Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնած «Աջակցություն ընտանիքներին» ծրագիրը<br />


Մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնած «Աջակցություն ընտանիքներին» ծրագիրը

  • 08-12-2010 14:14:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ սկսեց «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի իրականացումը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանյան թեմերի առաջնորդների օրհնությամբ, ըստ կազմված ժամանակացույցի, քահանաների այցելություններ իրենց հովվության ներքո գտնվող դպրոցներ, որտեղ մանկավարժների եւ ծնողների հետ հանդիպումների ընթացքում հոգեւոր հայրերը կխոսեն ընտանիքի, իբրեւ հասարակության հենք, արդի հիմնախնդիրների, քրիստոնեական ընտանիքի առողջացման անհրաժեշտության մասին` անդրադառնալով Հայ Եկեղեցու արժեհամակարգի եւ ընտանեկան ավանդույթների պահպանման հարցերին: Դպրոցներին եւ ծնողներին կտրամադրվի նաեւ թեմատիկ հոգեւոր գրականություն: Ծրագրի մեկնարկից առաջ դեկտեմբերի 6-8-ին Ծաղկաձորի Կեչառիս համալիրում ծխական քահանաների մասնակցությամբ տեղի է ունեցել բովանդակային եւ մեթոդական բնույթի դասընթաց, որին բանախոսությամբ հանդես են եկել Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կրթության գերատեսչության եւ ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ եւ այլոք: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, ծրագրի հաջորդ փուլը կյանքի կկոչվի 2010-2011 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:
Նոյյան տապան  -   Հասարակություն