ՀՀ-ՌԴ շահերն սկսել են համընկնել, սրանից չօգտվելու մեղավորները Հայաստանի իշխանություններն են լինելու. քաղաքագետ (տեսանյութ)


ՀՀ-ՌԴ շահերն սկսել են համընկնել, սրանից չօգտվելու մեղավորները Հայաստանի իշխանություններն են լինելու. քաղաքագետ (տեսանյութ)

  • 13-02-2016 14:11:10   | Հայաստան  |  Քաղաքական



Ժամանակին Հայաստանի մասնատման, ալան-թալանի, մեկ խոսքով աճուրդի կնքահայր դարձած Ռուսաստանն այսօր բացառապես կարիքն ունի Հայաստանի Հանրապետության օգնության և հայ ժողովրդի համակրանքի, ինչից պետք է անպայման օգտվեն Հայաստանի ղեկավար մարմինները: Նման կարծիք փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
 
Վերջինս անդրադառնալով 1921-ի Մոսկվայի պայմանագրին և նրա շուրջ ծավալվող զարգացումներին` ընդգծեց. « Բախտի բերմամբ խոշոր տերություններից մեկի` Ռուսաստանի շահերը պատմականորեն սկսել են համընկնել Հայաստանի շահերի հետ. Դա է պատճառը, որ առաջին անգամ ռուսները հրապարակայնորեն Հայաստանին անվանում են իրենց միակ դաշնակից, իսկ սա նշանակում է, որ ուժերի հավասարակշռությունը տեղաշարժվում է»:
Ըստ նրա`  ուղիղ 100 տարի մենք գտնվում էինք խիստ աննպաստ իրավիճակում` ցեղասպանված, թալանված, օկուպացիայի մեջ, իսկ ներկայիս աշխարհակարգի գլոբալ փոփոխությունների արդյունքում իրադարձությունները տանում են դեպի Հայաստանի ազգային ու պետական շահը, նաև հայ ժողովրդի անվտանգության հարցը:
Բանախոսի խոսքերով` 1921 թվականին Մոսկվայի պայմանագրի կնքումից բացառապես շահել են Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը, տուժողի դերում եղել է միայն Հայաստանը, իսկ Ռուսաստանը ոչ մի օգուտ չի ստացել: 
Լ. Շիրինյանի կարծիքով` Հայաստանի շահերի դեմ ուղղված վերոնշյալ պայմանագրի չեղարկման հարցն առայժմ հստակեցված չէ, փոխարենը հստակ է մի բան, որ Ռուսաստանը խաղը սկսել է:
«Սա ժամանակակից ռազմավարության մեջ կոչվում է փափուկ ուժի կիրառում, այսինքն` Ռուսաստանն առայժմ Մոսկվայի պայմնագրով ճնշում է Թուրքիային սեփական շահադիտական պահանջների բավարարման համար»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ Թուրքիայի կողմից այդ պահանջների բավարարման մասին ռուսները միայն ակնարկում են և հստակ պահանջներ առայժմ չեն դնում: 
Լ. Շիրինյանի փոխանցմամբ` ԱՄՆ-ի բարյացակամ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ թույլ է տալիս ենթադրելու, որ Ռուսաստանի պահանջները Թուրքիայից բավարարվելու են: 
«Ես նույնիսկ վստահ եմ, որ Ռուսաստանը մինչև իսկ միջուկային շանտաժի կենթարկի Թուրքիային, զենք կօգտագործի, եթե իր պահանջները չբավարարվեն»,- ասաց նա` հավելելով, որ Թուրքիայի կողմից հակամարտության խորացումը կարող է հանգեցնել պայմանագրի չեղարկման:
Այն հարցին, թե ինչ կտա Հայաստանին Մոսկվայի պայմանագրի չեղարկումը, քաղաքագետը հայկական կողմին հիշեցրեց. «Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններն այս պայմաններում կարգավորող միակ իրավաքաղաքական փաստաթուղթը 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Դրո-Լեգրան կոչվող պայմանգիրն է, որը հայտնի է նաև Երևանի պայմանագիր անունով, հենց այս պայմանգրի մասին որպես մեկնակետ պետք է բարձրաձայնվի ռուսական վերլուծական հանրության առջև, իսկ հայկական պետությունը նույնը պետք է անի ռուսական պետության առջև»:
Լ. Շիրինայանն ընդգծեց, որ Դրո-Լեգրան պայմանագիրը պետք է մեջտեղ բերվի, իսկ եթե դա չարվի, ապա միակ մեղավորը Հայաստանի պատկան մարմիններն են լինելու: 
Նա կոչ արեց ուշադրություն դարձնել վերոնշյալ պայմանագրի հատկապես 2-րդ կետի պահանջներին և հորդորեց ամեն ինչ անել` պատմականորեն ստեղծված պահից առավելագույնս օգտվելու համար: 
Քաղաքագետի համոզմամբ` իրավիճակի սրվելու պարագայում գտնվելու են «Ազդեցության գործակալներ», ովքեր հայաստանյան իշխանություններին  հորդորելու են լռել. «Մինչդեռ սա այն հարցն է, որի պարագայում Հայաստանը լռել և չխառնվել չի կարող, ավելին` վերջինս նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում պարտավոր է գիշեր-ցերեկ հետապնդել ազգային և պետական շահը` գործելով բացառապես այդ տրամաբանությամբ»,- եզրափակեց Լ. Շիրիանյանը:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play