Ավարտել է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության բանակցային գործընթացը


Ավարտել է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության բանակցային գործընթացը

  • 07-12-2010 18:26:22   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր (07.12.2010թ.) Ժնեւում (Շվեյցարիայի Համադաշնություն) տեղի է ունեցել Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության Պետական Գնումների Կոմիտեի պաշտոնական նիստը: Նիստը նվիրված էր ԱՀԿ Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցին: ԱՀԿ Պետական Գնումների կոմիտեն, միաձայն որոշում է ընդունել Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին: Կայացված որոշման առիթով առանձին ելույթով հանդես է եկել ԱՀԿ Գլխավոր Տնօրեն պարոն Պասկալ Լամին: Ողջունելով Հայաստանի անդամակցությունը նշված համաձայնագրին, ԱՀԿ Գլխավոր տնօրենը ընդգծել է Հայաստանի իշխանությունների կողմից պետական կառավարման, մասնավորապես պետական գնուումմերի ոլորտում իրականացվող քաղաքականության համարժեքությունը ԱՀԿ հիմնարար սկզբնունքներին, ինչն ապացուցվում է Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության փաստով: Հանձնաժողովի նիստին մասնակցելու եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման նպատակով դեկտեմբերի 5-11-ը Շվեյցարիայի Համադաշնություն են գործուղվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության եւ միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման եւ բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը: Լրացուցիչ տեղեկատվություն 2003 թվականին Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի շրջանակներում ՀՀ-ը ստանձնել է ԱՀԿ Պետական գնումների մասին համաձայնագրին անդամակցելու պարտավորություն: Համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցը ամրագրված է նաեւ ԵՄ-Հայաստան Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման բանակցությունների նախապատրաստական գործընթացում: Համաձայնագրին անդամակցության գործընթացը սկսվել է 2009 թվականին: Համաձայնագրին միանալու ընթացիկ աշխատանքները, ինչպես նաեւ ամբողջ բանակցային գործընթացն իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ ֆինանսների նախարարությունների աշխատակիցներից կազմվել է աշխատանքային խումբ, որն իրականացրել է մեծածավալ եւ աննախադեպ աշխատանքներ: Մասնավորապես` Համաձայնագրին ՀՀ անդամակցության շրջանակներում նախ պատրաստվել եւ ԱՀԿ քարտուղարությանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության նախնական առաջարկի (Initial Offer) փաթեթը: Այնուհետեեւ, 2009թ. դեկտեմբերին, 2010թ. փետրվարին, հուլիսին եւ հոկտեմբերին ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ԱՀԿ Պետական գնումների Հանձնաժողովի նիստերին, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ բանակցությունների արդյունավետ փուլեր է անցկացրել ԱՀԿ անդամ մի շարք երկրների պատվիրակությունների հետ` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Շվեյցարիայի Համադաշնություն, Եվորպական Միություն, Ճապոնիա, Նորվեգիա, Սինգապուր, ինչպես նաեւ ԱՀԿ Պետական Գնումների մասին համաձայնագրի անդամ այլ երկրների հետ (ԱՀԿ Պետական Գնումների մասին համաձայնագրի անդամ են հանդիսանում ԱՀԿ 153 անդամ-երկրներից միայն 40-ը, իսկ 23-ը ունեն դիտորդի կարգավիճակ), որոնց ընթացքում քննարկվել են ՀՀ կողմից ԱՀԿ քարտուղարություն ներկայացված առաջարկի փաթեթը, այնուհետեւ նաեւ դրա վերանայված տարբերակները, պատվիրակությունների կողմից բարձրացված հարցերը, առաջարկություններն ու նկատառումները, ինչպես նաեւ Պետական գնումների ոլորտում ՀՀ օրենսդրությունը` ԱՀԿ Պետական գնումների մասին համաձայնագրի դրույթներին համապատասխանության տեսանկյունից: Բանակցային գործընթացում Հանձնաժողովի նախագահի, անդամների եւ երկրների պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաեւ ԱՀԿ գլխավոր տնօրեն Պասկալ Լամիի կողմից շատ բարձր է գնահատվել Հայաստանի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը եւ բազմիցս նշվել է, որ Համաձայնագրին ՀՀ անդամակցության գործընթացը ժամանակային առումով կլինի աննախադեպ, իսկ անդամակցության նման նպատակաուղղված գործընթացը կդառնա մոդել բոլոր մնացած երկրների համար: Բանակցային գործընթացի նախորդ ամփոփիչ փուլի ընթացքում ՀՀ պատվիրակությունը երկկողմ ձեւաչափով բանակցությունների եւ Հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացրել է Հայաստանի վերջնական վերանայված առաջարկի նախագիծը (Final Revised Offer): Հաստատելով այն եւ նշելով, որ բանակցությունները կարող են համարվել ավարտված, Հայաստանի անդամակցության հարցը ներառվել է Հանձնաժողովի դեկտեմբերի 6-ից 10-ը կայանալիք նիստի օրակարգում: Դեկտեմբերի 7-ին ԱՀԿ Պետական Գնումների կոմիտեն, միաձայն որոշում է ընդունել Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն