Այժմ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար առավել վստահելի է ու մոտ, քան Ռուբեն Հայրապետյանը. Մեկնաբան


Այժմ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար առավել վստահելի է ու մոտ, քան Ռուբեն Հայրապետյանը. Մեկնաբան

  • 21-08-2015 18:20:06   | Հայաստան  |  Վերլուծություն
 
ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը դժգոհում է իր հանդեպ «անբարո» քայլերից, բայց առայժմ տալիս է թերեւս միայն մեկ կոնկրետ անուն՝ Գագիկ Ծառուկյան: Աղաբաբյանը հեգնանքով նկատել էր, թե Գագիկ Ծառուկյանն ըստ երեւույթին մնացել էր իր տոնավաճառի հույսին, որի աշխատակիցներին Ծառուկյանը «փախցրեց» Առինջ Մոլ՝ նրանց տալով երեք տարի անվճար տեղի հնարավորություն:

 

Աղաբաբյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներում հետաքրքրական է հարցը, թե արդյոք այդ ամենը զուտ անձնական խնդիր է, թե այդուհանդերձ առկա են համակարգային պատճառներ: Բոլոր դեպքերում, ընթացող զարգացումները վկայում են, որ տեղի ունեցողի համակարգային դրսեւորումները կարծես թե ակնառու են: Այլ հարց է, թե որքանով են դրանք պատճառ կամ հետեւանք:

 

Աշոտ Աղաբաբյանը սնանկացման եզրին է եւ հավանական է, որ նրա «ունեցվածքը» կվերաբաշխվի: Համենայն դեպս, տոնավաճառն, օրինակ, փաստացի անցավ Գագիկ Ծառուկյանին: Ու՞մ կանցնի, օրինակ, Հրազդան մարզադաշտը: Արդյոք այն նույնպես Ծառուկյանին կանցնի: Դա կլինի տրամաբանական, նկատի ունենալով Ծառուկյանի «մասնագիտացումը» սպորտի բնագավառում: Հրազդան մարզադաշտը կարող է դառնալ ասենք «օլիմպիական» մարզադաշտ, որտեղ կանցկացվեն ասենք Եվրոպայի օլիմպիական խաղեր:

 

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն հաճույքով կհամաձայնի Երեւանի հայտին, քանի որ Եվրոպայի օլիմպիական խաղերը մի միջոցառում են, որոնց անցկացման պահանջարկ պարզապես չկա: 2015-ի համար, օրինակ, միայն Բաքուն էր ներկայացրել անցկացման հայտ: Հաջորդ խաղերի անցկացման վայրի խնդիրը մնում է բաց եւ եթե «պարապ» որեւէ երկիր հայտ չներկայացնի, ապա խաղերը կարող են նույնիսկ ենթարկվել անորոշ պարապուրդի:

 

Բայց, ստադիոնի հանդեպ կարծես թե հավակնություն ունի նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջին մեկ-երկու տարում Հայրապետյանը նույնիսկ «քաղաքացիական արշավ» նախաձեռնեց Աղաբաբյանի դեմ, ինչը սակայն չհանգեց սեփականատիրոջ փոփոխության:

 

Ներկայում իրավիճակը կարծես թե այլ է, բայց կարծես թե այլ են նաեւ Հայրապետյանի դիրքերը: Տպավորություն է, որ այժմ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար առավել վստահելի է ու մոտ, քան Ռուբեն Հայրապետյանը: «Էյր Արմենիայի» սեփականատիրոջ հանդեպ բռնությունից հետո զարգացումը առաջ է բերում ուշագրավ հարցեր: Բանն այն է, որ թեեւ ծեծված սեփականատերը ընդունել է Հայրապետյանի հաշտությունը, այդուհանդերձ բաց է առանցքային խնդիրը՝ պարտքի հարցը, որի համար Հայրապետյանի թիկնազորը ծեծել էր ավիաընկերության սեփականատիրոջը:

 

Ի վերջո, այդ դրվագում առանցքայինը հենց այդ հարցն էր: Ռուբեն Հայրապետյանը պահանջել էր փողը, ընդ որում իրավաբանորեն այդ պարտքը իրեն չէր պատկանում, բայց այն ստանալու համար դիմել էին հենց իրեն: Եվ այդ իմաստով, համակարգի հարաբերությունների ներքին տրամաբանությամբ, առանցքայինը այն է, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը ստացել է պարտքը:

 

Իսկ այդ հարցն անորոշ է: Ընդ որում, ավելի հավանական է, որ պարտքը չի ստացվել, եւ այդ հիմքով էլ կայացել է հաշտությունը՝ Ավետիսյանը հրաժարվում է բողոքից, Հայրապետյանն էլ հրաժարվում է պարտքի ոչիրավական գանձումից:

 

Ստացվում է, որ հանրային մակարդակում տեղի տվողը Ավետիսյանն է, բայց ներիշխանական մակարդակում՝ Հայրապետյանը, որը փաստորեն չի կարողացել պարտադրել վճարել պարտքը: Իսկ դա նշանակում է, որ կարող է հարվածի տակ հայտնվել Հայրապետյանի ներիշխանական դիրքն ու համբավը: Իսկ այդպիսի զարգացումը չի կարող լինել առանց Սերժ Սարգսյանի միջամտության, ինչն էլ հավանական է դարձնում այն, որ Սարգսյանը իր մերձավոր օլիգարխիկ շրջապատում գուցե գնում է որոշակի փոխատեղման եւ Գագիկ Ծառուկյանը մոտ է բերվում, իսկ Հայրապետյանը՝ հեռացվում:

 

Ուշագրավն այն է, որ երբ օրինակ 2008 թվականին հայտնի քաղաքական իրադարձությունների հետեւանքով խլում էին Սուքիասյանների ունեցվածքը, այն բաժին էր հանվում Ռուբեն Հայրապետյանին: Այն ժամանակ հենց նա էր նոր նախագահ դարձող Սերժ Սարգսյանի ամենամերձավոր ու վստահելի օլիգարխը:

 

Աղաբաբյանի ունեցվածքի վերաբաժանման գործընթացի մոտիվներն իհարկե անհամեմատելի են 2008-ի հետ, դրանք ապաքաղաքական են, բայց դատելով նրանից, որ այս դեպքում գլխավոր շահառուի ամենահիմնական հավակնորդը Գագիկ Ծառուկյանն է, պետք է ենթադրել, որ այժմ Ծառուկյանն է Սերժ Սարգսյանի վստահելին: 2015-ի փետրվարին նրան քաղաքականությունից հեռացնելու կոշտ ակտից հետո, Սերժ Սարգսյանը մասնակցել է Ծառուկյանի հետ տնտեսական մտերմության մի շարք ակցիաների:

lragir.am

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն