««Ոչ»-ի ճակատի հետ հասարակությունը հույսեր վաղուց չի կապում».Ռուբեն Մեհրաբյան


««Ոչ»-ի ճակատի հետ հասարակությունը հույսեր վաղուց չի կապում».Ռուբեն Մեհրաբյան

  • 26-10-2015 16:55:30   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Ռուբեն Մեհրաբյանը՝ նոր Սահմանադրությանը «ոչ» ասող քաղաքական ուժերի մասին.
 
Նոր Սահմանադրությանը «ոչ» ասող քաղաքական ուժերի ընտրած գործողությունների արդյունավետության մասին «Առավոտը» զրուցել է «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն»-ի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:
 
Նրա կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախաձեռնվում է «վերեւից» եւ Հայաստանի իրական խնդիրների եւ շահերի հետ որեւէ առնչություն չունի: «Այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի առջեւ, պայմանավորված չեն Սահմանադրությամբ, որը պետք է փոխվի. առկա Սահմանադրությունը չի հարգվում եւ չի ընդունվում, ընդ որում՝ պերմանենտ ռեժիմով: Եվ եթե Սահմանադրությունը մշտապես խախտվում է, ապա ի՞նչ տարբերություն, թե ինչպիսի Սահմանադրություն է խախտվում, եւ այս իմաստով, բնականաբար, հասարակության մեջ կա անվստահություն այս գործընթացի նկատմամբ ու ընկալում, որ ինքն այս ամենի հետ որեւէ կապ չունի: Հետեւաբար հասարակությունը խիստ անտարբեր է այդ գործընթացի նկատմամբ, իսկ այն ուժերը, որոնք ստանձնել են «Ոչ»-ի ճակատը, նույնպես անվստահություն են ներշնչում. հասարակությունը նրանց հետ հույսեր այլեւս վաղուց չի կապում»,- ասում է նա: Պարոն Մեհրաբյանը մատնանշում է այն քաղաքական դեմքերին, որոնք ղեկավարում են «Ոչ»-ի ճակատները, ասում է՝ նրանց արդեն շատերը ճանաչում են եւ ճանաչելով էլ չեն վստահում: «Նրանք, որոնք փորձում են «Ոչ»-ի օրակարգը մտցնել մեր քաղաքական դաշտ, ցավոք սրտի, հանդիսանում են համակարգի մի անբաժանելի մաս եւ պարզապես կատարում են մի յուրովի դեր: Նման անհամարժեք գործունեությամբ պարզապես երկարացնում են համակարգի գոյությունը,»- ասում է պարոն Մեհրաբյանը: «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը որոշել է անհնազանդության դիմել, իրականացնել իշխանափոխության իր մտադրությունը. սա, ըստ մեր զրուցակցի, այնքան էլ իրատեսական չէ. «Իհարկե կան անհատներ, որոնք անհնազանդությամբ հանդես կգան, սակայն ես չեմ կարծում, որ դա զանգվածային բնույթ կունենա եւ կբերի իրավիճակի փոփոխության: Դրա նախադրյալները ես այսօր չեմ տեսնում»,- ասում է նա: Պարույր Հայրիկյանի՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կասեցնելու համար վարչական դատարան դիմելու քայլի մասին էլ պարոն Մեհրաբյանն ասում է. «Պարույր Հայրիկյանն անում է այն, ինչ ճիշտ է համարում, պարզապես մենք գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի դատական համակարգը. այն գործադիր իշխանության եւ գործող համակարգին կցված դատական մարմին է եւ դնելու է այն ստորագրությունը, որը նրան կասեն: Պարզապես ելքը շատ կանխատեսելի է»: Պարոն Մեհրաբյանը նորից շեշտում է, որ իրականում Սահմանադրության բարեփոխումներին դեմ կամ կողմ քվեարկելով երկրում ոչինչ չի փոխվի. «Բոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվի էլ, չփոխվի էլ՝ էական չէ: Վերջիվերջո ջրբաժանն անցնում է ոչ թե այդ «այո»-ների եւ «ոչ»-երի միջեւ, այլ ջրբաժանն անցնում է նրանով, թե ինչ ուղիով է գնալու Հայաստանը: Եթե, ասենք, «Ոչ» ասող ուժը ոչինչ չունի ասելու Եվրասիական միություն «դնչկալի» վերաբերյալ, որը հագցրած է Հայաստանի վրա, ապա այդ «Ոչ»-ը ոչ մեկին էլ հետաքրքիր չէ: Այս դասական հետխորհրդային համակարգը իր բոլոր բաղադրիչներով, որ ձեւավորվել է Հայաստանում, մեռած է, եւ այս կեղծ օրակարգն էլ բերված է նրա համար, որպեսզի կոսմետիկ վերափոխումներով փորձեն դիակը վերակենդանացնել: Բայց սա դիակ է, ինչքան էլ շպար նստեցնեն այդ դիակի դեմքին, միեւնույն է՝ այն չի կարող շնչել, եւ վաղ թե ուշ դա բերելու է նաեւ նրան, որ բոլորի աչքերը կբացվեն: Բայց նորից եմ ասում, այդ դիակը կմնա այնքան ժամանակ, քանի այստեղ կա Ռուսաստանի գործոնը»: 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ