Հայաստանի երկրորդ նախագահը չի պահանջում ամբողջը՝ այլ պահանջում է իր բաժնեմասը. Մեկնաբան


Հայաստանի երկրորդ նախագահը չի պահանջում ամբողջը՝ այլ պահանջում է իր բաժնեմասը. Մեկնաբան

  • 18-11-2015 18:36:48   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
Հրապարակվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը, որ նա տվել էր գերմանական Դոյչե Վելլե ալիքին: Հարցազրույցի որոշակի հատվածներ հրապարակել է Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը:

 

Հարցազրույցի հրապարակված հատվածները վկայում են, որ իր մոտեցումներում Ռոբերտ Քոչարյանը առանձնակի փոփոխություններ չի կատարել թե ներքին, թե արտաքին հարցերում` երկրորդ նախագահը շարունակում է որեւէ առանցքային խնդրի կապակցությամբ խուսափել հիմնարար հաղորդագրություններից: Դա վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանը կամ շարունակում է շոշափել, թե որքանով է ամուր իր քաղաքական վերադարձի հնարավորությունը, կա՞ արդյոք հող, որը թույլ կտա գործնականում մտածել ակտիվության մասին, կամ էլ երկրորդ նախագահը վստահ է, որ այդ հողը չկա եւ ընդամենը փորձում է նվազագույն խնդիր լուծել եւ պահպանել հետաքրքրությունն իր գործոնի հանդեպ, մինչեւ որ կգան ավելի բարենպաստ ժամանակներ:

 

Այդուհանդերձ, այն, որ Ռոբերտ Քոչարյանի տեսակետները` նրա ակտիվ քաղաքականություն վերադառնալու պատրաստակամության գործնական ազդակների բացակայության պայմաններում շարունակում են հետաքրքրել ընդուպ միջազգային լրատվամիջոցների, արդեն իսկ ուշագրավ է:

 

Այդ հանգամանքը հիմք է տալիս մտածելու, թե արդյոք հող շոշափելով չէ զբաղված ոչ միայն երկրորդ նախագահը, այլ նաեւ ուժային որոշակի կենտրոններ, արտաքին սուբյեկտներ, որոնք հետաքրքրություններ ունեն Հայաստանի ներքին կյանքում, Հայաստանի իշխանության ձեւավորման գործընթացում:

 

Բանն այն է, որ այդ տեսանկյունից իրավիճակը հետեւյալն է: ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը մնացել են միակ գործուն խաղացողը, Հայաստանում փաստացի չկա կենսունակ երկրորդ բեւեռ, որը կարող է մրցունակ լինել իշխանությանը: Ռեսուրսային մրցունակության մասին խոսք չկա, խոսքը գաղափարական-քաղաքական մրցունակության մասին է: Այդ տեսանկյունից հայաստանյան ներքին դաշտում կա տոտալ անհամարժեքություն` թե ներքին իրողությունների, թե արտաքին գործընթացների հանդեպ:

 

Մինչդեռ ակնհայտ է, որ ներհայաստանյան այդ միաբեւեռ իրավիճակը խնդիր է դառնում Հայաստանն աշխարհքաղաքական ծրագրերի եւ ռազմավարության տիրույթում դիտարկող, եւ ըստ այդմ Հայաստանի հետ աշխատանքի հարցում հետաքրքրություն ունեցող ուժային կենտրոնների համար, հատկապես ԱՄՆ ու Եվրամիության, որոնք Հայաստանում չունեն այն ցանցային տոտալ ներկայացվածությունը, ինչը որ ունի Ռուսաստանը:

 

Այդ պարագայում, Հայաստանի հետ աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է լինում նրանով, թե որքանով է հնարավոր ստեղծել «երկրորդ բեւեռ», որը կլինի ոչ թե «առաջին բեւեռի» բուֆերը, այլ կունենա հնարավորինս ինքնուրույն հավակնություններ: Եվ երբ չի ձեւավորվում գաղափարական-քաղաքական բեւեռ, ապա կարող է ինքնաբերաբար դիտարկվել ռեսուրսային բեւեռի ձեւավորման տարբերակը:

 

Այստեղ մինչեւ 2015 թվականի փետրվար դիտարկվում էր Գագիկ Ծառուկյանը, որը սակայն ոչ թե բեւեռ դարձավ, այլ վերածվեց բուֆերի, ընդ որում ոչ միայն իշխանության, այլ նաեւ մրցակից թիմերի համար:

 

Ի վերջո, բուֆերն սկսեց ավելի խանգարել, քան «միաբեւեռությունը»: Բայց, կարճաժամկետ խնդիրներում լինելով ավելի էֆեկտիվ, միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով «միաբեւեռությունը» խնդրահարույց, անարդյունավետ տարբերակ է եւ ըստ այդմ Հայաստանի մասով կրկին հասունացել է «երկրորդ բեւեռի» տարբերակը: Եթե չի ձեւավորվում, չի գտնվում կամ բավարար ծավալով չի գեներացվում քաղաքական-գաղափարական մոդելը, ապա ռեսուրսային մոդելի առումով առաջնային հավակնորդը բնականորեն դիտարկվելու է Ռոբերտ Քոչարյանը:

 

Բայց, ինչպես հնարավոր է դատել Ռոբերտ Քոչարյանի արձագանքից, նա չի ցանկանում մտնել խաղի մեջ, քանի դեռ չունի իշխանության մաս կազմելու հստակ երաշխիքներ: Այդ պատճառով էլ Քոչարյանը շարունակում է շեշտել, որ տեսնում է միակուսակցականության ռիսկ եւ դա համարում է խիստ վտանգավոր: Այսինքն, երկրորդ նախագահը մեծ հաշվով չի պահանջում ամբողջը, այլ պահանջում է իր բաժնեմասը:

 

Սերժ Սարգսյանը կարծես թե տրամադրված չէ տալ այդ երաշխիքները, հավանաբար մտավախություն ունենալով, որ մասը հետ բերելով, Քոչարյանը կարճ ժամանակում ունակ կլինի վերցնել արդեն ամբողջը: Բայց, Սարգսյանը թերեւս գիտակցում է նաեւ, որ «միաբեւեռ» իրավիճակը ժամանակի ընթացքում մեծացնելու է իր վրա արտաքին ճնշումը, եւ այդ իսկ պատճառով Սահմանադրության նախագծով իրեն վերապահելով կայուն մեծամասնության հնարավորություն, այդուհանդերձ առաջարկում է կոալիցիոն տարբերակ:

 

Խնդիրն այն է, թե Սարգսյանի առաջարկած տարբերակը որքանով համոզիչ կլինի արտաքին կենտրոնների համար, այսինքն այդ տարբերակով «երկրորդ բեւեռի» միջոցով մանեւրի ավելի մեծ հնարավորություն կունենան իրենք, թե Սերժ Սարգսյանը:

 

Ըստ ամենայնի, դրանով է նաեւ պայմանավորված, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը կստանա իշխանության մասի արտաքին երաշխիքներ:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ