««Ոչ թալանին» գաղափարն պետք է բարձրացի ամբողջ համակարգի բարեփոխումների հարցը».Թևան Պողոսյան


««Ոչ թալանին» գաղափարն պետք է բարձրացի ամբողջ համակարգի բարեփոխումների հարցը».Թևան Պողոսյան

  • 04-07-2015 18:13:20   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
Լրագրի  զրուցակիցն է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը

 

Պարոն Պողոսյան, օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Բաղրամյան պողոտայի շարժմանը, որ Հայաստանում սկսված բողոքի ակցիաները բացարձակապես տնտեսական բնույթ ունեն, բայց փորձ է արվում քաղաքականացնել դրանք,  որ դա կարող է հանգեցնել գունավոր հեղափոխության և այլն: Ռուսաստանի այս վախերն ինչո՞վ են պայմանավորված:

 

Ճիշտ կլինի ռուսական վախերի մասին Ռուսաստանը խոսի, բայց իսկապես քաղաքացիական շարժումը սկսվեց ոչ թե քաղաքական խնդիրներից, այլ սոցիալական հարցից: Առաջին մի քանի օրերին մենք փորձում էինք դա բացատրել: Գուցե ցինիկաբար է հնչում, բայց հայերը միացրին ռուսներին և ուկրաինացիներին, քանի որ նրանք երկուսն էլ նույն ուղղությամբ էին մտածում, որ մայդան է լինելու, մեկը ոււրախանում էր դրանից, մյուսը՝տխրում: Եվ իրենք ԶԼՄ-ներով այնքան քաղաքականացրին խնդիրը, որ իրենց համար վախեր ձևավորեցին: Մենք ինքներս պետք է գիտակցենք մեր խնդիրը: «Ոչ թալանին» շարժումն ունեցել է սոցիալական բնույթ, որը փորձել է խնդիրը վեր հանել սակագնի բարձրացման հետ կապված: Երկրորդ խնդիրը, ըստ իս, պետք է միտված լինի համակարգի մեջ այն բոլոր անհրաժեշտ բարեփոխումներին, որ «ոչ թալան» տեղի ունենա:

 

Մի օրինակ բերեմ, որ շատերին պարզունակ կթվա, բայց շատ ճիշտ նկարագրում է: Պատկերացրեք բակում դրված խողովակ ունեք, որը դրված է արևին և հարվածներից ճաքեր է ստացել, և երբ դուք փորձում եք այգին ջրեք խողովակով, այդ ջուրը այդ ծակերից դուրս է գալիս և չի հասնում ծառի բուն արմատին: Այդ ծակերը ես կանվանեի բոլոր կոռուպցիոն խնդիրները, անհասկանալի տենդերները, ատկատները, չարաշահումները և այլն: Եվ երբ մենք այդ ջրի գինն ավելացնում ենք, տվյալ դեպքում՝ հոսանքի սակագինը ավելացնում ենք և ծակերը չենք փակում, բնականաբար գողությունն ավելի է շատանալու: Այդ նույն ծակերը, որ այդ խողովակն ունի, ջրի ավելի շատ կորուստ է լինելու: Հիմա առաջին քայլը եղել է այն, որ թույլ չտալ սակագինը բարձրանա, բայց նրանից, որ սակագինը չբարձրանա, միևնույն է համակարգը գողություն է ունենալու, և մենք հիմա «Ոչ թալանին» ողջ փիլիսոփայությամբ պետք է զբաղվենք համակարգի վերանորոգմամբ կամ ամբողջական փոփոխությամբ, որ չունենանք այդ ճաքերն ու ծակերը:

 

«Ոչ թալանին» գաղափարն այլևս ոչ թե սակագնային խնդիր պետք է բարձրացի, այլ ամբողջ համակարգի բարեփոխումների հարցը: Եվ այստեղ գալիս է երկրորդ կետը՝ ի վերջո այդ ամբողջ խողովակը կառավարում է ռուսական կողմը, և բնականաբար ռուսական կողմն ունի պատասխանատվություն գիտակցելու, որ ինքը որևէ բանով մատը մատին չի կպցրել, որ Հայաստանում նման սոցիալական իրավիճակ չձևավորվի: Իսկ հաշվի առնելով այսօր աշխարհքաղաքական խնդիրները՝ Արևմուտք-Արևելք տարբեր առճակատումներ, բոլորին թվացել է, թե այս ամենը կարելի է քաղաքականացնել և ավելի հեշտ կառավարել: Ի պատիվ մեր երիտասարդության՝ շարժումը մնաց իր ճիշտ ուղու վրա և թույլ չի տալիս, որ այն քաղաքականանա: Հիմա պետք  է միասին քայլեր մտածենք, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից և առաջ շարժվենք: Ի վերջո, մեզ բոլորիս պետք է, որ ունենանք նորմալ համակարգ, որը աշխատելու, զարգանալու և ի նպաստ Հայաստանին է լինելու:

 

Ձեզ գրեթե ամեն օր տեսնում էինք Բաղրամյան պողոտայում, այս օրերին գնալով սակավաթիվ է դառնում շարժումը: Իշխանությունը լռում է՝ հավանաբար թողնելով,որ  մարի շարժումը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տեղի ունենում:

 

Հենց առաջին օրը ասել էի, որ երևի ամենաճիշտ տարբերակն այն կլինի, որ ապացուցելով՝ մենք ենք տերը մեր երկրի, շարժման տղաները իրենք ինչպես ճանապարհը փակել են, իրենք էլ բացեն՝ ապացուցելով, որ տերը իրենք են և ուրիշը չի բացելու այդ ճանապարհը, և հենց իրենց ձեռքում է լինելու: Դրա հետ միասին ոչ թե Բաղրամյանից հեռանան, այլ նույն մայթերին կանգնելով ապացուցեն, որ իրենց խնդիրները նույնն են բոլոր քաղաքացիների համար: Դրա հետ միասին պետք է ձևավորվեին խմբեր, որոնք ունենային այդ պահանջի ներկայացումը, որ առաջինը ոչ միայն ֆինանսական աուդիտ պետք է արվի, այլ աուդիտ պետք է արվի ինչպես կառավարման համակարգի մենեջմենթի, այնպես էլ մատուցած ծառայությունների որակների: Եվ այդ բացահայտումները, մշտապես ներկայացնելով հանրությանը, վստահ եմ, որ և գլխավոր դտախազությունը, և քննչական կոմիտեն, և ոստիկանությունը շատուշատ գործ կունենային այդ համակարգում տարբեր հարցեր քննելու:

 

Այս ամենի հետ միասին, աշխատանքի մեջ կձևավորվեին ուղղություններ դեպի նոր մոտեցումներ՝ ուղղված համակարգի բարեփոխումների, ճիշտ մենեջմենթի, ծառայությունների որակի զարգացմանը: Եվ վստահ եմ, որ այդ ամենը անելով մենք կհանգեինք նրան, որ այսօրվա դրությամբ սակագինը պետք է իջնի, և ապացուցվի, որ այնտեղ ուճացված թվերը իրականությանը չեն համապատասխանում՝ սկսած նրանից, որ օրինակ, կաբելային համակարգը, վստահ չեմ, որ ճիշտ է արտացոլված, կարող է պարզվել, որ ավելի շատ է գրված, քան իրականում կա, և այլ նմանատիպ խնդիրներ: Որքան շարժումը փորձի միայն բառի և ոչ թե արդյունքի հետևից գնա (չնայած ամեն մարդ ազատ է իր ձևով գնահատել հաջողությունը կամ հաղթանակը, կան մարդիկ, որ արդյունքն են գնահատում, կան մարդիկ, բառերն են գնահատում, որ եթե այս բառը չի օգտագործվել, ուրեմն հաջողության չենք հասել) լճացման խնդրից դուրս կգա, որովհետև իսկապես մյուս կողմը՝ իշխանությունները, կարծես թե իրենց խնդիրները կարողանում են շատ պարզ լուծել  և նույնիսկ ապագայում այլ մոտեցումներ ցուցաբերեն, ասեն՝ նայեք տեսեք մենք  ինչ ժողովրդավար ենք, որևէ բան չենք անում, տեսեք ինչքան դրական է ամեն բան, մարդիկ եթե ցանկանում են բողոքել, մենք որևէ խնդիր չենք տեսնում, և այլն: Իսկ առանց երկրորդ քայլի գործողության՝ որքան այնտեղ կանգնեն, ռեսուրսներ են մաշելու, և կարող են տարբեր սադրանքներ  առաջանալ, իսկ իշխանությունը մատների վրա փորձում է խաղացնել այդ ամենը՝ ցույց տալով, թե տեսեք մենք ինչքան պուպուշիկն ենք, լավն ենք, բայց  մյուս կողմում մարդիկ կան, որ փորձում են տարբեր ձևով օգտագործել: Ինձ թվում է կկարողանան գիտակցել և ճիշտ որոշում կայացնել, և իրենց որոշմանը տեր կանգնելով՝ պայքարել, և իսկապես ոչ թալանին ուղղված լինի ոչ միայն էլէներգիայի հետ կապված հարցերին, այլ բոլոր ոլորտներին: Ապագայում և գազի, և ջրի և այլ խնդիրներով զբաղվեն:

 

Սերժ Սարգսյանն այս քայլին գնալով փորձեց խաղ խաղալ կամ խաղի մե՞ջ մտնել Ռուսաստանի հետ՝ փորձելով ստանալ առավելագույնը, ինչ-որ տեղ պառակտելով շարժումը իր գործողություններով երկարաձգելով գործընթացը:

 

Միջպետական հարաբերություններում ցանկացած երկիր իր շահերից ելնելով է առաջնորդվում: Նմանատիպ իրավիճակ այստեղ ունենք: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը կամ իշխանությունները իրենց շահերից ելնելով իրենց խնդիրները լուծելու համար օգտագործելու են ամեն ինչ, և այսօր իսկապես կարողանում են տարբեր խնդիրներ օգտագործել, տարբեր հարցեր լուծել, և այն իրավիճակը, որն այսօր ստեղծվել է, ոչ միայն այլևս հոսանքի խնդրին է անդրադառնում, այլ տարբեր հարցերի է անդրադառնում: Այստեղ նաև տղաները և ակտիվիստները պետք է գիտակցեն, որ իրենք միայն ու միայն իրենց բարձրացված խնդիրներից և շահերից պետք է օգտվեն և քայլեր անեն, որ իրենց շահերը կարողանան կյանքի կոչել:

 

Հոսանքի բարձրացման հարցը բոլորինս է՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու է հարված եղել, ինչպես նաև Ոչ թալանին երևույթը, որը պետք է վերաբերի համակարգային խնդիրներին, այլ ոչ միայն գնային խնդիրներին: Այս կողմում շատերն ունեին այդ գիտակցությունը, որ իրենք պետք է կարողանան թույլ չտալ օգտագործված լինել: Դրա համար հուսով եմ, քանի որ իրենք էլ պատկերացնում են և գիտակցում են՝ ինչեր կարող են լինել, պետք է կարողանան ճիշտ որոշումներ կայացնել: Ի վերջո, եթե դու նախաձեռնում ես  խնդիրներ ոչ թալանին, դու պետք է գիտակցես, որ թալանը համակարգի փոփոխությունն է, ոչ միայն գնային հարց է:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ