Ինչո՞ւ բժիշկը չպետք է ապահովված լինի բարձր աշխատավարձով


Ինչո՞ւ բժիշկը չպետք է ապահովված լինի բարձր աշխատավարձով

  • 22-10-2015 11:00:42   | Հայաստան  |  Վերլուծություն

Ես ` Նինա Տերտերյանս, 80 տարեկան թոշակառու եմ: 
 
Ես բուժաշխատող կամ բժիշկ բարեկամ չունեմ, սակայն մեծ ցավ եմ ապրում, երբ հեռուստատեսությամբ  տեսնում եմ ու լսում, թե ինչպես են ամբողջ աշխարհի առաջ թերագնահատում ու վարկաբեկում բժշկի աշխատանքը: Հիվանդը կամ հիվանդի տերը հայտարարում է, թե «Փող չենք տվել, կամ քիչ ենք տվել, դրա համար էլ բուժումը լավ չեն կատարել»: Եկեք տրամաբանենք, թե ումն է այդ ամոթանքը՝ բժշկինը, հիվանդինը, թե՞ վերադասինը: 
 
Եղեք արդարացի, բժիշկը սովորել և մասնագիտացել է, որ ծառայի ժողովրդին, այն էլ հիվանդ զանգվածին: Նա ապրում է հիվանդի հոգսերով, անընդհատ լսում է հիվանդի տնքոցները, բողոքները, երբեմն էլ ցավից տառապողի գոռոցները: Հաշվի առնենք նաև վերջերս տեղի ունեցած դեպքերը, երբ հիվանդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա աշխատանքի վայրում: Պատկերացրեք, որ բժիշկն աշխատանքից տուն է վերադառնում հոգեկան ծանր ապրումներով և հոգնածությամբ, իսկ տանն էլ նա բոլորի նման ունի հոգսեր եւ ընտանիքի տարբեր պահանջներ: Հենց այստեղից էլ սկսվում է նրա սխալ գործելակերպը, որը դատապարտության համար հիմքեր չունի, քանի որ բժիշկը տուն վերադառնալով պետք է հանգստանա եւ զբաղվի երեխաների դաստիարակությամբ, վայելի իր ընտանիքի սերը, որպեսզի հաջորդ օրը հանգիստ ու սիրով գնա աշխատանքի, բայց տես, որ նա տանը նույնպես հանգիստ չունի: Իինչո՞ւ  բժիշկը չպետք է ապահովված լինի բարձր աշխատավարձով, որ թքած ունենա հիվանդի առաջարկած մի քանի կոպեկի վրա, որ նրա պատիվը մնա բարձր և ոչ ոք չհամարձակվի արատավորել բժշկի անունն ու պատիվը, քանի որ ամենադժվար պահին մարդը դիմում է բժշկի օգնությանը և ստանում այն:
 
 Բուժծառայողների բոլոր աշխատողները հարգանքի արժանի են, հատկապես բժիշկները: Բժշկի գործն ավելի դժվար է, քան խորհրդարանի «քաջերի», համեմատեք նրանց աշխատավարձերը և մեղադրեք, որքան կարող եք:  Ես, 80 տարեկանս, 40 հազար թոշակ եմ ստանում, իսկ կոմունալ ծախսերը ձմռանը կազմում է 50 հազար… Սակայն ես ինձ համար չեմ մտահոգվում, այլ պատվավոր մարդկանց, որոնք իսկապես ծառայում են ժողովրդին համբերատար և սիրով, սակայն չեն ստանում իրենց արժանի պատիվն ու հարգանքը: 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն