Մոլդովայում վերսկսվել են բազմահազար բողոքի ակցիաներ
21-01-2016 18:16:44 | Մոլդովա | Հասարակություն
Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում վերսկսվել են հակակառավարական ցույցերը, որոնց շրջանակներում մարդիկ փակել են մայրաքաղաքի գլխավոր մայրուղին` պահանջելով նախագահի ու վարչապետի հրաժարական և արտահերթ ընտրությունների անցկացում: korrespondent.net-ի փոխանցմամբ` ցուցարարների թիվը մոտ 10 հազար մարդ է կազմում և գնալով ավելնում է:
Ցուցարարները արգելափակել են կառավարության շենքը: Նրանց կողմից խորհրդարանի առջև տեղադրված բեմից հայտարարություններով հանդես են գալիս ընդդիմադիր առաջնորդները` սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Իգոր Դոդոնը և «Մեր կուսակցության» ներկայացուցիչ Րենատո Ուսատին, ովքեր հորդորում են մարդկանց հրապարակ գալ տաք հագուստով, որպեսզի պայքարեն մինչև վերջ և տապալեն քրեածին իշխանությունը:
Նրանց խոսքերով` մայրաքաղաքի կենտրոն են գալիս միկրոավտոբուսներ, որոնք հրապարակ են բերում շրջանների ցուցարարներին:
Նշվում է, որ կառավարության և խորհրդարանի շենքերը շրջապատված են ոստիկանական ուժերով: Ներկայումս աջ և ձախ ընդդիմադիր ուժերի համատեղ շարասյունը սկսել է երթ իրականացնել Քիշնևի գլխավոր փողոցներով: