Մեկնարկել է «.հայ» ինտերնետային տիրույթում հայատառ դոմենի գրանցման հայտերի ընդունման առաջին փուլը (տեսանյութ)


Մեկնարկել է «.հայ» ինտերնետային տիրույթում հայատառ դոմենի գրանցման հայտերի ընդունման առաջին փուլը (տեսանյութ)

  • 10-09-2015 17:45:13   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Ի ուրախություն հայ հասարակության` սեպտեմբերի 1-ից սկսվել է  «.հայ» ինտերնետային տիրույթում հայատառ դոմենի գրանցման համար հայտերի ընդունման առաջին փուլը, որը տևելու է  շուրջ երեք ամիս:
 
Ինչպես սեպտեմբերի 10-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված կլոր սեղանի ժամանակ տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն» վարչության անդամ Լիաննա Գալստյանը,  այս փուլը կոչվում է առաջնահերթության գրանցման փուլ, որին իրավունք ունեն  մասնակցելու միայն ֆիրմային ապրանքանիշեր ներկայացնող ընկերությունները: 
Ըստ նրա` հայտերի ընդունման փուլին հաջորդելու է դրանց ուսումնասիրման և  գրանցման գործընթացը:  
Լ. Գալստյանի փոխանցմամբ` հաջորդ տարվա սկզբին Հայաստանը կունենա հայատառ ինտերնետ տիրույթ: 
«Բավականին երկար ժամանակ քննարկվում էր ազգային լեզվով դոմեն ունենալու հարցը, և այն երկրները, որոնք որոշեցին ունենալ իրենցը, ստեղծվեց տեխնիկական հնարավորություն այլ լեզուներով դոմենային տիրույթներ ևս գրանցելու համար»,- ասաց Լ. Գալստյանը և հավելեց, որ հայատառ լինելու է ինչպես  «.հայ»-ը, այնպես էլ դրանից ձախ հատվածում հավաքվող հասցեն ամբողջությամբ:
Նրա տեղեկացմամբ` հայատառ դոմենի օգտագործման դեպքում միակ խնդիրը կապված է «և» տառի հետ, որը համարվում է անթույլատրելի սիմվոլ, քանի որ չունի համապատասխան մեծատառ, իսկ ICANN-ի պահանջն է` բոլոր տառերը պետք է ունենան մեծատառ և փոքրատառ,  ուստի «և»-ի պարագայում «ե»-ի հետ օգտագործվելու է «ւ» (վյուն) մասնիկը:
Ասիական, ավստրալիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ICANN-ի At-Large կազմակերպության նախագահ Սիրանուշ Վարդանյանի կարծիքով` հայատառ դոմենային տիրույթ ունենալը նպաստելու է ոչ միայն ազգի ու հայոց լեզվի պահպանմանը և զարգացմանը, այլև ամրապնդելու է Սփյուռքի կապը Հայաստանի հետ: 
Նրա գնահատմամբ` Հայկական ինտերնետ կառավարման առաջին համաժողովը, որը  Երևանում անցկացվեց սեպտեմբերի 7-8-ին, կարևոր գործընթաց է հայերի ու Հայաստանի  համար, քանի որ հնարավորություն է տալիս ոլորտի օտարերկրյա մասնագետներին ու ընկերություններին գալ Հայաստան և փորձի փոխանակում իրականացնել տեղի մասնակիցների հետ:  
«Հայկական ինտերնետ կառավարման առաջին համաժողովը, որն իրականցվեց Ինտերնետ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ համագործակցությամբ, իրականում հաջողված էր, իսկ արդյունքները շուտով նկատելի կլինեն»,- ասաց Ս. Վարդանյանը:
Վերջինիս  փոխանցմամբ`ազգային առաջին համաժողովի ուշադրության կենտրոնում են եղել համացանցային անվտանգության, ցանցային չեզոքության, համացանցում հեղինակային իրավունքների պաշտպանության և այլ հարցեր: 
Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ICANN-ի փոխնախագահ Միխայիլ Յակուշևը բարձր գնահատեց ոչ միայն Հայաստանում առաջին անգամ իրականացված ինտերնետ կառավարման համաժողովը, այլև համաժողովի կազմակերպիչներից հատկապես «Ինտերնետ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի» կողմից կառավարման բազմաշահառու մոտեցումը:
Նրա կարծիքով` Հայաստանն այդ առումով այն հազվադեպ երկրներից է, երբ «Ինտերնետ կառավարման հանձնաժողով»-ի կազմում ընդգրկված է մասնավոր և պետական սեկտորը, բիզնես ոլորտը, քաղաքացիական հասարակությունը, տեխնիկական համայնքը, ակադեմիան և այլն:
Մ. Յակուշևի գնահատմամբ` ինտերնետի կառավարման հայաստանյան փորձը տարածաշրջանում լավագույներից է և ընդօրինակելու կարիք ունի:
 

 

 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play