Ադրբեջանը երաշխիք է ուզում Ռուսաստանից. Մեկնաբան


Ադրբեջանը երաշխիք է ուզում Ռուսաստանից. Մեկնաբան

  • 24-02-2016 18:20:34   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, դժգոհելով Հայաստանին սպառազինության վաճառքի վերաբերյալ: Բաքուն կարծում է, որ դա չի նպաստում Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանն ու տարածաշրջանային անվտանգությանը:  , որ այդ սպառազինությունը չի գործադրվի Ադրբեջանի դեմ:
 
Պաշտոնական Բաքվի այս քայլն իհարկե առավել քան ծիծաղելի է: Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինության վաճառքի համար մեղադրում է մեկը, ով նույն Ռուսաստանից ձեռք է բերել 5 միլիարդ դոլարի տարատեսակ, այդ թվում հարձակողական սպառազինություն: Այդ իմաստով, Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումն ու տարածաշրջանային անվտանգությունը վտանգված է վաղուց, եւ դա Ռուսաստանը վտանգել է ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին վաճառած սպառազինությամբ: Ընդ որում, այդ վտանգը եղել է ոչ թե հիպոթետիկ, տեսական, այլ միանգամայն առարկայական եւ արտահայտվել Բաքվի ագրեսիվության գործնական աճով:
Հայաստանին վաճառվող սպառազինությամբ, Մոսկվան փոքր ինչ վերականգնում է իր իսկ խախտած հավասարակշռությունը: Ընդ որում, հատկանշական է, որ դա անում է այն բանից հետո, երբ գժտվեց Թուրքիայի հետ՝ ռուսական ռազմական օդանավին հասցված թուրքական հարվածից հետո:
Դրանով ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի «շատ հեռուն տանող» գործակցությունը, ինչպես խոստովանել էր Պուտինը, ընդհատվեց: Դրանից հետո Մոսկվան ստիպված էր  Կովկասում անել մարտավարական քայլեր, որոնք տրամագծորեն հակառակ էին մինչ այդ գործադրված ռազմավարությանը: Ահա այդ քայլերի շրջանակում Ռուսաստանը հրապարակեց այն սպառազինության ցանկը, որ վարկով տրամադրվում է Հայաստանին:
Մինչ այդ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե ոչինչ չի կարող խոչընդոտել եւ սեպ խրել ռուս-ադրբեջանական հարաբերության մեջ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը այդպես էր պատասխանել Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, որը Ռուսաստանին մեղադրել էր Ադրբեջանի տարածքային ամբողջությունը ոտնահարելու հարցում Հայաստանին աջակցելու համար: Դա տեղի էր ունեցել մինչեւ Հայաստանին վաճառվող սպառազինության ցանկի հրապարակումը:
Ի պատասխան Դավութօղլուի հայտարարության, Ռուսաստանը նշել էր, որ չի լինի խախտել Բաքվի եւ Մոսկվայի բարեկամությունը: Ներկայում հարց է առաջանում՝ Բաքվի եւ Մոսկվայի բարեկամությունը կարո՞ղ է կասկածի տակ դրվել Հայաստանին մատակարարվող սպառազինության ցանկի հրապարակումով:
Բաքվի բողոքի նոտան կարող է թողնել տպավորություն, որ բարեկամությունը խախտվել կարող է: Մյուս կողմից, արդյոք ՌԴ ԱԳՆ հայտարարությունը այդ բարեկամության անխախտելիության մասին հենց երաշխիք չէր Բաքվին, որ Հայաստանին սպառազինության մատակարարումը Բաքվի դեմ չէ: Գուցե Բաքուն չի՞ վստահել այդ անուղղակի երաշխիքին եւ պահանջում է հրապարակային երաշխիք:
Հետաքրքիր է, ի՞նչ կպատասխանի Մոսկվան այդ բողոքին: Օրինակ, կասի՞ նույնը, ինչ ասում էր Հայաստանի դժգոհությանն ի պատասխան՝ թե Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունը բիզնես է:
Համենայն դեպս, հատկանշական է, որ Մոսկվան Բաքվի բողոքի նոտային օրինակ այդքան արագ չի արձագանքում, որքան արագ արձագանքեց Դավութօղլուի հայտարարությանն ու շտապեց Բաքվին հավաստիացնել, որ բարեկամությունն անխախտ է:
Այժմ Մոսկվայի համար իհարկե բավական բարդ է հրապարակավ հավաստիացնել Բաքվին, որ Հայաստանին վաճառված սպառազինությունը չի կիրառվի Բաքվի դեմ:
Մեծ հաշվով, Բաքվի համար խնդիրը իհարկե դա չէ: Ադրբեջանը բողոքի նոտայով փորձում է հասկանալ, թե արդյոք Ռուսաստանը շարունակում է աջակցել լոկալ բախումների, դիվերսիոն հարձակումների Բաքվի մարտավարությանը եւ այդպիսով նաեւ Արցախի հակամարտության գոտում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ամերիկյան նախաձեռնության տորպեդահարմանը:
Բաքվին իհարկե դա է հետաքրքրում, ոչ թե Հայաստանին վաճառված սպառազինությունը: Եվ Ռուսաստանի պատասխանը պետք է լինի պատասխան հենց այդ մասով: Որովհետեւ, եթե Մոսկվան չի աջակցում Բաքվին այդ հարցում, ապա Ադրբեջանը մնալով մեծ հաշվով մենակ՝ ստիպված է լինելու վաղ թե ուշ ընդունել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի, այն է հակամարտության սառեցման նախաձեռնությունը:
Բաքվի մոտ առավել տագնապ առաջացրած կլինի այն, որ ԱՄՆ ու Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ: Ինչ խոսք, դեռ անորոշ է, թե արդյոք այդ պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ, կամ կպահպանվի ուժի մեջ մտնելուց հետո, բայց ինքնին պայմանավորվածության փաստը եւ այն, որ Ռուսաստանը դրա մասին հայտարարություն է արել Պուտինի մակարդակով, իհարկե անհանգստացնող է Բաքվի համար: Բանն այն է, որ այդ պայմանավորվածությունն ամենայն հավանականությամբ ընդգրկում է ոչ միայն Սիրիան, այլ նաեւ հարակից տարածաշրջանները, այդ թվում Արցախը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play