Թափառական կատվին կերակրող սիրիացի տղան պայթյունի զոհ է դացձել


Թափառական կատվին կերակրող սիրիացի տղան պայթյունի զոհ է դացձել

  • 19-11-2015 16:15:46   | Սերբիա  |  Վերլուծություն
«Ասում են՝ մեզ համար մահը սովորական է դարձել, բայց դա այդպես չէ»:
 
2014-ի փետրվարին, երբ հումանիտար գործունեությամբ էի զբաղված Հարասթայում, որոշեցի բարեգործական ճաշարան բացել՝ կարիքավորներին սնունդով ապահովելու համար:
 
Ճաշարանը որոշեցի տեղակայել մի փոքրիկ ագարակում: Այստեղ էլ հանդիպեցի ագարակի պահակին՝քառասունամյա Աբու Սթեիֆին: Նա բարի մարդ էր, որի մեղմ բնավորությունը պատերազմն ի զորու չէր եղել կարծրացնել:  
 
Աբու Սթեիֆի յոթամյա որդին՝ Մուհամմեդը, երբեմն օգնում էր հորը: Նա մարդամոտ տղա էր, հրեշտակի պես բարի: Ես սիրեցի Մուհամմեդին, եւ բոլորովին անսպասելիորեն ինձ համար, նա էլ ինձ հետ մտերմացավ: 
 
2015-ի ապրիլի 24-ն ուրբաթ օր էր, որը սկսվեց սովորական մյուս օրերի նման: Մենք ուտելիք պատրաստեցինք Հարասթայում զոհվածների ընտանիքների համար եւ տեղավորեցինք այն մեր փոքրիկ բեռնատարում՝ բաժանելու համար: Մուհամմեդն օգնում էր մեզ դասավորել սնունդը՝խոհանոցից ներս ու դուրս անելով: Նա ուրախ էր ու հպարտ, որ իրեն էլ են գործ վստահել:  
 
Ես մեքենայով շարժվեցի սնունդ բաժանելու եւ հազիվ երկու ժամով բացակայած կլինեի, բայց երբ վերադարձա, ինձ սարսափելի նորություն էր սպասվում: Ագարակի բակում արյան լճակ էր գոյացել, որի կողքին նստած հեկեկում էր Աբու Սթեիֆը: 
 
Նա պատմեց, որ տանն էր, երբ պայթյունի ձայն էր լսել: Երբ վազել Մուհամմեդի հետեւից, հայտնաբերել էր որդուն դրսում՝գետնին արնաշաղախ ընկած:  
 
Ես նստեցրի Աբու Սթեիֆին իմ փոքրիկ բեռնատարը, եւ մենք ուղեւորվեցինք Հարասթայի բժշկական կենտրոն, որտեղ Մուհամմեդին տարել էր շտապօգնության մեքենան: Տղան այնտեղ չէր: Նրա ստացած վնասվածքներն այնքան լուրջ էին, որ տղային տեղափոխել էին Դումայի քաղաքային հիվանդանոց: 
 
Երբ հասանք Դումայի հիվանդանոց, մեզ ասացին, որ Մուհամմեդին վիրահատում էին: Երկու ժամ անց, բժիշկները դուրս եկան ու հայտնեցին, որ տղան ծայրահեղ ծանր վիճակում էր: Փոքրիկի երկու ոտքերն ու ձեռքերն անդամահատել էին: Նա ամբողջությամբ կուրացել էր: 
 
Թողնելով Մուհամմեդին կենսապահովման սարքի հույսին՝ մենք վերադարձանք Աբու Սթեիֆի տուն: Վիշտն ուժասպառ էր արել նրան, բայց դեռ պետք է պատմեր կնոջը տեղի ունեցածի մասին: Նա հնարավորինս մեղմ նկարագրեց կնոջը դեպքը՝ բաց թողնելով Մուհամմեդի վնասվածքների հետ կապված զարհուրելի մանրամասները: 
 
Փոքրիկի մայրը վճռել էր անպայման որդու մոտ գնալ, բայց Աբու Սթեիֆը թույլ չտվեց կնոջը՝ ցանկանալով զերծ պահել նրան որդուն նման վիճակում տեսնելուց: Նա ասաց կնոջը, որ հիվանդանոցում գիշերային այցելություններն արգելվում էին: 
 
Հաջորդ օրը դաժան մղձավանջի էր նման: Ակնհայտ էր, որ Մուհամմեդի վնասվածքները չափազանց ծանր էին, եւ դժվար թե նրա փոքրիկ մարմինը կարողանար դիմակայակել: Մենք գիտեինք, որ նրա կյանքը մարում էր:  
 
Երեք օր հետո փոքրիկ հրեշտակը մահացավ: 
 
Հետագայում պարզեցինք, որ տղան թափառական կատվի էր կերակրում, երբ մոտակայքում արկ էր պայթել: Կոտորակառումբը հարվածել էր թե՛ Մուհամմեդին, թե՛ կատվին: Պարզապես կատուն ողջ էր մնացել: Մուհամմեդը թաղված է Հարասթայում: Նրա մայրն այդպես էլ չտեսավ որդուն: Մենք որոշեցինք, որ այդպես ավելի լավ կլինի, հակառակ դեպքում՝փոքրիկի այլանդակված մարմնի տեսարանը մշտապես հետապնդելու էր վշտացած մորը:  
 
Երբ գնացի Մոհամմեդին այցի, նրա գերեզմանի վրա փոքրիկ ծաղկեփունջ ու գրություն տեսա, որտեղ ասում էր. «Հավերժ սիրով՝քո ընկեր Բիլալ Նաջիբ»: 
 
Ինձ այնպիսի տխրություն էր համակել, որ երեք օր անց միայն կարողացա այցելել Մուհամմեդի հարազատներին՝ ցավակցությունս հայտնելու համար: Երբ փոքրիկի մայրն ինձ տեսավ, գրկեց ինձ ու արտասվեց: Նա պատմեց, թե որքան էր փոքրիկը սիրում ինձ ու որքան էր խնդրում իրեն թույլ տալ այցելել ինձ հոր հետ: 
 
Մուհամմեդի մոր բառերից հետո մեղքի զգացում ունեի: Այնքան կուզենայի, որ նա ինձ երբեւէ տեսած ու այցելած չլիներ: Գուցե այդ դեպքում նրա կյանքը հաջողվեր փրկել:   
 
Ոմանք ասում են, որ այստեղ՝պաշարված Արեւելյան Ղուտայում, մենք սովորել ենք մահվանը, բայց դա ճիշտ չէ: Յուրաքանչյուր ոք, ում կորցնում ենք, անփոխարինելի է, եւ յուրաքանչյուրի մահը տեւական ու տխուր հիշողություն է թողնում մեր սրտերում: 
 
Կգա մեր փրկության օրը, բայց մեր ուրախությունը լիակատար չի լինի, քանի որ նրանք, ում հետ կուզենայինք կիսել մեր երջանկությունը, այլեւս չկան: Կորստի վիշտը մեր մշտական ուղեկիցն է լինելու, որքան էլ որ փորձենք այն անտեսել կամ թաքցնել: Կան վերքեր, որոնք երբեք չեն բուժվում, հատկապես հոգուն հասցված վերքերը: 
 
 
Ֆաթեն Սամիհ Աբու Ֆարեսը IWPR-ի Դամասկոսի գրասենյակի թղթակիցն է եւ կեղծանվան տակ գրող լրագրող է՝Սիրիայի Արեւելյան Ղուտա շրջանից:  
 
Հոդվածը հրապարակվել է IWPR-ի ՝սիրիացի լրագրողների համար գործող Դամասկոսի գրասենյակի կողմից:  
 
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» պարբերականից։ (iwpr.net)
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play