«Հոսանքի գինն իջնելու է». Տնտեսագետ


«Հոսանքի գինն իջնելու է». Տնտեսագետ

  • 05-08-2015 17:20:14   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման համար նախանշված պատճառաբանություններից մեկը, թե Մեծամորի ատոմակայանն ավելի շատ կանգառներ է ունեցել, եւ ՀԷՑ-ը Հրազդանի ՋԷԿ-ից էր լրացուցիչ թանկ հոսանք գնել, անլուրջ է եւ իրականության հետ բացարձակ կապ չունի: ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նա վստահ է, որ հոսանքի գնի բարձրացումն այս պատճառով պայմանավորել նշանակում է ուղղակի թյուրիմացության մեջ գցել հանրությանը, քանի որ կապ չունի, թե ատոմակայանի կանգառների թիվը որքան է, կարեւորն այն է, որ 2012 թ.-ից սկսած ատոմակայանն ամեն տարի ավելի շատ հոսանք է արտադրել նախորդ տարվանից:

Եվ եթե հոսանքի գնի թանկացումը պայմանավորում են անցած տարվա կանգառներով, ապա նա նշում է, որ անցած տարի ավելի շատ հոսանք է ատոմակայանն արտադրել, քան 2013-ին, իսկ 2015-ի վեց ամսվա տվյալները գերազանցում են 2014-ի ցուցանիշները:

Հիշեցում.  ի սկզբանե հոսանքի գնի թանկացման պատճառաբանություն ներկայացվեց այն, որ ՀԷՑ-ը կուտակել է մոտ 24 մլրդ դրամ պարտք: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ե. Զախարյանը, իսկ նրանից հետո ՀԾԿՀ-ն հայտարարեցին, որ ՀԷՑ-ն այդ պարտքը կուտակել է երեք պատճառով՝ ատոմակայանի չաշխատելու, անցած տարվա սակավաջուր լինելու և բալանսային ռեժիմի խախտման: Նախարար Զախարյանը նաեւ հայտարարեց, որ ՀԷՑ-ն այս պատճառների համար պատասխանատու չէ, ուստի էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրանա:

Թվերի լեզվով բացատրեցին՝ ասելով, որ 2014թ-ի ընթացքում ատոմակայանը լրացուցիչ 88 օր չի աշխատել, և ՀԷՑ-ը նորից Հրազդանի ՋԷԿ-ից է լրացուցիչ թանկ հոսանք գնել: Բացատրեցին, որ անցած տարվա այդ պարտքերը փակելու համար էլ այսօր հոսանքի գինը բարձրացնում են:

Արտակ Մանուկյան

Արտակ Մանուկյան

Հիմա տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացնում է էլեկտրաէներգիայի արտադրության պաշտոնական վիճակագրությունն ու համեմատում.

«Այս տարվա 6 ամսվա տվյալներով արդեն իսկ երեւում է, որ ատոմակայանը 10 տոկոսով շատ է էլեկտրաէներգիա արտադրել, քան 2014 թ.-ի նույն ժամանակահատվածում: Ինչն արդեն իսկ խոսում է այն մասին, որ հաջորդ տարի արդեն իսկ 10 տոկոսով հոսանքն էժանանալու է: Այո, ատոմակայանն ամենացածր ինքնարժեքով հոսանք արտադրողն է ներկա պահին, եւ եթե փաստենք նաեւ, որ ջրառատ տարի է այս տարի, ապա միանշանակ հոսանքի գինն իջնելու է 2015-2016 սակագնային տարուց հետո: Սա ասում եմ 2016-2017 թթ.-ի համար:

Снимок

Հիշում ենք, որ հոսանքի գնի թանկացման համար ներկայացվող պահանջներից մեկն այն էր, որ ատոմակայանն ավելի շատ կանգառի օրեր է ունեցել, հիմա երբ որ մենք նայում ենք, պաշտոնական վիճակագրության մեջ տեսնում ենք, որ ատոմակայանը նախորդ տարվա համեմատ ավելի շատ հոսանք է արտադրել, եւ կանգառների թիվը ոչնչով չի ազդել ատոմակայանի կողմից արտադրած էլեկտրաէներգիայի ծավալների վրա: Երբ ներկայացնում են, որ 2014-ին կանգառներ է եղել, այստեղ նկատելի է, որ կանգառներով հանդերձ նույն 2014-ին ավելի շատ հոսանք է արտադրվել, քան 2013-ին, իսկ 2015-ին ավելի շատ է արտադրվում, քան 2014-ին:

Շատ է արտադրել ու վերջ, ի՞նչ կապ ունի կանգառների թիվը, իրենց արդարացումը՝ 88 օր կանգառ եւ այլն, անհիմն է, թվերը հստակ ցույց են տալիս, որ ատոմակայանն ամեն տարի շարունակաբար ավելի շատ է հոսանք արտադրել, ինչը նշանակում է, որ իրենց ասած պատճառաբանությունը լուրջ չէ»:

Տնտեսագետը եզրակացնում է՝ նորից բարձր մակարդակով խաբում են հանրությանը. կամ պաշտոնական վիճակագրությամբ են խաբում՝ ցույց տալու համար, որ աճ են ապահովել, կամ խաբում են հոսանքի գնի թանկացման համար պատճառաբանություններ հորինելով:

Իսկ լավագույն տարբերակն, այն է, որ նախարարն ու ՀԾԿՀ-ն չեն տիրապետում իրականությանը եւ ինքնանպատակ հայտարարություններ են անում:

 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ