Պերմյակովը 10 օրից կարող է հայտնվել Ռուսաստանում.Մեկնաբան


Պերմյակովը 10 օրից կարող է հայտնվել Ռուսաստանում.Մեկնաբան

  • 13-08-2015 17:38:41   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել դասալքության, զենքի հափշտակության եւ անօրինական կրման մեղադրանքով:

 

Դատական նիստը կայացել է Հարավային օկրուգի դատարանում ընդամենը 1 օրում: Վերջին խոսքում Վալերի Պերմյակովն ընդունել է մեղքը եւ հայտարարել, որ պատրաստ է կրել պատիժը:

 

Որտե՞ղ է Պերմյակովը կրելու պատիժը: Ռուսական օրենքների համաձայն՝ ռուսական բանտերից մեկում: Պերմյակովի դատավճիռն ուժի մեջ է մտնելու 10 օրից, եւ դա նշանակում է, որ եթե նա չբողոքարկի, 10 օրից կարող է հայտնվել Ռուսաստանում:

 

Ավետիսյանների սպանության գործը փոխանցվել է հայկական կողմին, եւ բոլորը սպասում են, որ շուտով հայկական կողմին կփոխանցեն նաեւ Պերմյակովին: Ռուսաստանի Սահմանադրությունն արգելում է իր քաղաքացու փոխանցումը երրորդ երկրի արդարադատությանը, եթե նա նույնիսկ այնտեղ է կատարել հանցագործությունը: Սակայն եթե գլխավոր մեղադրյալ Պերմյակովը չլինի, ապա օրենքի համաձայն, Հայաստանում դատաքննություն չի կարող լինել:

 

Հայկական դատարանը կամ պետք է Ռուսաստան գնա Պերմյակովին հարցաքննելու, կամ էլ սպասի, մինչեւ ավարտվի նրա պատժաժամկետը խիստ ռեժիմի գաղութում: Այն, որ Գյումրիում դատն ընդամենը 1 օրում է անցկացվել, խոսում է արագ որոշում ընունելու անհրաժեշտության մասին, որպեսզի Պերմյակովին Հայաստանից դուրս բերելու հիմքեր լինեն:

 

Եթե նա մնա ռուսական բազայում, ապա հայկական կողմը ցանկացած պահի կարող է պահանջել, որպեսզի թույլ տան նրա մոտ գնալ: Եթե նրան տեղափոխեն Ռուսաստանի տարածք, հայկական դատարանը Պերմյակովին պահանջելու հիմքեր չի ունենա, իսկ Ռուսաստանը չի խախտի իր Սահմանադրությունը:

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն