«Ոտքի՛ Հայաստան»-ը կոչ է անում 72-ժամյա նստացույցի


«Ոտքի՛ Հայաստան»-ը կոչ է անում 72-ժամյա նստացույցի

  • 27-07-2015 17:35:20   | Հայաստան  |  Հասարակություն
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ 72-ժամյա նստացույց Երեւանի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում
 
Նստացույցի նպատակը
 
Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի ելույթից անցել է 1 ամիս, սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների կողմից բողոք առաջացրած հարցը առ այսօր որեւէ կարգավորում չի ստացել: Մասնավորապես.
 
1. Միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի բոլոր տարիների գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել:
 
2. Բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու համար միջազգային խորհրդատվական ընկերություն առ այսօր չի ընտրվել: Միայն այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝ այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որոնց ապագան մշուշոտ է: Բացի այդ, ՀԾԿՀ-ն իր որոշմամբ չի ամրագրել, որ խորհրդատվական ընկերության ընտրությանը մասնակցելու են քաղաքացիները, սակայն ամրագրել է, որ ընտրության վերջնական որոշումը ընդունելու է Կառավարության աշխատակազմը:
 
3. Օգոստոսի 1-ից սակագնի բարձրացման փոխհատուցման ուղղությամբ որեւէ քայլ չի արվել, խնդիրը կարգավորող որեւէ իրավական ակտ չի ընդունվել:
 
Այդ պատճառով «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը որոշել է Երեւանի «Հանրապետության» հրապարակում անցկացնել 72-ժամյա նստացույց՝ կրկին առաջ բերելով բոլոր այն պահանջները, որոնք ի սկզբանե առաջադրվել էին քաղաքացիների կողմից Բաղրամյան պողոտայի ակցիաների ժամանակ: Նստացույցի նպատակն է՝ իրազեկել ՀՀ քաղաքացիներին, որ խնդիրը կարգավորելու ուղղությամբ որեւէ գործնական քայլ իշխանությունների կողմից առ այսօր չի կատարվել:
 
Նստացույցի անցկացման կարգը
 
* Նստացույցը անցկացվելու է Երեւանի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում:
 
* Նստացույցի մասնակիցների թիվը առաջին 24 ժամվա ընթացքում (հուլիսի 27-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 28-ի, 18:00) չի գերազանցելու 30 հոգին, 2-րդ 24 ժամվա ընթացքում (հուլիսի 28-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 29-ի, 18:00)՝ 60
 
հոգին, իսկ 3-րդ 24 ժամը (հուլիսի 29-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 30-ի, 18:00)՝ 90 հոգին:
 
* Նստացույցը իրականացվելու է 3-ժամյա հերթափոխներով: Յուրաքանչյուր 3 ժամը մեկ, իր հերթափոխը ավարտած խումբը կազմակերպված դուրս է գալու հրապարակի կենտրոնից՝ նրան փոխարինող խումբը մտնելու է հրապարակի կենտրոն:
 
* Արեւից պաշտպանվելու Համար նստացույցի մասնակիցները օգտագործելու են անձնական հովանոցներ:
 
* Նստացույցի մասնակիցները իրենց հետ ունենալու են միայն ջուր:
* Նստացույցի վայրում տեղադրված է լինելու 3 պաստառ՝ 3x1,5 մ չափի:
 
Ոստիկանության աջակցությունը
 
Ամեն 3 ժամը մեկ, 1 րոպեով դադարեցնել հրապարակի կենտրոնին հարող փողոցի երթեւեկությունը՝ հերթափոխող խմբերի դեպի հրապարակի կենտրոն անցնելու եւ կենտրոնից հետ վերադառնալու համար:
 
Նստացույցի վաղաժամկետ դադարեցումը
 
Նստացույցը կդադարեցվի այն պահին, երբ ՀԾԿՀ-ն՝ Իրավական ակտերի մասին օրենքի 75-րդ հոդվածի պահանջների համաձայն, չեղյալ կճանաչի սակագների բարձրացման իր ընդունած որոշումը:
 
Նստացույցի հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթներին համապատասխան:
 
«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդ
Ք. Երեւան, 27 հուլիսի, 2015թ.
Նոյյան տապան  -   Հասարակություն