ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ


ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

  • 09-07-2015 07:14:42   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայրենիք-Սփյուռք կապերի կարևոր ոլորտներից է գիտությունը։ Կրիտիկական այս ենթակառուցվածքը կոչված է ապահովելու յուրաքանչյուր երկրի զարգացումը։ Առանց զարգացման՝ ցանկացած երկիր դատապարտված է լճացման և «գաղութացման» հզոր պետությունների կողմից։ Խոսքն առավել ևս վերաբերում է Հայաստանին, որն ունի սահմանափակ տարածք, սահմանափակ բնական հարստություններ, անբարենպաստ աշխարհագրական դիրք (նկատի ունենք դեպի ծով ելքի բացակայությունը), անբարենպաստ քաղաքական միջավայր (շրջափակվածությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից)։

Հարկ է նշել, որ Խորհրդային Միության անկումից հետո տնտեսության, մշակույթի և հասարակական կյանքի այլ ոլորտների հետ միասին ծանր հարված ստացավ նաև գիտությունը։ Դա պայմանավորված էր հետևյալ հիմնական հանգամանքներով.

1. Գիտության ոլորտի ֆինանսավորման կտրուկ անկում։ Ընդհանուր տնտեսական ճգնաժամը հանգեցրեց նաև պետության կողմից գիտության ոլորտի հատկացումների կտրուկ նվազմանը։ Եթե խորհրդային տարիներին Հայաստանում գիտության ոլորտին հատկացվող գումարը կազմում էր մոտ $600 մլն համարժեք գումար1, ապա այժմ այդ գումարը կազմում է մոտ $25 մլն2։

2. Գիտատար արդյունաբերության քայքայում։ Ընդհանուր տնտեսական անկման համապատկերում քայքայվեցին նաև գիտատար արդյունաբերության շատ ճյուղեր, փակվեցին բարձր տեխնոլոգիական շատ գործարաններ։ Արդյունքում՝ նվազեց այդ գիտատար արդյունաբերության ճյուղերի համար համապատասխան հետազոտությունների, ինչպես նաև տեխնոլոգիական գործարաններն անհրաժեշտ բարձրորակ կադրերով (ինժեներներ, ծրագրավորողներ և այլն) ապահովելու անհրաժեշտությունը։

3. «Ուղեղների արտահոսք»։ Գիտության ոլորտում նկատվող լճացման և կազմալուծման միտումները հանգեցրին նաև մեծ թվով գիտաշխատողների արտագաղթին։ Գիտության մեջ «ուղեղների արտահոսք» ասելով նկատի է առնվում նաև գիտաշխատողների մասնագիտական գործունեությունը դադարեցնելը և այլ բնույթի գործունեությամբ զբաղվելը։

4. Նախկին խորհրդային երկրների հետ գիտական կապերի խզումը։ Նախկին խորհրդային երկրներն ինտեգրված էին ոչ միայն տնտեսապես, քաղաքականապես, ռազմապես, այլ նաև գիտության ոլորտում։ Հայաստանն իր ուրույն տեղն ուներ ԽՍՀՄ գիտության համակարգում և կոչված էր սպասարկելու այդ հսկա կայսրության պահանջները։ ԽՍՀՄ անկմամբ մի կողմից՝ խզվեցին գիտական կապերը նախկին խորհրդային մյուս հանրապետությունների հետ, մյուս կողմից՝ Հայաստանի գիտությունն այլևս չէր սպասարկում Խորհրդային Միության պահանջները և ստանձնում էր նոր առաքելություն՝ սպասարկել միայն Հայաստանի պահանջները։ Գիտության դերի և առաքելության այս կտրուկ փոփոխությունն էլ դարձավ ճգնաժամային երևույթների պատճառ։ Դրա հաղթահարման համար անհրաժեշտ է որոշակի ադապտացիոն շրջան՝ նոր իրողություններին հարմարվելու համար, որը դեռևս շարունակվում է։

Ծանր իրավիճակում հայտնված հայրենիքին Սփյուռքը զորավիգ կանգնեց ոչ միայն տնտեսական, սոցիալական, այլև գիտության բնագավառում, ինչի արժևորմանն էլ նվիրված է սույն հոդվածը։ Սփյուռքի ներդրումը Հայաստանի գիտության պահպանման և զարգացման գործում կարելի է դիտարկել երկու հարթությունների մեջ՝ մասնավոր ծրագրեր և ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Մասնավոր ծրագրերը մեկանգամյա կամ անհատական փոքր ծրագրեր են՝ գիտության ասպարեզում այս կամ այն կոնկրետ խնդրի լուծման համար։ Ինստիտուցիոնալ մեխանիզմները դրսևորվում են գիտության մեջ շարունակական գործունեություն իրականացնող կառույցների հիմնադրմամբ և գործառնությամբ՝ Հայաստանի գիտության պահպանմանն ու զարգացմանը հիմնարար և տևական նպաստ բերելու համար։

Մասնավոր ծրագրերը հիմնականում հանգում են հետևյալին.

• Գիտական հիմնարկների շենքային պայմանները բարելավելու նպատակով իրականացվող վերանորոգչական աշխատանքներ

• Գիտական հիմնարկներին հետազոտությունների և նորմալ գործառնության համար անհրաժեշտ սարքավորումներով (համակարգչային տեխնիկա, տարբեր սարքավորումներ) տրամադրում

• Առանձին հետազոտությունների ֆինանսավորում

• Հովանավորում առանձին հետազոտությունների արդյունքների հրատարակմանը և այլն։

Մասնավոր ծրագրերը բազմաթիվ են և շարունակվում են առ այսօր։ Մեծ է ինչպես սփյուռքյան կառույցների, այնպես էլ առանձին բարերարների ավանդը դրանց իրականացման գործում, որոնց, սակայն, չենք անդրադառնա։

Ավելի նպատակահարմար է կենտրոնանալ ինստիտուցիոնալ մեխանիզմների վրա, որոնք, ինչպես արդեն նշվեց, կոչված են հիմնարար նպաստ բերելու Հայաստանի գիտական ենթակառուցվածքին։ Հայաստանի գիտության զարգացմանն աջակցելու համատեքստում Սփյուռքի կողմից ստեղծված ինստիտուցիոնալ կառույցները կարելի է բաժանել երկու մասի.

1. գիտակրթական հաստատություններ

2. գիտական հետազոտությունները կանոնավոր կերպով խրախուսող կառույցներ։

Հայաստանում Սփյուռքի կողմից գիտակրթական հաստատությունների հիմնման համատեքստում առ այսօր իրականացվել է երկու խոշոր նախագիծ։ Առաջինը 1991թ. Հայաստանի ամերիկյան համալսարանի, իսկ երկրորդը՝ 1993թ. Սևանի թերակղզում Վազգենյան հոգևոր դպրանոցի (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անվամբ) հիմնադրումն է։ Հարկ է նշել, որ նման խոշոր նախագծերի իրականացումը ենթադրում է լուրջ ֆինանսական միջոցներ, և պատահական չէ, որ այդ երկու հաստատություններն էլ հիմնվել են Սփյուռքի խոշոր բարեգործական կառույցի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցներով։

Հայաստանի ամերիկյան համալսարանի3 հիմնադրմամբ, թերևս, նոր` արևմտյան գիտակրթական մշակույթն էր ներմուծվում Հայաստան, որը զգալիորեն նպաստեց այստեղ Խորհրդային Միության անկումից հետո նահանջ ապրող գիտակրթական համակարգի պահպանմանն ու զարգացմանը։ Համալսարանի հիմնադրմամբ երկրի գիտակրթական հաստատությունների միջև մրցակցությանը նոր թափ հաղորդվեց, ինչը լրացուցիչ խթան հանդիսացավ այդ ոլորտի լճացումը կանխելու և զարգացումն ապահովելու համար։ Մրցակցությունն ընթանում էր ոչ միայն և ոչ այնքան հանրապետությունում ավանդաբար գործող և նորաստեղծ գիտակրթական հաստատությունների (ինչպիսին էր, օրինակ, Հայաստանի ամերիկյան համալսարանը), այլև տարբեր գիտակրթական մոդելների (արևմտյան և խորհրդային) միջև։

Հայաստանի ամերիկյան համալսարանը, որը Կալիֆորնիայի համալսարանի Հայաստանի մասնաճյուղն է, սկզբնական շրջանում իրականացնում էր միայն մագիստրատուրայի ծրագրեր։ 2013 թվականից այն որոշ մասնագիտությունների գծով սկսել է իրականացնել նաև բակալավրիատի ծրագրեր։ Բուհի զարգացումը ենթադրում է ինչպես նոր կառուցվածքային ստորաբաժանումների (ֆակուլտետներ և այլն) ստեղծում, այնպես էլ ուսումնական աստիճանների ընդլայնում` ասպիրանտուրայի հիմնում։

Հայաստանի ամերիկայն համալսարանի հիմնադրումն օրինակ եղավ հետագայում այստեղ օտարերկրյա այլ բուհերի հիմնադրման համար, ինչպիսիք են Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը և այլն, ինչը խթանում է գիտակրթական ոլորտի զարգացումը մեր երկրում՝ բազմազան համալսարանների միջև մրցակցության գործոնի միջոցով։

Ինչ վերաբերում է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցին, ապա Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող այս կառույցը հանրապետությունում հոգևոր (կրոնագիտական, աստվածաբանական) և հայագիտական ոլորտների գիտակրթական նշանավոր կառույցներից մեկն է և համայն հայության համար հոգևոր-եկեղեցական գործիչների պատրաստման դարբնոց4 է հանդիսանում։

Ինչ վերաբերում է գիտական հետազոտությունները կանոնավոր կերպով խրախուսող կառույցներին, ապա դրանցից ամենանշանավորը հանրապետության նախագահի մրցանակն է։ Այն «...շնորհվում է բնական և տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ֆիզիկայի, բժշկագիտության, արվեստի, գրականության, հումանիտար գիտությունների, մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեության և ծրագրերի բնագավառներում արժեքավոր գործեր և հայտնագործություններ կատարած հեղինակներին»5։ «Հանրապետության նախագահի մրցանակ» հաստատությունը հիմնվել է 2000թ. «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է ամեն տարի՝ մրցութային հիմունքներով, և հաղթողները՝ Հայաստանի լավագույն գիտնականներն ու արվեստի գործիչները, իրենց աշխատանքների համար պարգևատրվում են $10 հազարին համարժեք դրամի չափով6։

Հաջորդ ինստիտուցիոնալ կառույցը, որը խրախուսում է հետազոտական և ստեղծագործական աշխատանքները Հայաստանում, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխությունն է՝ գիտության և մշակույթի ոլորտի լավագույն ստեղծագործութունների համար։ Սույն մրցանակաբաշխությունը նույնպես անցկացվում է մրցութային հիմունքներով։

Գիտության ոլորտում անցկացվում է «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթը, որի արդյունքներով մրցանակի են արժանանում ինչպես հումանիտար (պատմություն, սոցիոլոգիա, իրավագիտություն, արվեստ, լեզու և գրականություն, տնտեսագիտություն, հայագիտություն, ազգագրություն), այնպես էլ բնագիտական (ֆիզիկա, մաթեմատիկա և մեխանիկա, ինֆորմատիկա, տեխնիկական գիտություններ, քիմիա, կենսաբանություն, երկրաբանություն) աշխատանքները։ Հաղթողները ստանում են դրամական պարգև։ Ի տարբերություն հանրապետության նախագահի մրցանակի՝ սույն մրցանակաբաշխությունը միտված է առավելապես խրախուսելու երիտասարդության շրջանում իրականացվող գիտական հետազոտությունները։ Ըստ մրցույթի կանոնների՝ հետազոտությունների հեղինակների տարիքը չպետք է գերազանցի 35-ը7։

Վերոհիշյալ երկու կառույցների գործունեությունը ոչ միայն նյութապես աջակցում է հայաստանյան հետազոտողներին, այլև, մրցակացություն առաջացնելով նրանց միջև, աշխուժություն է հաղորդում այդ ոլորտին։

Այսպիսով, Սփյուռքի ավանդը Հայաստանի գիտական ենթակառուցվածքի զարգացման գործում դրսևորվում է ինչպես մասնավոր ծրագրերի, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակներով։ Ինստիտուցիոնալ մակարդակով Սփյուռքի աջակցությունը հայրենի գիտությանը դրսևորվում է գիտակրթական կառույցների, գիտական հետազոտութունները կանոնավոր կերպով խրախուսող հաստատությունների հիմնման և գործարկման միջոցով։ Այդ կառույցների գործառնությունը նվազեցնում է որակյալ գիտական կադրերի արտագաղթը, խթանում տարբեր հետազոտությունները, մրցակցություն առաջացնում գիտական գործունեության ասպարեզում։

1 Խոսքը պաշտոնական՝ հրապարակային ֆինանսավորման մասին է։ Սակայն խորհրդային տարիներին կար նաև գիտության ոլորտի ոչ պաշտոնական՝ ստվերային ֆինանսավորում։ Ստվերային հատկացումների հետ միասին խորհրդային տարիներին Հայաստանում գիտությանը հատկացվում էր մոտ $1 մլրդ։

2 Հայաստանում գիտության ֆինանսավորումը ամենացածրներից մեկն է Եվրոպայում, http://www.7or.am/am/news/view/55633/

3 https://aua.am/

4 Տե՛ս «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Եր., «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2002, էջ 948-949։

5 Հայկական Սփյուռք։ Տարեգիրք, Եր., «Պոլիգրաֆ բիզնես», 2009, էջ 150։

6 http://www.president.am/hy/president-awards/http://www.himnadram.org/index.php?id=24162&lang=2

7 Տե՛ս, օրինակ, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ, հայտարարում են 2013թ. ստեղծագործական և գիտական աշխատանքի միջազգային մրցանակաբաշխություն,http://hayernaysor.am/

Վահրամ Հովյան 
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
Նոյյան տապան  -   Վերլուծություն