապետի առաջարկով ներկայացրել է Սիրիայի մեր հայրենակիցների մասնակցության և տրամադրվող աջակցության մանրամասները: Նշված գումարը ծախսվելու է Սիրիայի 82 հոգանոց պատվիրակության ճանապարհածախսը և հյուրանոցի ծախսերը հոգալու համար: Պատվիրակությանը Երևան կտեղափոխի լիբանանյան ավիաընկերությունը, Երևանում նրանց 16-օրյա կեցությունը կապահովվի Արարատ հյուրանոցում: Ընդհանուր առմամբ համահայկական խաղերի մասնակցությունը շատ ներկայացուցչական է: Հուլիսի 1-ի դրությամբ արդեն ունենք 35 պետությունների 161 քաղաքներից 5461 հայտ, որը բավականին մեծ թիվ է:
 
 
 
 Այլ հարցեր
 
 
ՀՀ 9 մարզերի 22 համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարությունն իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել է 64 մլն 721 հազար դրամ:
Կառավարության որոշմամբ Էդգար Գևորգյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play