Ադրբեջանը կարիք ունի ավելի վտանգավոր խաղ խաղալու.Քաղաքագետ


Ադրբեջանը կարիք ունի ավելի վտանգավոր խաղ խաղալու.Քաղաքագետ

  • 17-02-2016 19:08:45   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը

 

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը գլոբալ սպառնալիքների վերաբերյալ ամերիկյան սենատի ԶՈՒ հարցերով հանձնաժողովի առաջ ներկայացրած ամենամյա զեկույցում հայտարարել է 2016 թվականին ԼՂ հակամարտության սրման հավանականության մասին։ Նա նշել է, որ Ադրբեջանը չի հրաժարվում ԼՂ հանդեպ պահանջներից, իսկ Հայաստանը՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Այս փուլում, ըստ Ձեզ, հակամարտության սրման հավանականությունը որքա՞ն է մեծացել։

 

Եթե համեմատենք այսօրվա իրավիճակը մի քանի տարի առաջվա իրավիճակի հետ, ապա այո, իրավիճակը սահմանին ավելի լարված է, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանը թե ներքին, թե արտաքին պատճառներով պայմանավորված, կարիք ունի ավելի վտանգավոր խաղ խաղալու։ Այսինքն՝ ներքին առումով գիտենք, որ ընկերային, ֆինանսական, տնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ իշխանությունները փորձում են դիվերսիա իրականացնել դեպի Ղարաբաղ՝ հիմնավորելով, որ իբրև խնդիր՝ կա միայն Ղարաբաղի խնդիրը, մնացածը ոչինչ է։ Բացի այդ, կա ընտրապայքար, քանի որ այս տարի խորհրդարանական ընտրություններ են սպասվում Ադրբեջանում։

Երկրորդ՝ արտաքին առումով՝ Թուրքիայի  և Ռուսաստանի միջև ճգնաժամն Ադրբեջանին դնում է  դժվար կացության մեջ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ադրբեջանը ռազմաքաղաքական դաշնակից է Թուրքիայի հետ, բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և Ադրբեջանի համար այսպիսի կացությունն իսկապես վտանգավոր է: Արևմուտքը, իմանալով այդ երկու՝ արտաքին և ներքին պատճառները, ունի կարողություն՝ Ադրբեջանին սթափեցնելու, բայց իմանալով, որ Ադրբեջանը ինքնիշխան պետություն է և իր ուզածն է շարունակում,  բանակցությունների ուղղությամբ ոչինչ չի ուզում անել, միմիայն իր նշած խաղաղությունը, այսինքն՝ Ղարաբաղը իրենց հսկողության տակ պահել և այլն։ Սերժ Սարգսյանն էլ իր ելույթում ասաց, որ մենք գիտենք՝ ինչ են ուզում ազերիները և թուրքերը, բայց դա նրանց չի հաջողվի։ Գիտենք ինչ են ուզում, չեն ընդունում որևէ զիջում հայերի հանդեպ: Ադրբեջանը զիջում ասելով հասկանում է աշխարհում միջազգային համայնքի հետ ցանկացած զիջումների գնալ, համաձայնություն ձեռք բերել,  բացի հայերից։ Հայերը գիտեն, որ որևէ բան չպետք է սպասեն Ադրբեջանից։ Ես վաղուց եմ ասում, որ մենք պետք է վարժվենք Ադրբեջանի սպառնալիքներին։ Իրականությունը սա է։

 

Սերժ Սարգսյանը մասնակցելու է ԱՄՆ-ում միջուկային անվտանգության գագաթնաժողովին, Ալիևը նույնպես։ Հնարավո՞ր է երկու նախագահների միջև նոր հանդիպում, և արդյոք հերթական անպտուղ հանդիպումը չի լինի, թե հիմա իրավիճակ է փոխվել։

Ոչ մի սպասելիք չունեմ այդ հանդիպումից։ Ալիևը այնպիսի հանդիպումներով փորձում է  ցույց տալ, թե իբր պատրաստ է բանակցությունների, բայց որևէ բան չի ասում, ոչ մի բան չի ընդունում։ Սերժ Սարգսյանը, ըստ իս, ավելի շատ շեշտը դնում է  բանակցությունների վրա, որովհետև մենք գիտենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, և ուզենք թե չուզենք՝ բանակցությունները պետք է շարունակենք, բայց իմանալով, որ Ադրբեջանի նախագահը որևէ քայլ չի անում, ուրեմն որևէ բան տեղի չի ունենա։ Ինչ սպասել, երբ ազերիները ասում են, որ հայերը նախ պետք է դուրս գան այդ շրջաններից, հայերը ասում են՝ եկեք բանակցենք, հայերին ասում են՝ ձեզ ոչ մի բան չենք տալիս, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է բանակցել, համաձայնության գալ ազերիների հետ, երբ նրանք որևէ քայլ չեն անում՝ բացի սպասելուց, որ հայերը այդ շրջաններից դուրս գան։ Ազերիներն ասում են, որ ՄԱԿ-ի չորս բանաձևերն ուզում ենք, որ գործադրվեն, բայց այդ չորս բանաձևերում Հայաստան բառը մեկ անգամ է գրված, և ուրեմն Ադրբեջանը պետք է բանակցի Ղարաբաղի իշխանությունների հետ: Քանի որ Ադրբեջանը մերժում է այս տարբերակը, ստատուս քվոն մնում է և շարունակվում այդպես։

 

Հայաստանում ռուսական ռազմաբազայում անակնկալ ստուգումներ են, մարտական պատրաստվածության է բերվում։ Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը ռուս-թուրքական բախումների թատերաբեմ դառնա։

Չեմ կարծում, որ դառնա, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, և առանց ԱՄՆ կանաչ լույսի չի կարող իր ուզածն անել։ Երկրորդ՝ Հայաստանի իշխանությունը ճիշտ քաղաքականություն է իրականացրել՝ չմիջամտել այդ երկու երկրների միջև ճգնաժամին։ Բայց քանի որ  ռուսները ռազմաբազա ունեն Գյումրի քաղաքում և քանի որ լարված է այդ երկու երկրների միջև հարաբերությունները, ինքնաբերաբար ռուսական ռազմաբազան ավելի զգույշ և ավելի պատրատսված պիտի լինի, բայց դա չի նշանակում պատերազմի մեջ մտնել։ Բայց թե Ռուսաստանը, թե Թուրքիան դրա կարիքը չունեն։

 

Իր հարցազրույցում ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հայտարարել է, որ Թուրքիային կարող են հարվածել Հայաստանի տարածքից։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

Հայաստանը չի մտնի այդ խաղի մեջ, և Հայաստանը հարաբերություններ ունի Արևմուտքի հետ։ Անդրանիկ Միհրանյանը, Դուգինը թող ասեն իրենց ուզածը, բայց իրականությունն այն է, որ Հայաստանի  իշխանությունների խոսքն է կարևոր, և բարեբախտաբար Հայաստանի իշխանությունը Թուրքիայի և Ռուսաստանի կարիք չի զգում։ Քանի որ Թուրքիայի և Ռուսաստանի մեջ ավտորիտար առաջնորդներ են՝ մի կողմում Էրդողանը, մյուս կողոմում Պուտինը, ապա կարող եմ ասել, որ սա աթոռակռիվ է, թե ով վերջին խոսքն ասի։ 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ