Մոսկվան կարող է ապակառուցողական հուն բերել Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումը. Մեկնաբան


Մոսկվան կարող է ապակառուցողական հուն բերել Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումը. Մեկնաբան

  • 03-08-2015 17:35:01   | Հայաստան  |  Վերլուծություն
 
ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանը Նյու Յորքում կարող է դառնալ Դոնեցկի երկնքում խփված մալայզիական Բոինգի գործով միջազգային տրիբունալի ստեղծման գործընթացի երկրորդ փուլը: Առաջին փուլը հուլիսի 29-ի քվեարկությունն էր ՄԱԿ անվտանգության խորհրդում, որտեղ Ռուսաստանը մնաց մենակ եւ միայն վետոյի միջոցով կարողացավ չեղարկել տրիբունալի ստեղծման որոշումը:

 

Այդուհանդերձ, տրիբունալի գաղափարի հեղինակները հայտարարել են, որ դա իրենց չի կանգնեցնի, եւ շատ հավանական է, որ նրանք հարցը փորձեն առաջ տանել Գլխավոր Ասամբլեայի միջոցով, որտեղ արդեն վետոյի արգելքի հնարավորություն չկա, եւ հարցը լուծվում է քվեարկության երկու-երրորդով: Իսկ դա ստանալը թերեւս չի հարուցի որեւէ խնդիր, եթե նկատի առնենք այն, որ մեկ տարի առաջ Ուկրաինայի՝ Ղրիմի հարցում հարցում ՄԱԿ քվեարկությանը Ռուսաստանի դիրքորոշմանը միացել էր ընդամենը 10 պետություն: Այդ թվում էր նաեւ Հայաստանը:

 

Սեպտեմբերին կայանալիք ԳԱ 70-րդ նստաշրջանը Հայաստանի համար կարող է այդ իմաստով դառնալ նոր փորձություն, եթե քվեարկության դրվի տրիբունալի հարցը: Բանն այն է, որ այս անգամ Ռուսաստանին կարող է եւ այդ տասը պետությունն էլ չմիանան, եւ միանա թերեւս միայն մեկը՝ Հայաստանը: Եթե իհարկե Երեւանը չհամարձակվի քվեարկել այնպես, ինչպես պահանջում է տրամաբանությունն ու պետության շահը:

 

Տրամաբանությունը պահանջում է ստեղծել միջազգային տրիբունալ, որը կպարզի, թե ինչ է կատարվել իրականում եւ ով է քաղաքացիական օդանավի աղետի մեղավորը, որը խլել է 298 կյանք: Նիդեռլանդների դատախազությունը արձանագրել է, որ օդանավը խփվել է այնպես, որ ոչնչացվել է ակնթարթորեն՝ անձնակազմը չի հասցրել նույնիսկ ձայն արձակել, որը կարձանգրեին սեւ արկղերը: Նիդեռլանդների քննությունն արձանագրել է, որ օդանավը խփվել է ԲՈՒԿ հրթիռով: Դրանից ունեն թե Ուկրաինան, թե Ռուսաստանը: Ուկրաինան կողմ է տրիբունալին, Ռուսաստանը՝ դեմ:

 

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ ռուսական քարոզչությունն անմիջապես հրապարակ բերեց ոչ թե ուկրաինական ԲՈՒԿ-ով խփված լինելու տարբերակը, այլ ուկրաինական ՍՈՒ-25-ով: Բայց մասնագետները բավական դյուրությամբ հերքում են այդ տարբերակը: Բանն այն է, որ ՍՈՒ-25-ը պետք է դիմահար բախման գնար Բոինգի հետ, ինչը տեսականում հնարավոր է, իսկ գործնականում՝ ոչ, հակառակ դեպքում մինչ այժմ հայտնաբերված կլիներ ՍՈՒ 25-ի գեթ մեկ բեկոր: ՍՈՒ 25-ը բոինգին քթից այլ կերպ խոցելու հնարավորություն չուներ: Իսկ խոցումը եղել է քթից, ինչպես արձանագրել է փորձաքննությունը, եւ օդանավի քիթն ակնթարթորեն անջատվել է, մնացյալ հատվածը իներցիայով շարունակել թռիչքը, եւ այդ պատճառով մյուս բեկորները գտնվել են 8 կմ հեռավորության վրա:

 

Այդպիսով, այն, որ Ռուսաստանը տրիբունալին դեմ հանդես եկող միակ պետությունն է, բավական խոսուն է տեղի ունեցածի պատկերի վերաբերյալ որոշակի եզրակացության համար:

 

Եթե հարցը ՄԱԿ ԳԱ-ում դրվի քվեարկության, ապա կառաջանա հարց Հայաստանի համար՝ թողնել Ռուսաստանին մենա՞կ, թե միանալ եւ ենթարկվել անխուսափելի «քաղաքական աղետի»: Ընդ որում, չի բացառվում, որ Մոսկվան ՄԱԿ մեկ-երկու անդամի աջակցության հարց լուծել կարողանա, բայց միեւնույն է, դրանից մենակությունը չի փոխվի, այլ գուցե ավելի կընդգծվի:

 

Տեղեկություն կա, որ Նիդեռլանդները մեկ-երկու ամիս անց կհրապարակեն վերջնական եզրակացությունը: Դա կարող է համընկնել հենց ՄԱԿ ԳԱ մեկնարկի հետ:

 

Տեղեկություն կա նաեւ, որ ԳԱ մասնակցելու նպատակով կարող է Նյու Յորք մեկնել նաեւ Պուտինը: Կմեկնի՞ արդյոք նա, եթե հստակ լինի, որ ԳԱ-ին կարող է ներկայացվել տրիբունալի հարցը:

 

Նյու Յորք պետք է մեկնի նաեւ Սերժ Սարգսյանը: Համենայն դեպս, սպասվում է, որ կմեկնի, որտեղ նաեւ կարող է տեղի ունենալ հանդիպում Իլհամ Ալիեւի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում էին կազմակերպել դա եւ հայտարարել են, որ Սարգսյանն ու Ալիեւը տվել են համաձայնություն: Հավանական է, որ Պուտինը մտադիր էր մեկնել Նյու Յորք այդ հանդիպմանը մոտ գտնվելու եւ ԱՄՆ-ին այդ հարցում շատ առաջ բաց չթողնելու նպատակով:

 

Չէր բացառվում, որ Սարգսյանն ու Ալիեւը առաջին անգամ հանդիպեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների երեք նախագահների ներկայությամբ: Թե ինչի կբերեր դա, դժվար է ասել: Պուտինի համար իհարկե դա ավ առիթ կլիներ երեւալ որպես համաշխարհային հարցերի լուծման առաջին շրջանակի խաղացող: Մոսկվային վերջին երկու-երեք տարիներին ոչ մի կերպ չի հաջողվում անգամ մոտենալ այդ շրջանակին: Նյու Յորքում Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարող էր տալ դրա հնարավորությունը: Չի բացառվում, որ Մոսկվան նույնիսկ հենց այդ հաշվարկով է համաձայնել զիջել բանակցության միջնորդական նախաձեռնությունը Վաշինգտոնին:

 

Բոինգի տրիբունալի հարցը կփոխի՞ իրավիճակը, եթե հանկարծ հայտնվի ՄԱԿ ԳԱ օրակարգում: Հարցը հետ կպահի՞ Պուտինին Նյու Յորք մեկնելուց, սպառնալով, որ մեկնումը այսպես ասած «առաջին շրջան» վերադարձի փոխարեն կավարտվի քաղաքական խոշոր պարտությամբ:

 

Եթե հարցը հայտնվեց օրակարգում, կնշանակի, որ Հայաստանի համար էլ օրակարգում է հայտնվելու պարտության մաս կազմել-չկազմելու խնդիրը:

 

Բայց, ավելի մեծ վտանգը գուցե այն է, որ Մոսկվան այդօրինակ զարգացմանն ընդառաջ կարող է փորձել ապակառուցողական հուն բերել Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումը, ինչը հնարավոր կլինի շփման գծում իրավիճակի կտրուկ սրման միջոցով: Թեեւ հնարավոր է, որ հենց դա կանխատեսելով է ԱՄՆ Հայաստանին հայտնել հրադադարը պահպանելու հարցում աջակցության հանձնառությունը:

lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն