«Հարկավոր է բիզնես աշխարհի կյանքը դյուրացնել».Վարչապետ


«Հարկավոր է բիզնես աշխարհի կյանքը դյուրացնել».Վարչապետ

  • 10-09-2015 16:20:59   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
 
Մինչ օրակարգին անցնելը վարչապետը շնորհավորել է  Արփինե Հովհաննիսյանին Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: 
Այնուհետև վարչապետը ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարներից հետաքրքրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվության ընթացքի վերաբերյալ:
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմա¬նավորված են ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. 9 ամսում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ  պետք է ընդառաջել յուրաքանչյուր հարցի, որն օգնում է բիզնեսի զարգացմանը, տնտեսության ակտիվացմանը: 
Կառավարության նիստում ընդունվել է  «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2016» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կիրառության մեջ դնելու մասին» որոշում: Ըստ այդմ, կիրառության մեջ են դրվելու ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2016» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը: 
           Գործադիրն ընդունել է  2010 թվականի հոկտեմբերի     14-ի «Առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնների, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատելու մասին     որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին»  որոշում: Որոշման նպատակն է առավել ընդգրկուն դարձնել երկաթուղու առավել  վտանգավոր  գոտիներում  քաղաքացիների գտնվելու և նրանց կողմից երկաթուղային գծերով երթևեկության ու երկաթուղային գծերի անցման սահմանված կանոնները: Անդրադառնալով սույն որոշմանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է. « Ընդհանրապես ուշադիր պետք է լինենք որևէ լրացուցիչ ծանրություն, բեռ, խոչընդոտ չստեղծենք գործարար աշխարհի համար: Դա հիմք ընդունեք, և դա վերաբերում է բոլորին: Եթե մենք, այս պայմաններում մինչև այսօր հանդուժել ենք, ապա ինչն է պատճառը, որ մենք այժմ գնում ենք ավելի խստացման: Դա ինձ համար անհասկանալի է: Այսօրվա տնտեսական պայմաններում հարկավոր է տնտեսվարողների բեռն  ավելի թեթևացնել, հնարավորություններն ավելի մեծացնել, բիզնես աշխարհի կյանքը դյուրացնել: Յուրանաքչյուր գերատեսչություն ցանկանում է իր ներկայությունը ևս մեկ անգամ հաստատել: Ամեն դեպքում, մինչև մանրամասն չզեկուցեք, սա չեմ հաստատելու»: 
 
 
Կլուծվեն մեծ թվով քաղաքացիների բնակարանային խնդիրները
 
ՀՀ կառավարության որոշմամբ «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ին ՀՀ պետբյուջեից կտրամադրվի 10 մլն  ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բյուջետային վարկ: Նշված գումարն ուղղվելու է «Հին Երևան» ծրագրի իրականացմանը: Անդրադառնալով  հարցին Հովիկ Աբրահամյանը  տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում մեծ թվով քաղաքացիների և շինարարի միջև առաջացել են բնակարանային խնդիրներ և այժմ փորձ է արվում դրանց լուծում տալ: Կարևորելով «Հին Երևան» ծրագրի իրականացումը՝ վարչապետը նշել է, որ ծրագրի կյանքի կոչման համար կառավարությունն այս քայլով աջակցում է ընկերությանը: 
ՀՀ մարզերում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ օբյեկտների գույքագրման աշխատանքները` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց շենք–շինությունների հետագա քայքայումը կանխելու  և դրանց շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  Այդ նպատակով նախատեսվում է  կիսակառույցների շինարարության  ավարտման և հետագա օգտագործման ծրագրի մշակում: ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կատարված համապատասխան   ուսումնասիրությունների (230 կիսակառույց օբյեկտ) ընթացքում  պարզվել է, որ շինությունները հիմնականում գտնվում են  անմխիթար վիճակում և դրանց նկատմամբ հետագա միջամտություն իրականացնելու համար անհրաժեշտ է իրականացնել կոնստրուկտիվ  տարրերի տեխնիկական հետազննություն: Այս կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրի մշակմամբ  ակնկալվում է` բնակավայրերի քաղաքաշինական բնութագրերի բարելավում, սոցիալական բնակարանների ապահովում:
Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և շարժական գույքի օտարման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունված որոշումներից մեկում: Ըստ այդմ, հնարավոր կլինի ոչ մեծ արժեք ունեցող շարժական, ինչպես նաև օգտահանված (ապամոնտաժված) գույքի օտարման գործընթացը կազմակերպել ավելի պարզ ընթացակարգով և ժամկետային առումով՝ ավելի արագ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play