Մարտի 1-ի էջը պետք է վերաբացվի. Անդրիաս Ղուկասյան


Մարտի 1-ի էջը պետք է վերաբացվի. Անդրիաս Ղուկասյան

  • 29-02-2016 18:29:51   | Հայաստան  |  Քաղաքական

Մարտի մեկի միասնական հանրահավաքի կազմակերպիչները խնդիր են դրել իրենց ձայնը հասանելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային հանրությանը ու վերաբացել Մարտի 1-ի էջը:
 
Այս մասին Lragir.am-ին ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Մարտի մեկին Ազատության հրապարակում միասնական հանրահավաք են անելու «Նոր Հայաստանը», ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն: «Մեր նպատակն է մարտի մեկին մեր բողոքի ձայնը լսելի դարձնել նաև միջազգային հանրության համար, դրա համար Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան միասնական հանրահավաք-երթից հետո Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը շարունակելու է իր բողոքի ակցիան, որպեսզի անպատժելիության հարցը լսելի դարձնի: Հաշվի առնելով, որ այդ օրը Հայաստանում է լինելու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը, կարևոր է այդ հանգամանքը նույնպես օգտագործել»,- ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Մարտի 1-ի զոհերի համար առ այսօր պատասխանատվության չենթարկվեց ոչ ոք, հետևաբար այդ էջը պետք է վերաբացվի:
Հարցին, թե «Նոր Հայաստանի» պայքարը տեղափոխվում է այդ դաշտ և հիմնական պահանջը դա՞ է լինելու, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, որ միասնական հանրահավաքի գլխավոր կարգախոսը լինելու է «Ոչ բռնությանը»: Նաև բարձրացնելու են Հայաստանում առկա քաղբանտարկյալների ու անպատժելիության խնդիրները: Հանրահավաքի կազմակերպիչները դա դիտարկում են որպես հանրությանը մոբիլիզացնելու միջոց: Ղուկասյանի խոսքով՝ պետք է երկրում ստեղծված իրավիճակին անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել: Իսկ թե ինչ քայլեր կձեռնարկեն ակցիայի հեղինակները հետագայում, Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ դա կախված է հանրության մասնակցության աստիճանից:
«Մեր քաղաքացիների մասնակցությունից կախված կլինի, թե որքանով հնարավոր կլինի ազդեցիկ բողոքի ակցիաներ նախաձեռնել մարտ ամսին»,- ասաց նա:
«Նոր Հայաստանի» նստացույցը, նրա խոսքով, Ազատության հրապարակում շարունակվում է, իսկ հանրային աջակցության դեպքում հնարավոր է նաև զանգվածային նստացույց սկսել:
«Նոր Հայաստանը» ընդդիմադիր ուժերին համախբվելու կոչով ու նախաձեռնությամբ է հանդես եկել: Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերի հետ բանակցությունները շարունակվում են, առայժմ հաջողվել է մարտի 1-ի հանրահավաքի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի հետ: Մյուս ուժերի հետ, նրա խոսքով, բանակցություններ են տարվում հաջորդող բողոքի ակցիաներում միասնական լինելու համար:
Նա որոշ մանրամասներ ներկայացրեց գործընթացից. «Այսօր կա  ընդդիմադիր ուժերի հետ միասնական գործողությունների անհրաժեշտություն: Դրա մասին բոլորն են խոսում: Ոմանք կարևորում են ընդդիմադիր ուժերին ընտրական օրենսգրքի շուրջ միավորելը: Նոր Հայաստանը գտնում է, որ այն իրավիճակը, որը երկրում կա, այն է՝ որ Սահմանադրությունը չի ընդունվել, միջազգային զեկույցները ևս ընդունում են, որ ժողովրդի կողմից մերժվել է նոր Սահմանադրությունը, նախքան այս հարցի կարգավորումը խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը վաղաժամ է»:
Ղուկասյանի խոսքով՝ անհրաժեշտ է կարգավորել երկրում ձևավորված ճգնաժամը: Ժողովրդի կողմից կա մերժված Սահմանադրություն, եւ անհնար է առանց այդ խնդիրը շտկելու գնալ խորհրդարանական ընտրությունների: Հետևաբար, «Նոր Հայաստանը» կարևորում է արտահերթ ընտրությունների խնդիրը:
«Մենք փորձում ենք համախմբել ընդդիմադիր քաղաքական ուժերին այդ օրակարգով: Գիտեք, որ կա նաև այլ օրակարգ՝ գնալ 2017 թվականի հերթական ընտրություններին, բայց մենք այդ օրակարգին դեռ վերապահումով ենք մոտենում, չենք միանում»,- ասաց նա:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play