Թշնամու թիրախում մշտապես գտնվող Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչների սովորական առօրյան մեկ օրով փոխվեց (տեսանյութ)


Թշնամու թիրախում մշտապես գտնվող Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչների սովորական առօրյան մեկ օրով փոխվեց (տեսանյութ)

  • 21-12-2015 18:26:28   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն



Ամանորին ընդառաջ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) Ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի բոլոր երեխաները` թվով 25-ը, և 20 զոհված ազտամարտիկների  ընտանիքներ ստացան ամանորյա նվերներ: 
Նախատոնական բարեգործական այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի ուսխորհուրդի նախագահ Ռոման Հակոբյանը և որոշ անդամներ Ձմեռ Պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ այցելեցին Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ, որտեղ հավաքված երեխաններին և զոհված ազտամարտիկների ընտանիքներին հանձնեցին իրենց իսկ նվիրատվություններով գնված նվերները` փոքրիկ տոն պարգևելով թշնամու թիրախում մշտապես գտնվող գյուղի բնակիչներին:
 
Սահմանամերձ գյուղի մանկապարտեզի սովորական առօրյան թեկուզ մեկ օրով փոխվեց. երեխաներին այցելած Ձմեռ Պապը և Ձյունանուշն անմիջապես իրենց շուրջը հավաքեցին զարմացած երեխաներին` նրանց համար կազմակերպելով խաղեր, երգ ու պար: 
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Ռ. Հակոբյանը, իրականացված այցը կրում է հայրենասիրական բնույթ և առաջին անգամը չէ որ նման միջոցառում է կազմակաերպվում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի ուսխորհուրդի կողմից:  
«Մենք ընտրել էինք զոհված ազատամարտիկների ընտանիքները որպես այն մարդկանց ընտանիքներ, ովքեր իրենց արյունով են փրկել այս հողը, իսկ երեխաները համարվում են Հայաստանի ապագան և հետագայում երկրի ներկայիս սահմանները պահողներն ու պաշտպանողները»,- ասաց Ռ. Հակոբյանը` հավելելով, որ բարեգործական ծրագիրը շարունակական բնույթ է կրելու` անկախ տարվա եղանակից:
 Վերջինիս խոսքերով` միջոցառման կազմակերպիչների նպատակն է այս կերպ հատկապես երիտասարդներին ներգրավվել բարեգործական միջոցառումներում, որոնք թույլ են տալիս նրանց գաղափարապես հասկանալ ու ընկալել, որ կարող են իրենց ուժերի չափով օգտակար լինել սահմանամերձ գյուղերում բնակվող հայրենակիցներին: 
Ռ. Հակոբյանն իր ամանորյա ուղերձում նշեց. «Ցանկանում եմ, որ մեր երեխաները ապրեն ավելի լավ, կայացած և զարգացած երկրում, ուստի մենք որպես երիտասարդներ` պարտավոր ենք  ներդրումային կարգով անել ամեն հնարավորը, որպեսզի ապագա սերունդներն ունենան ավելի լավ Հայաստան: Գտնվելով Ներքին Կարմիրաղբյուրում`  ցականում եմ, որ մեր երկրի սահմանները լինեն անսասան, իսկ մեր հայ զինվորները`  առողջ,  և իրենց զենքի ուժով ապահովեն երկրի խաղաղությունն ու բարորությունը»: 
Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրեն Սվետլանա Մանուչարյանի խոսքերով` երեխաները մշտապես ուրախությամբ են հաճախում  մանկապարտեզ` չնայած հակառակորդի կողմից պարբերաբար հնչող կրակոցներին:
«Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ պատրաստվում ենք Ամանորյա հանդեսին, երեխաները լիարժեքորեն այցելում են, այստեղ օրը շատ ակտիվ է անցնում, իսկ կրակոցների ժամանակ փակում ենք դռներն ու պատուհաները, միացնում բարձր երաժշտություն և զբաղեցնում երեխաներին»,- ասաց Ս. Մանուչարյանը` հավելելով, որ վերջերս պատրաստել են նոր թաքստոցներ:
Նրա փոխանցմամբ` միակ դժվարությունը կապված է դասերն անցկացնելու հետ, քանի որ երեխաների թիվը փոքր է և նրանք տարբեր տարիքային խմբեր են ներկայացնում:  
Տոնական միջոցառման կազմակերպիչներին ուրախությամբ ընդունեց և ճանապարհեց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը` հույս հայտնելով, որ նման միջոցառումները կլինեն շարունակական և առանց առիթների:  
 
 
 
 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութերը և լուսանկարները «Նոյյան Տապանի»
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play