Մայք Ուիթնի.Ռուսաստանը չի ուզում կռվել Թուրքիայի հետ


Մայք Ուիթնի.Ռուսաստանը չի ուզում կռվել Թուրքիայի հետ

  • 19-10-2015 20:04:15   |   |  Վերլուծություն
 
Ռուսաստանը չի ուզում կռվել Թուրքիայի հետ, դրա համար էլ ռուս գեներալները մշակել են Թուրքիայի կողմից ինչ-որ գործողություններ ձեռնարկելուն (որոնք կարող էին հանգեցնել բախման երկրների միջև) խոչընդոտելու պարզ, բայց արդյունավետ պլան։
 
Անցած շաբաթ ռուսական օդանավերը երկու անգամ ներխուժել են Թուրքիայի օդային տարածք։ Երկու միջադեպն էլ Անկարայում երկյուղ են առաջացրել և հարուցել Թուրքիայի ղեկավարների կատաղությունը։ Երկու դեպքում էլ պաշտոնական անձինք Մոսկվայում քաղաքավարությամբ ներողություն են խնդրել ներխուժումների համար՝ հայտարարելով, թե դրանք միտումնավոր չեն եղել («նավիգացիոն սխալ»), և որ նրանք կփորձեն ապագայում խուսափել նման ներխուժումներից։
 
Հետո եղավ երրորդ՝ ավելի լուրջ միջադեպը, դա արդեն սխալ չէր։ Այստեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազդանշան ուղարկելու ակնհայտ մտադրություն կար։ Ահա տեղի ունեցածի համառոտ ամփոփումը World Socialist Web Site-ի հոդվածից. «Թուրքական պաշտոնատար անձինք հայտարարել են երկուշաբթի օրվա երրորդ միջադեպի մասին, երբ չպարզված МиГ-29-ը չորսուկես րոպե նշանառության տակ էր պահում թուրքական ութ F-16, որոնք հսկում էին սահմանն իրենց կողմում՝ ակնհայտորեն պատրաստվելով կրակ բացել» («ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն ուժգնացնում են սպառնալիքները Ռուսաստանի հանդեպ Սիրիայի օդում», World Socialist Web Site)։
 
Ոչ մի սխալ։ Միակ պահը, երբ օդաչուն հետևում է նման արձանագրության, դա այն է, երբ նա ծրագրում է խփել թշնամական օդանավը։ Դա ազդանշան էր, և թեև այն կարող է անհայտ լինել քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ին, ես ձեզ հավաստիացնում եմ, որ Թուրքիայի Գլխավոր հրամանատարության յուրաքանչյուր գեներալ գիտե, թե ինչ է նշանակում դա։ Դա նախազգուշացում է։ Մոսկվան ցույց է տալիս, որ հիմա «քաղաքը նոր շերիֆ ունի», և որ արժե, որ Թուրքիան իրեն ավելի լավ պահի, թե չէ խնդիրներ կունենա։ Չի լինի ոչ մի անթռիչք ամերիկա-թուրքական գոտի Հյուսիսային Սիրիայի վրայով, ոչ մի օդային հարված էլ չի լինի սիրիական օբյեկտներին սահմանի թուրքական կողմից, և ակնհայտորեն չի լինի թուրքական զորքերի ոչ մի ցամաքային ներխուժում Սիրիա։ Ռուսական օդատիեզերական ուժերը հիմա վերահսկում են Սիրիայի օդային տարածքը, և նրանք վճռական են տրամադրված՝ պաշտպանելու Սիրիայի ինքնիշխան սահմանները։ Ուղերձն այսպիսին է։ Եվ վերջ։
 
Սա լավ օրինակ է այն բանի, թե ինչպես «զգուշացումը» կարող է իրականում խոչընդոտել կոնֆլիկտներին՝ դրանք սկսելու փոխարեն։ Թուրքիայի գլխից վերև կրակելով՝ Մոսկվան խախտել է Էրդողանի՝ Հյուսիսային Սիրիայի մի մասն անեքսիայի ենթարկելու և այն «անվտանգության» գոտի հայտարարելու պլանը։ Թուրքիան ստիպված է լինելու ջնջել այդ պլանը՝ հասկանալով, որ սիրիական տարածքը զավթելու և այն պահելու ցանկացած փորձ հարուցելու է Ռուսաստանի սրընթաց և հզոր պատասխանը։ Այս համատեքստում Ռուսաստանի ներխուժումը պատերազմի ընդլայնմանը խոչընդոտելու խիստ արդյունավետ միջոց է թվում՝ պարզապես պոտենցիալ մրցակիցներին փոխանցելով, թե ինչը հենց կարող են նրանք անել և ինչը չեն կարող։ Ավելի պարզ ասած՝ Պուտինը փոխել է խաղի կանոնները Սիրիայում, և Էրդողանն ավելի լավ է ենթարկվի, թե չէ... Ահա թե Թուրքիայի մասին ինչ է գրում նաև Պատրիկ Քոկբերնը Independent-ում. «Թուրքիայի ցամաքային ներխուժումը Սիրիա թեև դեռ հնարավոր է թվում, բայց հիմա անհամեմատ շատ ավելի ռիսկային կլինի, չէ՞ որ ռուսական ինքնաթիռները գործում են այն շրջաններում, որտեղ Թուրքիան առավել մեծ հավանականությամբ կսկսեր ներխուժումը։
 
Վտանգը Թուրքիայի համար այն է, որ հիմա երկու քրդական քվազիպետություն գոյություն ունի, մեկը՝ Սիրիայում և երկրորդը՝ Իրաքում, հենց հարավում։ Սա էլ քիչ է՝ սիրիա-քրդականը ղեկավարում է Դեմոկրատական միության կուսակցությունը (PYD), որը փաստորեն Քրդական բանվորական կուսակցության (PKK) սիրիական ճյուղն է, և որը պայքարում է թուրքական պետության դեմ 1984 թվականից։ PKK ցանկացած ապստամբություն Թուրքիայի հարավ-արևելքի քրդական շրջաններում ապագայում կարող է ուժեղացնել այն փաստը, որ PKK-ն դե-ֆակտո ինքնըստինքյան պետություն է։
 
Պարզվում է, որ Թուրքիայի քառամյա փորձերը՝ տապալել նախագահ Բաշար ալ-Ասադին, ձախողվել են։ Առայժմ պարզ չէ, թե դրա հետ ինչ կարող է անել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի որ ՆԱՏՕ աջակցությունն այս փուլում զուտ հռետորական է։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին, ապա միստր Էրդողանն ասում է, թե Թուրքիայի վրա ցանկացած հարձակում հարձակում է ՆԱՏՕ-ի վրա, և որ «եթե Ռուսաստանը կորցնի այնպիսի ընկերոջ, ինչպիսին է Թուրքիան, որի հետ համագործակցում է շատ հարցերում, ապա շատ բան կկորցնի»։ Բայց Սիրիայում, առնվազն, պարզվում է, որ տանուլ է տալիս հենց Թուրքիան» («Ռուսաստանը Սիրիայում. ռուսական նշանառությունն ուղղված է թուրքական կործանիչների վրա», The Unz Review)։
 
Խեղճ Էրդողան։ Նա զառ է նետել և երկու է բերել («օձի աչքեր»)։ Նա հույս ուներ, թե կկարողանա ընդլայնել իր, իբր, Օտոմանյան կայսրությունն ի հաշիվ Հյուսիսային Սիրիայի, իսկ հիմա երազանքները հօդս են ցնդել։ Իր ռազմական ինքնաթիռներն ուղղի դեպի Հյուսիսային Սիրիա և բացահայտ մարտահրավե՞ր նետի ռուսական օդատիեզերական ուժերին։ Չէ՛, այդքան էլ հիմար չէ։ Նա կմնա սահմանի իր կողմում, մի ոտքից մյուսին կանցնի ու կհայհոյի «չար Պուտինին», բայց արդյունքում այդպես էլ ոչինչ չի ձեռնարկի։
 
Եվ Վաշինգտոնը նույնպես ոչինչ չի անի։ Այո, Հիլարին և Մակքեյնը կոչ են անում անթռիչք գոտի ստեղծել Սիրիայի վրա, բայց դա չի լինի։ Պուտինը թույլ չի տա, ինչպես և Անվտանգության խորհուրդը։ Եվ ինչի՞ համար։ Մի՞թե Օբաման իրականում պատրաստվում է անթռիչք գոտի պահանջել այն հիմնավորմամբ, թե Պուտինը սպանում է «չափավոր» ահաբեկիչներին՝ «ծայրահեղական» ահաբեկիչների հետ միասին։ Այնքան էլ համոզիչ փաստարկ չէ, անգամ ամերիկացիները նման բանը մեծ դժվարությամբ կուլ կտան։ Եթե Օբաման ինչ-որ բան ուզենա Պուտինից, ապա կնստի բանակցությունների սեղանի շուրջ և գործարք կքննարկի։ Առայժմ նա հրաժարվում է դրանից, քանի որ դեռևս կարծում է, թե ռեժիմը փոխելն իր ձեռքում է։ Դրա նշաններն ամենուրեք են, ինչպես ահա այս հոդվածն այսօրվա թուրքական Zaman-ում՝ «Ինջիրլիքի ռազմակայանն ընդլայնվում է, որպեսզի ընդունի 2250 մարդուց բաղկացած նոր անձնակազմ» վերնագրով. «Ինջիրլիքի վրանաքաղաքը վերակառուցվում է մինչև արդիական հավաքովի տնակների մակարդակի, որոնք կընդունեն ԱՄՆ զինվորական անձնակազմի 2250 մարդ,- ուրբաթ տեղեկացրել է Doğan գործակալությունը։ 1991թ. Ծոցում պատերազմի ժամանակ Հարմարության ապահովման գործողությունը սպասարկող զինվորական անձնակազմի կեցության համար վրանաքաղաք էր կառուցվել, իսկ գործողությունից հետո այն փակվել էր։
 
Օգոստոսի 20-ին սկսվեցին վրանաքաղաքի վերակառուցման աշխատանքները նոր՝ «Փեթրիոթ քաղաք» անվամբ։ Վերակառուցման ավարտից հետո Ինջիրլիքի ռազմակայանը կդառնա ԱՄՆ խոշորագույն ռազմակայանը Եվրոպայում...
 
Ինջիրլիք ռազմակայանի ընդլայնումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը շատ տասնամյակներ անց սկսել է խոշորագույն ինտերվենցիան Մերձավոր Արևելքում... Մոսկվայի ինտերվենցիան նշանակում է, որ կոնֆլիկտը Սիրիայում անցում է կատարում ուրիշի ձեռքերով պատերազմի վիճակից... միջազգային հակամարտության, որտեղ աշխարհի հիմնական ռազմական տերությունները... անմիջականորեն մասնակցություն են ունենում ճակատամարտերում» («Ինջիրլիք ռազմակայանն ընդլայնվում է, որպեսզի ընդունի 2250 մարդուց բաղկացած նոր անձնակազմ», Today’s Zaman)։
 
Այս հոդվածը հագեցած է Մերձավոր Արևելքում ամերիկյան հավակնություններով։ Ինչպես հստակ կարող է տեսնել ընթերցողը, Վաշինգտոնն ուղղություն է վերցնում դեպի ևս մեկ պատերազմ, այնպես, ինչպես արեց 1991թ.։ Եվ ԱՄՆ օդային պատերազմը կսկսվի Ինջիրլիքի «Փեթրիոթ քաղաքից», ինչպես մենք կանխատեսում էինք հուլիսին, երբ կնքվեց համաձայնագիրը։ Ահա մի հատված Hurriyet-ի հոդվածից. «ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության օդային ուժերը տեղեկացրել են, որ սկսվել է որոնողական և փրկարար ուղղաթիռների և օդաչուների գործադրումը հարավարևելյան Թուրքիայում, Դիարբեքիրի ռազմակայանում՝ օգնություն ցուցաբերելու համար հարևան Իրաքում և Սիրիայում վերականգնողական գործողություններին...
 
Եվրոպայում ՆԱՏՕ միավորված զինված ուժերի Գլխավոր հրամանատարության և ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավն ասել է, որ առաքելությունը կլինի ժամանակավոր։ «Մենք կլինենք Թուրքիայի կառավարության հյուրերը Դիարբեքիրի օդային ռազմակայանում։ Այստեղ ԱՄՆ մշտական ներկայության ոչ մի պլան չկա... Դա նշանակում է ևս մեկ հաջող համագործակցություն Թուրքիայի և ԱՄՆ զինվորականների միջև»,- ասել է Բրիդլավը» («ԱՄՆ-ը ինքնաթիռներ է ուղարկում Թուրքիայի հարավ-արևելք», Hurriyet)։
 
«ԱՄՆ որոնողական և փրկարար ուղղաթիռները գտնվում են Թուրքիայի հարավարևելյան սահմանից ընդամենը երկու մղոն հեռավորության վրա՞»։
 
Չէ՛, հա՜։ Այլ խոսքով, եթե ինչ-որ տեղ Սիրիայի օդային տարածքում F-16 խփվի՝ անօրինական անթռիչք գոտի մտցնել փորձելիս, ապա՝ հո՜պ, որոնողական և փրկարար ուղղաթիռներն ընդամենը 20 րոպեի հեռավորության վրա են։
 
Ի՜նչ էլ հարմար է։
 
Եվ այսպես, տեսնո՞ւմ եք՝ անգամ եթե Պուտինը խափանել էլ է պլանները, Օբամայի թիմը դեռևս առաջ է տանում իր «Ասադին տապալելու» պլանը։ Ոչինչ չի փոխվել, ռուսական ինտերվենցիան լոկ մի փոքր ավելի անորոշ է դարձրել ապագան, դրա համար էլ նեղսրտած աշխարհաքաղաքագետ-ստրատեգները, ինչպես Զբիգնև Բժեզինսկին է, սկսել են վեր-վեր թռչել կարծիք-հոդվածներով առաջատար թերթերում՝ նզովելով Պուտինին տարածաշրջանային հեգեմոնիայի իրենց պլանները խափանելու համար։ Արժե նշել, որ Բժեզինսկին՝ իսլամական ծայրահեղականության կնքահայրը, մեկն է, որը հույս ուներ առավելագույնն օգտագործել կրոնախևերին հիստերիկա առաջացնելու և ողջ աշխարհում ԱՄՆ աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Այսպիսով, ընդամենը բնական է, որ Բժեզինսկին կուզենար առաջարկել իր խորհուրդը՝ ձախողումների և անպատվության ժառանգությունը կանխելու հուսահատ փորձի առումով։ Տեսեք, թե ինչ է գրված Politico-ի այս հատվածում. «ԱՄՆ-ը պետք է սպառնա պատասխան միջոցառումներով, եթե Ռուսաստանը չդադարի գրոհել Սիրիայում ամերիկյան ակտիվների վրա,- գրել է ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին կիրակի օրը Financial Times-ում՝ «ռազմավարական խիզախությամբ» նախազգուշացնելով, որ Մերձավոր Արևելքում և ընդհանրապես տարածաշրջանում խաղադրույքը դրված է Ամերիկայի հանդեպ հավատի վրա... Իսկ եթե Ռուսաստանը շարունակի հետապնեդլ ոչ-ԻԼԻՊ նպատակներ, ապա ԱՄՆ-ը պետք է պատասխանի»,- հավելել է նա։
 
«Այս արագ փոփոխվող հանգամանքներում ԱՄՆ-ը միայն մեկ իրական շանս ունի, եթե, առհասարակ այդ շանսն ունի. պաշտպանել իր դրույքները տարածաշրջանում. Մոսկվային ներկայացնել պահանջներ, որպեսզի դադարեցնի և ձեռնպահ մնա ռազմական գործողություններից, որոնք անմիջականորեն ազդում են ամերիկյան ակտիվների վրա»,- ասել է նա» («Բժեզինսկի. Օբաման պետք է պատասխանի, եթե Ռուսաստանը չդադարի հարձակվել ԱՄՆ ակտիվների վրա», Politico)։
 
Մարդիկ, որոնց Բժեզինսկին հեշտությամբ անվանում է «ամերիկյան ակտիվներ» Սիրիայում, ահաբեկիչներն են։ Սա շատ պարզ է։ Պուտինը տարբերություն չի դնում «չափավոր» ահաբեկիչների և «արմատական» ահաբեկիչների միջև, նրա համար չկան լավ և վատ ահաբեկիչներ։ Դա կատակ է։ Նրանք բոլորն էլ նույն կարգի են, և նրանց նույն ճակատագիրն է սպասվում։ Նրանց բոլորին պետք է արմատախիլ անել, բռնել կամ սպանել։ Եվ վերջ։
 
Ահաբեկչության դեմ պատերազմի սրբագրումն այնպես, որպեսզի ոմանց պաշտպանեն, ոմանց էլ դատապարտեն, Օբամայի վարչակազմին գաղափարական փակուղի է մտցրել, որից ելք չկա։ Այն, ինչ նրանք անում են, ճիշտ չէ, և նրանք դա գիտեն։ Եվ դրա համար էլ այնքան դժվար է լինելու պատերազմի համար առիթ ստեղծելը։ Պուտինն իր վերջերս տված՝ «դիտելու համար պարտադիր» հարցազրույցում Օբամային բռնացրել էր հենց դրա վրա։ Ահա թե ինչ ասաց նա. «Նախագահ Օբաման հաճախ է հիշատակում ԻԼԻՊ սպառնալիքը։ Իսկ ո՞վ է, գրողը տանի, սպառազինել նրանց։ Եվ ո՞վ է ստեղծել այնպիսի քաղաքական մթնոլորտ, որն օժանդակել է ներկայիս իրավիճակի ստեղծմանը։ Ո՞վ է զենք մատակարարել։ Դուք ի՞նչ է, իսկապե՞ս չգիտեք, թե ով է կռվում Սիրիայում։ Հիմնականում վարձկաններ։ Նրանց վճարում են դրա համար։ Վարձկաններն աշխատում են ցանկացած կողմի համար, ով ավելի շատ է վճարում։ Մենք անգամ գիտենք, թե որքան են նրանց վճարում։ Մենք գիտենք, որ նրանք կռվում են որոշ ժամանակ, իսկ հետո տեսնում են, որ ինչ-որ մեկն ավելի շատ է վճարում, և դրա համար գնում են այնտեղ...
 
ԱՄՆ-ը ասում է. «Մենք պետք է աջակցենք Սիրիայի քաղաքակիրթ, դեմոկրատական ընդդիմությանը»։ Եվ այդպես պաշտպանում է նրանց, զինում, իսկ հետո նրանք գնում են ԻԼԻՊ։ Ի՞նչ է, ԱՄՆ-ի համար անհնա՞ր է գոնե մի քայլ առաջ մտածել։ Մենք ոչ մի կերպ չենք պաշտպանում նման քաղաքականությունը։ Մենք այն սխալ ենք համարում» («Պուտինը բացատրում է, թե ով է սկսել ԻԼԻՊ-ը», you tube, 1:38 to 4:03)։
 
Տեսնո՞ւմ եք։ Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունենում։ Բարաք Օբաման չի պատրաստվում Ռուսաստանի հետ առճակատում սկսել հանուն ԿՀՎ հիմնարար անբարո ծրագրի պաշտպանության, որը ձախողվել է։ Սակայն նա կանի այն, ինչը միշտ անում է ԱՄՆ-ը, երբ գործ է ունենում մի հակառակորդի հետ, որն իրականում կարող է իրեն պաշտպանել։ Նա խրատներ կկարդա, զահլա կտանի, կսպառնա, կստորացնի, կդեմոնացնի, ձեռք կառնի և խաթրին կկպչի։ Նա կարող է ռուբլու դեմ ևս մեկ գրոհ նախաձեռնել կամ խարդախություն անել նավթի գնի հետ կապված, կամ էլ ավելի շատ տնտեսական պատժամիջոցներ կմտցնի։ Բայց պատերազմ չի սկսի Ռուսաստանի դեմ, դա պարզապես չի լինի։
 
Բայց հույսներդ մի կորցրեք, ի վերջո այս ֆիասկոյի միջից լույսի նշույլ է երևում, և բոլոր հիմնական խաղացողները հաստատ գիտեն, թե դա ինչ է։
 
Դա կոչվում է Ժնև։ Ժնև. ահա հանգուցալուծումը։
 
Ժնև. ահա ԱՄՆ աջակցությունը վայելող ճանապարհային քարտեզը Սիրիայում պատերազմն ավարտելու համար։ Դրա դրույթները թույլ են տալիս «ստեղծել անցողիկ կառավարություններ», «բոլոր խմբերի մասնակցությամբ... բովանդակալից ազգային երկխոսությամբ» և անցկացնել «ազատ և արդար բազմակուսակցական ընտրություններ»։
 
Համաձայնությունը պարզ է և ոչ հակասական։ Միակ գայթաքարն այն է լինելու, թե արդյոք Ասադին թույլ կտրվի լինել անցողիկ կառավարության մասնակից, թե ոչ։
 
Պուտինն ասում է՝ «Այո»։ Օբաման ասում է՝ «Ոչ»։
 
Պուտինը կշահի այս մարտը։ Արդյունքում՝ վարչակազմը կզիջի և կհանի իր պահանջները, որպեսզի Ասադը հեռանա։ Ջիհադական խամաճիկների օգնությամբ ռեժիմը փոխելու նրանց պլանները կձախողվեն, իսկ Պուտինը Մերձավոր Արևելքը մեկ քայլով էլ կմոտեցնի երկար սպասված խաղաղությանը և իսկական անվտանգությանը։
 
Այսպիսին է լույսի նշույլը, և դրա համար էլ պատերազմը Սիրիայում կավարտվի։
 
Բրավո, Պուտին։
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն