Աշուղ Ջիվանու ծննդյան 170-ամյակը մյուս տարի կնշվի նրա ծննդավայրում նոր կառուցվելիք տուն-թանգարանում (տեսանյութեր և ֆոտոշարք)
27-07-2015 17:17:01 | Վրաստան | Մշակույթ
2016 թվականին հայ մեծանուն աշուղ Ջիվանու ծննդյան 170-ամյակը նշվելու է նրա ծննդավայրում (Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղ) կառուցվելիք տուն-թանգարանում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 25-ին հերթական «Ջիվանական օրեր» հանդիսության շրջանակներում:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված հիմնարկեքի արարողությունը սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնանքով, որի ընթացքում հիշատակի գրությամբ գլանակը տեղադրվեց տուն-թանգարանի պատի մեջ` այդպիսով ազդարարելով շինարարական աշախատանքների մեկնարկը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, տուն-թանգարանի շինարարական նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը:
Ս. Սահակյանի փոխանցմամբ` առաջիկայում աստիճանաբար կկտարավի տուն-թանգարանին անհրաժեշտ ցուցադրական նյութերի հավաքագրման, ցուցասրահի ձևավորման, կենցաղային նյութերի հայթայթման, շինարարական, ներքին հարդարման աշխատանքներ:
Ըստ նրա` թեկուզ ուշացած է Ջիվանու տուն-թանգարանի բացումը, սակայն կարևորն այն է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն սկսվել են:
«Ջավախքում ծնված մեծերից միայն Վահան Տերյանն իր ծննդավայր Գանձայում ունի տուն-թանգարան, հետևաբար «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը դեռ նախորդ տարի խնդիր էր դրել կառուցել նաև աշուխ Ջիվանու տուն-թանգարանը, որը գտնվում է նրա ծննդավայր Կարծախ գյուղում»,- նշեց Ս. Սահակյանը:
Վերջինիս կարծիքով` նմանատիպ մշակութային նախաձեռնությունների և տոնախմբությունների միջոցով ջավախահայերի կապը մայր հողի հետ ավելի կամրապնդվի, ինչն էլ կնպաստի արտագաղթի տեմպերի նվազման:
Տեղեկացվեց, որ Ջիվանու հայրական տունը, որը ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում, հիմնադրամին նվիրաբերել է Կարծախ գյուղի բնակիչ Սպարտակ Բանգոյանը, ով Ջիվանու ծոռներից է:
Ս. Բանգոյանի խոսքերով` իրենք տունը գնել են 15 տարի առաջ այն թանգարան դարձնելու նպատակով:
Ամեն տարի ջավախահայերի կողմից մեծ շուքով նշվող «Ջիվանական օրեր»-ին ներկա էին Ջավախքի շրջանների մի շարք պաշտոնատար անձինք, Հայաստանից և Թիֆլիսից ժամանած բարձրաստիճան հյուրեր, գործարարներ և բարերարներ, որոնց մասնակցությամբ տեղում իրականացվեց դրամահավաք տուն-թանգարանի շինարարական աշխատանքներին աջակցելու նպատակով: