Դյուրացվում են անավարտ շենքերի հետագա կառուցման և ավարտման աշխատանքները


Դյուրացվում են անավարտ շենքերի հետագա կառուցման և ավարտման աշխատանքները

  • 29-10-2015 14:59:14   | Հայաստան  |  Տնտեսություն

Շինարարության ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:  
 
Մասնավորապես, սահմանվում է, որ հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվության գործընթացի ներմուծմամբ դյուրացվում են հանրապետության տարածքում բազմաթիվ անավարտ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի նկատմամբ իրավունքների օրինական ձևակերպման, նրանց հետագա կառուցման և ավարտման աշխատանքները: Բացի այդ, նշված պայմաններում բարձրացվում է կառուցապատողների քաղաքաշինական կարգապահությունը` ստեղծելու շահագործման համար լիարժեք, պիտանի կենսագործունեության միջավայր: Վարչապետը տեղեկացրել է, որ  այդ թեմայով խորհրդակցություն է անցկացվելու: «Ես բազմաթիվ տեղեկատվություններ եմ ստանում, որ  ավարտական ակտերը ստանալու համար ինչ-որ խնդիրներ են հարուցվում համապատասխան գերատեսչության ղեկավարների կամ աշխատակիցների կողմից: Ընդհանրապես, այս մասով մենք մի քանի անգամ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ նման որևէ հարց պետք է չառաջանա: Դրա համար խնդրում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել. շատ խիստ եմ լինելու: Իհարկե, ես հիմա ուսումնասիրում եմ այդ տեղեկատվությունների իսկությունը, եթե իրականությանը համապատասխանեց, ապա նման մարդիկ մեր շարքերում տեղ չեն ունենալու»,-նշել է Հովիկ Աբրահամյանը՝ հանձնարարելով բոլոր շահագրգիռ մարմիններին մասնակցել խորհրդակցությանը: 
Վերջին տարիներին Հայաստանում հետևողականորեն իրականացվում են քաղաքաշինական քաղաքականության բարեփոխումներ` կառուցապատմանն ու տարածական զարգացմանն առնչվող հիմնախնդիրների օրենսդրական կարգավորման ուղղությամբ: Դրան են միտված նաև  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք արժանացել են կառավարության հավանությանը: Մասնավորապես, օրինագծերի նպատակն է ձևավորել համայնքներում տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազա` դրանց մշակման և հաստատման գործառույթների օպտիմալացման ու պարզեցման լծակների ամրագրման, օրինակ՝ միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, ինչպես նաև տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի հաստատման համար օրենքով սահմանված վերջնաժամկետի երկարաձգման միջոցով: Անդրադառնալով հարցին՝  վարչապետը նշել է, որ խնդիրը պետք է ուշադիր քննարկել բոլոր շահագրգիռ մարմինների հետ, այդ թվում Երևանի քաղաքապետի, մարզպետների, լսել  բոլոր առաջարկները  և  նոր որոշում ընդունել: 
 
Բարելավվում է  ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանող հարկ վճարողների գործունեության հարկային միջավայրը
 
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի  ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանող հարկ վճարողների գործունեության հարկային միջավայրը՝ նրանց ազատելով չարդարացված հարկային պարտավորությունների բեռից: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հարկային պարտավորության ծագման օր է համարվում ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 181-րդ օրը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաև արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հետ վերադարձման ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների հետ վերադարձման համար գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:
Գյուղատնտեսության որոշ ուղղությունների զարգացման համար առավել բարենպաստ հարկային միջավայր ձևավորելուն է միտված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծի նպատակն է ԱՏԳ ԱԱ դասակարգչի 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող` մեղուների, այլ միջատների, հնդկընկույզի, աբակայի մանրաթելերի, ճենականեփի (չինական եղինջ) և այլ բուսական մանածագործական մանրաթելերի, ինչպես նաև ջերմոցների իրացումն ԱԱՀ-ից ազատելն է:
Կառավարության հավանությանն է արժանացել «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերով սահմանվում է հասարակական կազմակերպության իրավական վիճակը, կարգավորվում  նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները: Անդրադառնալով օրինագծերին գործադիրի ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումների, ինչպես նաև մասնագիտական հետազոտությունների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու տեսակետները, ներկայացնում է հիշյալ նախագիծը որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների ծրագիր:
Այն այս տեսքով արժանացել է թե´ միջազգային կառույցների և թե´քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավանությանը: 
Ցանկանում եմ առանձնացնել այս նախագծով առաջարկվող մի շարք նորամուծություններ, մասնավորապես՝ կամավորների ինստիտուտի ներմուծումը, ինչը ոչ միայն ապահովում է յուրաքանչյուր հասարակության բարեկեցությունը, այլ նաև  նպաստում է մարդկային կենսակերպի բարելավմանը: 
Կարևորում եմ նաև հասարակական կազմակերպությունների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընդլայնումը, ինչը կարող է հիմնարար նշանակություն ունենալ ինչպես հասարակական կազմակերպությունների ինքնուրույնության, այնպես էլ ֆինանսական կայունության համար:
Նախագծում կարևոր շեշտադրում է արվել նաև հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության բարձրացմանը, ընդ որում հստակ տարանջատում է նախատեսվել հանրային միջոցներից ֆինանսավորվող ՀԿ-ների հաշվետվողականության և այլ աղբյուրներից ֆինանսավորվող ՀԿ-ների հաշվետվողականության միջև:  
Եվ վերջապես, հասարակական կազմակերպությունների առցանց գրանցման հնարավորության ստեղծումը կարևոր խթան կհանդիսանա ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում հասարակական կազմակերպությունների հիմնադրման և քաղաքացիական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման համար»:
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով  առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքը: 
Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ տվել է բացասական եզրակցություն: Ներկայացված նախագծերի համաձայն՝ առաջարկվում է փոփոխություն և  լրացում կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես,  սահմանելով, որ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով` վարչական մարմնի պահանջի հիման վրա: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ` գործող կարգավորմամբ խախտվում է քաղաքացիների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Կառավարության եզրակացության համաձայն, նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնավորված չեն, գործող իրավակարգավորումն իրավաչափ է, առկա է օրենքի կիրառման գործող պրակտիկա, որով լիարժեք ապահովվում են քաղաքացիների իրավունքները: 
Օրենքի նախագծերը և կառավարության եզրակացությունը  սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play