«Երկրին անհրաժեշտ է ազատվել Սերժ Սարգսյանից եւ նրա խմբակից».Զարուհի Փոստանջյան


«Երկրին անհրաժեշտ է ազատվել Սերժ Սարգսյանից եւ նրա խմբակից».Զարուհի Փոստանջյան

  • 22-07-2015 16:43:43   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Զարուհի Փոստանջյան

Անցած շաբաթ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը: Մինչ հրապարակումն ու հատկապես դրանից հետո հասարակական ու քաղաքական շրջանակներում տարածված միակ տեսակետն այն էր, որ այս փոփոխություններով Սարգսյանը եւ նրա ղեկավարած թիմը վերարտադրության խնդիր է լուծում: Նկատենք, որ հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական դերակատարները նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ տեսակետ հայտնել դեռեւս չեն շտապում: Առայժմ հստակ է միայն ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» դիրքորոշումը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում խոսելով նախատեսվող «բարեփոխումներից», կարծիք հայտնեց, որ դրանք իրականում բարեփոխումներ չեն, եւ հետեւաբար բովանդակային քննարկումների մեջ մտնելու անհրաժեշտություն անգամ չկա:

«Նպատակն է բռնազավթած իշխանությունը պահելը, դրան է միտված: Խնդիր  ունի նախ մինչեւ 2018 թվականը հասնելու եւ հետագայում նաեւ հնարավորինս երկարացնել բռնազավթած իշխանությունը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորը կարծում է, որ պետք է լինի լայնածավալ մոբիլիզացիա հասարակության եւ քաղաքական ուժերի միջեւ, որպեսզի օր առաջ ազատվեն, իր խոսքով, իշխանությունը բռնազավթածներից:

«Նրանց ամեն մի օրը Հայաստանին վնաս է պատճառում: Քաղաքական ուժերի կոնսոլիդացիա պետք է տեղի ունենա: Բովանդակային քննարկումների մեջ մտնել պետք չէ, որովհետեւ այս նախաձեռնությունն արդար նպատակ չունի»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե փոփոխություններից հետո ինքը չի հավակնի ոչ նախագահի, ոչ վարչապետի,  իսկ նաեւ Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոնին, Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանի խոստումները ոչ մի անգամ էլ իրականություն չեն դարձել:

«Սերժ Սարգսյանն ամեն ինչ էլ ցանկանում է, եթե չի ցանկանում, ապա թող հենց այս պահին հեռանա քաղաքական ասպարեզից: Սերժ Սարգսյանի ո՞ր մի ասածին կարելի է հավատալ, երբեւիցե այս խարդախներին չպետք է հավատալ, նրանք փորձառու խարդախներ են, հետեւաբար բովանդակային քննարկումների մեջ մտնել էլ պետք չէ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորը գտնում է, որ քաղաքական ուժերի եւ հասարակության մոբիլիզացիայի շնորհիվ հնարավոր է մերժել այս գործընթացը: «Ցանկացած պայքար հաջողություն է տալիս, իսկ կազմակերպված պայքարը հաղթանակ է բերում: Սա խայծ է, որը չպետք է կուլ տալ: Երկրին անհրաժեշտ է ազատվել Սերժ Սարգսյանից եւ նրա խմբակից, այն խարդախներից, ովքեր բռնազավթել են իշխանությունը»,- եզրափակեց պատգամավորը:

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ