ՀՀ բնապահպանության նախարարն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն


ՀՀ բնապահպանության նախարարն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

  • 26-08-2015 11:36:01   |   |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
 
Նախագահ Բակո Սահակյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ այս այցելությունը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Արցախի միջև բնապահպանական ոլորտում համագործակցությունն ավելի սերտացնելու համար, մասնավորապես նշելով. ՀՀ բնապահպանության նախարարությունը հաջողված քայլեր է ձեռնարկում միջազգային մի շարք բնապահպանական կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ և այդ կազմակերպությունների հովանու ներքո իրականացվող ծրագրերում ակնկալում է տեսնել ԼՂՀ համապատասխան կառույցի ակտիվ մասնակցությունը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Կոմիտաս Կարապետյանը:
 
Ոլորտային քննարկումները շարունակվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում:
 
Ողջունելով հյուրերին՝ Ա. Աղաբեկյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ՝ բնական ռեսուրսների պահպանության և շահագործման առումով: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումներն առաջիկայում տալու են իրենց դրական արդյունքները: Փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը Արամայիս Գրիգորյանին է հանձնել ԼՂՀ վարչապետի հուշամեդալը, որը նրան շնորհվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևատրման համար՝ Արամայիս Գրիգորյանը վստահեցրել է, որ այսուհետ ևս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան կառույցի հետ ավելի կընդլայնեն համագործակցությունը՝ օրենսդրական դաշտի բարելավման, տեսչական ստուգումների իրականացման և լաբորատոր աշխատանքների կազմակերպման ուղղություններով:
 
Հանդիպման ավարտին Արամայիս Գրիգորյանը փոխվարչապետին է հանձնել Հայաստանի Հանրապետության բույսերի և կենդանիների կարմիր գիրքը: Իր հերթին փոխվարչապետը հյուրերին է նվիրել արցախցի մեղվաբույծների արտադրանքը, որի անհատական փաթեթավորումն իրականացնում է «Արցախ մեղր» ընկերությունը:
 
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play