Ռուսաստանում չի կարող լինել ՌԴ իշխանության անվերապահ վերահսկողությունից դուրս միլիարդատեր.Մեկնաբան


Ռուսաստանում չի կարող լինել ՌԴ իշխանության անվերապահ վերահսկողությունից դուրս միլիարդատեր.Մեկնաբան

  • 05-10-2015 17:46:36   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Հայաստանի էլեկտրական ցանցերի վաճառքի հետաքրքրական ասպեկտներից մեկն այն է, որ Ռուսաստանը փաստացի հրաժարվում է Հայաստանում իր երկու կարեւոր ակտիվից՝ էլցանցերն ու Հրազդանի ՋԷԿ-ը: Ռուսական պետական Ինտեր ՌԱՈ ընկերությունը դրանք վաճառում է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին:

 

Ինչ խոսք, Ռուսաստանը փաստացի իր ակտիվից հրաժարվել է դե յուրե, իսկ դե ֆակտո կասկածից վեր է, որ Ռուսաստանում չի կարող լինել ՌԴ իշխանութան անվերապահ վերահսկողությունից դուրս միլիարդատեր: Առավել եւս, եթե հիշենք, թե ինչ էր տեղի ունենում Ռուսաստանում Սամվել Կարապետյանի օբյեկտների հետ, այն ժամանակաշրջանում, երբ հայկական մամուլում գրվում էր, որ Մոսկվայում ավարտին է հասցվում գործարք էլցանցերի շուրջ: Ռուսաստանի տարբեր քաղաքներում ահազանգ էր էին ստացվում Տաշիրին պատկանող օբյեկտներում պայթուցիկի առկայության մասին:

 

Միեւնույն ժամանակ, լիովին կառավարելով Հայաստանի թե իշխանությունը, թե նաեւ ընդդիմադիր քաղաքական դաշտի ճնշող մեծաասնությունը, Ռուսաստանը Հայաստանը վերածվել է ռուսական մի մեծ ակտիվի եւ այդ պարագայում Մոսկվան կարող է Հայաստանի ներսում իրեն թույլ տալ որոշակիորեն «օտարել» ինչ-ինչ օբյեկտներ, այդպիսով թեթեւացնելով իր ֆինանսա-տնտեսական բեռն ու պատասխանատվությունը դրա համար:

 

Առավել եւս, որ ներկայում Ռուսաստանի համար այդ խնդիրը բավական ցավոտ է, քանի որ Մոսկվան էապես զգում է միջազգային պատժամիջոցների եւ նավթի գնի անկման հետեւանքը: Եվ առավել եւս, որ խնդիրը բարդանում է այն պատճառով, որ Ռուսաստանը չի պատրաստվում որեւէ էական կրճատում կամ խնայողություն անել երկու ոլորտում՝ ռազմական եւ քարոզչության: Հետեւաբար, ֆինանսա-տնտեսական մյուս ասպեկտներում նվազումը կլինի ավելի ու ավելի շոշափելի:

 

Այդ իրավիճակում լիովին բնական է, որ Ռուսաստանը Հայաստանի պարագայում կարող է հրաժարվել ֆինանսա-տնտեսական անմիջական պատասխանատվության զգալի մասերից, այն դնելով հայկական օլիգարխիայի վրա: ՀԷՑ-ի գործարքը թերեւս դրա վառ դրսեւորում է:

 

Այստեղ ուշագրավ է այն, թե արդյո՞ք առաջիկայում հնարավոր են այդօրինակ այլ դրսեւորումներ: Եվ, մեկ էլ հետաքրքրական է հանգամանքը, թե արդյո՞ք ճգնաժամն է դիտարկվում որպես պատասխանատվությունը «հանձնելու» մեթոդական ճանապարհ:

 

Կասկածից վեր է, որ թե Հայաստանի, թե Ռուսաստանի իշխանությունը քաջատեղյակ էին ՀԷՑ-ում եւ էներգետիկ ոլորտում հասունացող ճգնաժամից: Համենայն դեպս, անկասկած է, որ ՌԴ ղեկավարությունը, գուցե ոչ Պուտինի, բայց ավելի ցածր մակարդակում հաստատ իրազեկվել է առկա վիճակի մասին: Հետեւաբար, խնդիրը կարող էին հանգուցալուծել ճգնաժամ թույլ չտալով, բանը չհասցնելով ծայրահեղ վիճակի, որը Հայաստանում արդեն սկսել էր հարվածել նաեւ Ռուսաստանի «հեղինակությանը»: Արդյոք ամեն ինչ թույլ տրվեց հասցնել այդ ճգնաժամային վիճակին, Ռուսաստանի նահանջը կազմակերպելու համար:

 

Թե՞ այդ իրավիճակը դաս էր, որ պետք է թույլ չտալ ճգնաժամ եւ հանձնել ժամանակին, այդպիսով փրկելով իմիջը:

 

Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության ռազմավարական գրեթե բոլոր ոլորտները գտնվում են նախաճգնաժամային վիճակում, ինչը խորանալու է ՌԴ տնտեսության խնդիրներին զուգահեռ: Հետեւաբար հարց է առաջանում՝ սպասե՞լ ճգնաժամերի գազամատակարարման, երկաթուղային փոխադրումների ոլորտում, թե՞ Ռուսաստանը այդ ոլորտները հայկական օլիգարխիայի պատասխանատվության տակ կդնի մինչեւ ճգնաժամը:

 

Իրավիճակն իսկապես հարաբերական է, եւ Հայաստանի համար առկա է հնարավորություն՝ դուրս գալ Ռուսաստանից գերկախվածությունից եւ կառուցել կենսունակ ու դիվերսիֆիկացված տնտեսություն, ներգրավել արտաքին այլ ներդրումներ, դրաց հետ միասին տեխնոլոգիաներ, արժեքներ, նոր բիզնես մշակույթ: Մոսկվայի քաղաքական ազդեցությունն իհարկե թույլ չի տա հեղափոխություն, բայց միջազգային մեկուսացման հետեւանքով Ռուսաստանի շոշափելի թուլացումը կարող է հնարավորություն ընձեռել գոնե ժամանակի մեջ անցնել դիրքային պայքարի եւ սկսել Հայաստանի տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց:

 

Բայց, դրա համար իհարկե անհրաժեշտ է պետականության գիտակցումով տնտեսա-քաղաքական էլիտա, որը ունակ կլինի Հայաստանի պետական շահ ձեակերպել ու սպասարկել, ոչ թե իրականացնել ընդամենը ռուսական շահի մենեջմենտ: Մինչդեռ, հենց այդ էլիտան է պետությունը հանձնել Ռուսաստանին, դրա դիմաց ստանալով հավերժ իշխելու հովանի: Այժմ Ռուսաստանը պարզապես բարձրացնում է այդ հովանու գինը, քանի որ կյանքն իր համար էլ «թանկացել» է, եւ հայկական օլիգարխիան ստիպված է ավելի թանկ վճարել հովանու համար, այսինքն վճարել արդեն ոչ միայն պետության, այլ նաեւ սեփական միջոցներից:

 

Բայց, անգամ այդ պարագայում հնարավոր է վճարել ոչ թե պետության վրա հավերժ իշխելու, այլ պետության ազատության գինը: Դա կախված է պետականության գիտակցումից, ազգային արժանապատվության զգացումից եւ պարզ մարդկային երազանքներից:

lragir.am

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն