Շահան Գանտահարյան. Թուրքիայի սիրիականացման տեսանելիությունը


Շահան Գանտահարյան. Թուրքիայի սիրիականացման տեսանելիությունը

  • 13-10-2015 15:15:58   | Լիբանան  |  Վերլուծություն

Թուրքական կառավարությունը, մատնացույց անելով քրդական շրջանակների դեմ իրականացված պայթյունների պատասխանատուներին, մեղադրանքները հասցեագրեց ԻՊ-ին, ՔԱԿ-ին եւ ծայրահեղ ձախակողմյաններին։
 
Կառավարամետ շրջանակները պայթյունների նպատակը կենտրոնացրեցին թուրք ժողովրդի մասնատման վրա: Մասնատում բառը սկսել է շատ հոլովվել թուրքական կառավարական շրջանակների կողմից: Հատկապես ընտրությունների նախօրյակին միջազգային շրջանակներից Թուրքիայի մասնատման առաջադրվելը ուղղակի ամբաստանություն էր, հնչած` նախագահ Էրդողանի կողմից:
 
Հիմա եթե փորձենք պահել հայտարարությունների հետեւողականության քաղաքական տրամաբանությունը, կստանանք այն, որ միջազգային ընտանիքը արեւմտամետ համաշխարհային լրատվամիջոցների միջոցով եւ քաղաքացիական շարժումներ հրահրելով, ըստ Թուրքիայի նախագահի, առաջադրանք է ճշտել մասնատել Թուրքիան: Այս հայտարարությունը կատարվել էր խորհրդարանական կայացած ընտրությունների առիթով, որոնցից հետո իշխող կուսակցությունը կորցրել էր միայնակ կառավարություն կազմելու իրավասությունը. քրդամետ կուսակցությունը հաղթահարել էր անցողիկության շեմը եւ նկատառելի մուտք գործել խորհրդարան:
 
Հիմա, պայթյունների առիթով միջազգային ահաբեկչության սահմանում է կատարվում եւ հավասարեցվում են ԻՊ-ը, ՔԱԿ-ն ու ծայրահեղ ձախակողմյանները: Խորքում սակայն հավասարեցումը հայտարարողական է: Անկարայի համար ահաբեկչական թշնամին առավելաբար երկրորդ եւ երրորդ անվանակարգերն են, մինչ առաջինը գեթ որոշ ժամանակի համար եւ որոշ պայմաններոմ` օգտագործելի գործիք:
 
Սակայն, այստեղ դիրքորոշումների հետեւողական տրամաբանությունը կանգ չի առնում: Կառավարամետ թուրքական «Սթար»-ը, այլ խոսքով կառավարության հիմնական խոսափողներից մեկը, Անկարայի պայթյունների նպատակը նկատում է ժողովրդի մասնատումը:
 
Ուրեմն քաղաքացիական շարժումները, եթե նախագահի տրամաբանությամբ նպատակ ունեին երկիրը մասնատել, ապա պայթյունը նպատակ ունի ժողովուրդը մասնատել, ըստ դարձյալ պաշտոնական Անկարայի: Մինչ առաջինի դեպքում մասնատումն առաջադրողները միջազգային լրատվամիջոցներն ու քաղաքացիական շարժումների ղեկավարներն են, ընդ որում ձախակողմյան ուժերը, երկրորդի դեպքում՝ ԻՊ-ը, ՔԱԿ-ն ու ձախակողմյանները: Եթե մի պահ մտածենք ԻՊ-ի անվան եւ դրա միջազգային ահաբեկչության դասակարգման սահմանման համար օգտագործված լինելու վարկածի մասին, ապա կստանանք այն, որ երկրի եւ ժողովրդի մասնատման մեղադրանքով ամբաստանվողների մեջ ընդհանուր հասցեն քրդերն ու ձախակողմյաններն են:
 
Հիմա, որքա՞ն տրամաբանական է թվում, որ քրդերն ու իրենք իրենց պայթեցրած լինեն Անկարայում, իր հերթին: Կարեւորը այն է, որ Անկարան ինքնամասնատման վտանգի առջեւ է զգում ինքն իրեն եւ քաղաքական թե ապահովական կարեւոր հերթական իրադարձության առիթով մասնատվելու վտանգն է ահազանգում:
 
Մասնատվելու վտանգը այստեղ կանգ չի առնում: Վարչապետը առանց մասնատվելու հավանականությունը բառացիորեն հայտարարելու, միեւնույն միտքն է հանկերգում. Թուրքիան Սիրիա չի դառնալու: Այս հայտարարությունն անգամ հուշում է, որ Թուրքիայում սիրիական դեպքերի պատճենահանումը, իհարկե տարբեր տարողություններով եւ շարժառիթներով, տեսանելի է:
 
Վերջին շրջանում արձանագրվող քաղաքական եւ ապահովական իրադարձությունները հուշում են նախ, որ նմանատիպ ընդհարումները, բախումները, պայթյունները շարունակվելու հավանականություն ունեն: Եւ թե` Դավութօղլուի հնչեցրած ահազանգը անհիմն չէ: Թուրքիան կարող է վերածվել Սիրիայի։
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն