Ոորքան շատ զանգված դուրս գա, այնքան ճնշումն ավելի մեծ կլինի և կհասնենք արդյունքի.«Ոչ թալանին»


Ոորքան շատ զանգված դուրս գա, այնքան ճնշումն ավելի մեծ կլինի և կհասնենք արդյունքի.«Ոչ թալանին»

  • 15-08-2015 16:35:14   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
Լրագրի  զրույցակիցն է «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը

 

«Ոչ թալանին» նախաձեռնությունն սկսում է ավելի ակտիվ ու գործնական փուլ։ Արդյոք Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, ըստ որի կառավարությունը չի սուբսիդավորի խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ 6,93 դրամը, անակնկալ էր Ձեզ համար և ապացուցվեց, որ այս ամիսներին փափուկ բա՞րձ են դրել ժողովրդի գլխի տակ:

 

Եթե անկեղծ, ապա որպես այդպիսին անակնկալ չէր: Պարզապես, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ նրանք օդի մեջ կրակեցին հայտարարություն աուդիտի հետ կապված, որպեսզի հետո ունենան հնարավորություն ամեն ինչ պտտել ու իրենց ավելի հարմար տարբերակ փորձել առաջ քաշել:

 

Հիմա այս հայտարարությանն ի՞նչ գործողություններ կարող են հաջորդել: Դուք հայտարարել եք, որ կոշտ եք տրամադրված և պայքարը շարունակելու եք: Կարծում եք այս անգամ ևս հանրային մեծ մոբիլիզացիա տեղի կունենա՞:

 

Կարծում եմ՝ այո, որովհետև շատ-շատ մարդիկ ասել էին և ընթացքում էլ հայտարարել էին, որ ցանկացած պահի, երբ կտեսնեն ապօրինություն, երբ կտեսնեն, որ փորձում են խաբել ժողովրդին, դուրս կգան փողոց: Այս դեպքում արդեն ակնհայտ է, բոլորն էլ գիտակցում են, որ խոշոր բիզնեսին չսուբսիդավորելը, նաև փոքր ու միջին բիզնեսի սուբսիդավորման շուրջ անորոշությունը, բնականաբար բերելու է նրան, որ սկսվելու են հերթական թանկացումները: Ես չեմ կարծում, որ մարդիկ դա կհանդուրժեն:

 

Կարծում եք Բաղրամյան պողոտայում ծավալված շարժումից հետո մենք ավելի գիտակից, ավելի կազմակերպվա՞ծ հասարակություն ունենք, որը ցանկացած պահի կարող է նորից ինքնակազմակերպվել:

 

Կարծում եմ՝ այո: Որոշ չափով մեր հասարակությունը քաղաքացիական գիտակցության բարձրացման կարիք դեռ ունի, բայց Բաղրամյանի պայքարից հետո շատերի մոտ այդ գիտակցության աստիճանն ավելի բարձրացավ: Հիմա պետության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման չսուբսիդավորելը մինուս աստիճանում գտնվող մեր տնտեսությանը վերջնականապես անդունդը կգլորի:

 

Վերջին շրջանում անակնկալ էր «Ոչ թալանին» շարժումից Վաղինակ Շուշանյանի հեռանալը: Ձեր կարծիքով դրանից շարժումը կթուլանա՞, թե՞ ոչ, հաշվի առնելով, որ նա շարժման առաջատարներից մեկն էր:

 

Կարծում եմ ամեն ինչ նորմալ է, մեզ դա որևէ կերպ չի թուլացնում: Շարժումը լքելը չի նշանակում պայքարը լքել: Վաղինակը հայտարարել է, որ ցանկացած տեղ, որտեղ կտեսնի խնդիր, դուրս կգա պայքարի և կլինի իր ընկերների կողքին, անկախ նրանից՝ նախաձեռնության անդամ է, թե ոչ: Մենք չենք մտածում, որ թուլացել ենք և շարունակում ենք մեր աշխատանքը:

 

«Ոտքի Հայաստան» շարժումը պայքարը շարունակեց Ազատության հրապարակում, ապա նաև նստացույց հայտարարեց: Նրանք նաև ընդդիմադիր քաղաքական ուժերին են կոչ անում էներգետիկ ոլորտում բացահայտ չարաշահումների հետ կապված փողոց դուրս գալ: Ինչպիսին է Ձեր կարծիքը նրանց գործողությունների վերաբերյալ և ինչու այդպես էլ չմիացաք նրանց:

 

Նրանց չմիանալու պատճառն այն էր, որ մենք այլ հարթությունում մեր խնդիրը տեսանք: Երբ մենք դուրս եկանք, մտածում էինք, որ հայտարարված աուդիտը կայանալու է, այսինքն որոշ ժամանակ մենք պայքարի այլ հարթությունում էինք, նաև հետագա պայքարի ճիշտ կառուցման համար: Նաև տեղեկատվության խնդիր ունեինք, որովհետև մեզնից ոչ մեկը մասնագետ չի: Պայքարի հետ կապված կարծիք չեմ ասի, որովհետև կա նախաձեռնություն, կա համակարգող խումբ, որը տանում է իր պատկերացրած գաղափարներով պայքարը: Դրա վերաբերյալ թույլ տվեք կարծիք չհայտնել: Միանալու հարցով էլ մենք բազմիցս հայտարարել ենք, որ ցանկացած պահի, երբ կլինի պայքար, որտեղ գաղափարապես կտեսնենք մեր դերը, և պայքարի ընտրած ձևը կհամարենք ճիշտ, խնդիր չենք տեսնում միանալու պայքարին:

 

Քաղաքացիական անհնազանդությամբ այս պահին հնարավոր կլինի՞ կառավարությանը ստիպել հետ կանգնել իրենց որոշումներից։

 

Մենք բոլորս բազմիցս տեսել ենք, որ միայն մեծ թափով քաղաքացիական անհնազանդությամբ կարելի է խնդիրներ լուծել։ Եվ որքան շատ զանգված դուրս գա, այնքան ճնշումն ավելի մեծ կլինի և կհասնենք արդյունքի։

 

Եվ այդ պայքարում ձեզ չե՞ք պատկերացնում քաղաքական որևէ ուժի հետ համագործակցության դաշտում։

 

Ինչպես նախորդ մեր բոլոր միջոցառումների՝ երթերի, ցույցերի, նստացույցերի, ժամանակ քաղաքական տարբեր ուժերից միշտ էլ ունեցել ենք թե աջակցություն՝ լինի թևկապերի տեսքով, ֆիզիկապես ներկա գտնվելով։ Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր կուսակցական պատկանելիությունից կարող է մասնակցել մեր հավաքներին, բայց միայն որպես ՀՀ քաղաքացի, այդ մասով մեզ մոտ ոչինչ չի փոխվել։ Յուրքանչյուր ՀՀ քաղաքացի հոսանք է սպառում և սակագնի թանկացումը նաև իրեն է վերաբերում և նա կարող է գալ ու ներկա լինել բողոքի ակցիաներին։

 

Իսկ «Ոչ թալանին» նախաձեռնությունը կարո՞ղ է բացի էլեկտրաէներգիայի թանկացման խնդրից, այլ պահանջերով նույնպես փողոց ելնի, այդ թվում սահմանադրական փոփոխությունների հարցով։

 

Իհարկե։ Նախ մեր անվանումը՝ «Ոչ թալանին», արդեն հուշում է, որ որտեղ էլ տեսնենք թալան, բնականաբար դուրս ենք գալու և փորձելու ենք կանխել։ Դա վերաբերում է նաև սահմանադրական փոփոխություններին, որի շուրջ եղել են քննարկումներ, մենք մասնակցել ենք։ Հետագայում նաև հայտարարության տեսքով դիրքորոշում կարտահայտենք։

 

«Ոչ թալանին» նախաձեռնության վերջին համեմատաբար հանդարտ փուլը, երբ ձեր հանդիպումներ էիք ունենում մասնագետների հետ, հարցադրումներով դիմում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ի՞նչ արդյունք տվեց։

 

Նախ տվեց որոշակի տեղեկատվություն։ Մենք, բնականաբար, ավելի շատ ունեինք տեղեկատվության կարիք, բայց չտրամադրվեց, շատ դեպքերում թերի տրամադրվեց, բայց բոլոր դեպքերում տեղեկատվությամբ զինված լինելը շատ կարևոր էր։

 

Պայքարի առաջին օրերին խոսում էին այն մասին, որ երիտասարդները շատ էմոցիոնալ են, անկեղծ են, բայց պրոֆեսիոնալիզմի բաց կա, ծրագիր ու գործողությունների պլան չկա։ Այս անգամ ավելի կազմակերպվա՞ծ կլինի ձեր նախաձեռնությունն ու պայքարը։

 

Բնականաբար, սխալների վրա սովորում են, մեզնից ոչ մեկը ոչ քաղաքագետ է, ոչ քաղաքական գործիչ։ Մենք ՀՀ քաղաքացիներ ենք և չունեինք նման փորձ և բնականաբար, որոշակի հարցերում կարող էինք թերանալ։ Հիմա արդեն հետագա պայքարը կառուցելուց, բնականաբար, արդեն հաշվի ենք առնելու նախկինում արած սխալները։ Մենք շարժումը կազմակերպելիս հաշվի էինք առել մինչ այդ տեղի ունեցած շարժումների հաջողությունները, ձախողումները, թերությունները։ Հիմա էլ, նախորդների վրա հիմնված փորձելու ենք ավելի ճիշտ կառուցել մեր պայքարը։

 

Դեռ շաբաթներ առաջ հայտարարում էիք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը մեծ հանրահավաք է անցկացնելու։ Արդեն նախանշվո՞ւմ է, թե երբ կլինի այդ մեծ հանրահավաքը։

 

Այս պահին նախանշում ենք միայն սեպտեմբերի 1-ին ժամը 16.00-ի Սիրահարների այգում հանդիպումը, որտեղ կլսենք իրար, կարծիքներ կփոխանցենք իրար, կքննարկենք որոշակի քայլեր։ Իսկ հետագա քայլերի հետ կապված մենք միշտ տեղեկացնում ենք մեր կայքի միջոցով։ Մարդիկ այնտեղից կարող են տեղեկանալ թե մեր քայլերի, թե հայտարարությունների, թե նամակների ու դրանց պատասխանների հետ։

 

Կարծում եմ՝ Բաղրամյանի պայքարը տարբեր մարդկանց տարբեր բան տվեց, բայց եթե գլոբալ առումով նայենք, տվեց քաղաքացիական գիտակցություն, ինքնավստահություն։ Բաղրամյանում մեկ անգամ եղած մարդը հաստատ շատ ավելի վստահ դարձավ իր ուժերի վրա, որ ինքը կարող է ինչ-որ բան փոխել։ Ինձ համար հիմնական ու կարևոր բաները դրանք էին, որ տվեց Բաղրամյանի պայքարը։

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ