Սյունիքում նախատեսվում է ստեղծել արդյունաբերական գոտի<br />


Սյունիքում նախատեսվում է ստեղծել արդյունաբերական գոտի

  • 27-10-2010 13:46:00   | Իրան  |  Տնտեսություն
ԹԵՀՐԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սյունիքի մարզում հնարավոր է ստեղծվի արդյունաբերական գոտի, որտեղ ձեւավորված ձեռնարկությունները կունենան մեկ ընդհանուր նպատակ` բացահայտել այն ներուժը, որն ունի Հայաստանը գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության եւ այլ ոլորտներում: Իրանի Իսլամական Հանրապետությունում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ այդպիսի գոտու ստեղծումն առավել արդյունավետ կդարձնի երկաթգծի կառուցման աշխատանքները, քանի որ մասնավոր հատվածի համար կլինի լրացուցիչ խթան` ներդրումներ կատարելու երկաթգծի կառուցման աշխատանքներում: «Մեր ձեռներեցները մաքսային ծառայությունների աշխատանքին վերաբերող մի շարք խնդիրներ բարձրացրեցին այս օրերի ընթացքում, այդ պատճառով մենք հրավիրել ենք Իրանի մաքսային ծառայության ղեկավարին այցելել Հայաստան եւ հայ գործընկերների հետ քննարկել այդ ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր»,- ասել է Տ.Սարգսյանը` կարեւորելով իրանցի գործընկերների կողմից արված այն առաջարկը, որը ենթադրում է ստեղծել միասնական մաքսային դարպաս: ՀՀ վարչապետի պարզաբանմամբ, դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները ընդամենը մեկ անգամ են շփվելու մաքսազերծման ընթացքի կազմակերպիչների հետ, որն էլ ենթադրում է, որ երկու երկրների մաքսային ծառայությունների միջեւ պետք է ստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ, հաստատվեն կանոններ, որոնք հասանելի կլինեն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: «Անհրաժշտություն կա, որպեսզի մեր իրանյան գործընկերներն ավելի լավ պատկերացում ունենան Հայաստանի օրենսդրության մասին, իսկ մեր գործարարներին անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ ներկայացնել Իրանի օրենսդրությունը` տնտեսական հարաբերություններ հաստատելու համար: Այս հանդիպումների ընթացքում ակնհայտ է, որ մենք ունենք նման տեղեկատվության պակաս, եւ կարծում ենք, որ այդ պակասը կարող են լրացնել մեր երկու երկրների Առեւտրային պալատները»,- ասել է Տ.Սարգսյանը` պատրաստակամություն հայտնելով Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատին լրացուցիչ իրավասություններ տրամադրել մաքսազերծման գործընթացները հեշտացված կարգով իրականացնելու համար: ՀՀ վարչապետի խոսքով, Հայաստանը եւ Իրանը պատմականորեն ունեցել են բարիդրացիական հարաբերություններ եւ երկու պետությունների միջեւ ձեւավորված այդ հարաբերությունները, բավականին բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը հրատապ է դարձրել մի խնդիր, համաձայն որի պետք է բացահայտվի նաեւ երկու երկրների տնտեսական ներուժը: «Մեր առեւտրաշրջանառության ծավալների մեջ Իրանը զբաղեցնում է ընդամենը յոթերորդ տեղը այն պարագայում, երբ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հնարավոր է էապես բարձրացնել այդ ցուցանիշը եւ կազմակերպել այնպիսի առեւտրաշրջանառություն, որ տնտեսապես ավելի ձեռնտու լինի: Ջանքեր են ներդրվելու նաեւ տուրիզմի զարգացման առումով: Այստեղ մեր տուրիստական գործակալությունները անելիքներ ունեն` ներկայացնելու մեր երկրների տուրիստական գրավչությունները»,- նշել է Տ.Սարգսյանը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հայ-իրանական համագործակցության ոլորտները կընդլայնվեն նաեւ կրթական ոլորտում: Նախատեսվում է հայագիտական կենտրոն ստեղծել Թեհրանի պետական եւ Իսլամագիտական կենտրոն` Երեւանի պետական համալսարաններում: ԻԻՀ հանքերի, առեւտրի ու արդյունաբերության պալատի նախագահ Մոհամմադ Նահավանդիանը կարեւորել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ հայաստանյան պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն` նշելով, որ ինքն էլ նոր է վերադարձել Հայաստանից եւ մտքերի փոխանակության այսպիսի ինտենսիվությունը շատ անհրաժեշտ է: «Այն խնդիրները, որոնց մասին խոսվեց այս երկու օրերի ընթացքում, գտնվում են Իրանի նախասիրությունների շարքում: Մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարեւան պետությունների հետ ու այդ առումով գործադրելու ենք բոլոր ջանքերը համագործակցության եզրեր փնտրելու համար»,- ասել է Մոհամմադ Նահավանդիանը: Նա նույնպես հատկանշական է համարել արդյունաբերական գոտու ստեղծումը, որի միջոցով տնտեսության մի շարք ոլորտներում կարձանագրվեն հաջողություններ: «Արդյունքում կկարողանանք մեծացնել շահույթը, եւ կրճատել ծախսերը»,- ասել է Մոհամմադ Նահավանդիանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play