Մենք դանդաղաշարժ ենք և հայտնվում ենք խաղից դուրս վիճակում. Ստեփան Գրիգորյան


Մենք դանդաղաշարժ ենք և հայտնվում ենք խաղից դուրս վիճակում. Ստեփան Գրիգորյան

  • 11-03-2016 16:42:34   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

 

Պարոն Գրիգորյան, ռուսական «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» մասնագիտացված շաբաթաթերթը մի շարք տվյալներ է հրապարակել հայկական ԶՈւ վերաբերյալ, թե, օրինակ, որտեղ են մեր տեղակայումները, ի՞նչ սպառազինություն ունենք, ի՞նչ քանակի ռազմական տեխնիկա և այլն։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է, և, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում այս տվյալների տարածումը։

 

Սա առաջին դեպքը չէ. մի ամիս առաջ Ռուսաստանի իրավական տեղեկատուն հրապարակեց՝ ինչ զենքեր են Հայաստանին տրվելու 200 մլն դոլարի վարկով։ Ես այստեղ ինչ-որ գիծ եմ տեսնում։ Ռուսաստանում եթե գաղտնիք է հրապարակվում, իրենք դատում են մարդկանց։ Նման  հայտնի գործեր կան. ասենք՝ գիտնականներ կային, որոնց հոդվածները պարզվեց գաղտնիք էին պարունակում։ Եթե Ռուսաստանը դա համարեր գաղտնիքի բացահայտում ու վնաս իրեն կամ իր ռազմաքաղաքական գործընկերոջը, ես կասկած չունեմ, որ իրենք գործ էին հարուցելու։ Բայց ինպես տեսնում եմ, նրանք շարունակում են հրապարակել, և այստեղ, այո՛, պետք է մտածենք։ Առաջին՝ ակնհայտ է, որ դա վնաս հասցնում է իրենց։ Նույնիսկ այն զինատեսակները, որ մենք Ռուսաստանից գնում ենք, ինչո՞ւ պետք է անպայման հրապարակվեն։ Վերջին հրապարակումը պարունակում է տեղեկատվություն հենց մեր զինված ուժերի մասին։ Եթե իրենք ռազմավարական գործընկեր են, ուրեմն պետք է արձագանքեն։ Այո՛, Խրամչիխինը փորձագետ է, ինչ-որ ճառեր, ինֆորմացիա հրապարակեց։ Եվ եթե Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ակնհայտ է, որ դա վնասում է մեր ստրատեգիկ համագործակցությանը, ուրեմն պետք է գործ հարուցեն։ Բայց ես կասկած չունեմ, որ ոչ մի արձագանք չի լինի, քանի որ դա արվում է Ռուսաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ։

 

Եվ ո՞րն է նպատակը։

 

Այս քայլով նրանք ուզում են Ադրբեջանին ասել, որ այն զենքը, որ ստանում է Հայաստանը, որակով ավելի բարձր չէ, քան այն զենքը, որը ձեզ է տրվում։ Իրենք այս քայլով ուղերձ են հղում Ադրբեջանին, որ դու օտար չես մեզ համար։  Հայկական զինուժի հետ կապված ինֆորմացիան, ակնհայտ է, ուժեղացնում է Ադրբեջանին։ Նրանք ասում են, որ մենք ցանկացած պահի կարող ենք համագործակցել, կարող եք մտնել Եվրասիական միություն, մեր կարծիքը Ղարաբաղյան հարցում կարող է փոխվի և այլն։

 

Հայաստանն ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է արձագանքի։

 

Հայաստանը պետք է դիրքորոշում ցուցաբերի՝ ուրա՞խ է այս հրապարակումներից, թե ոչ։ Քանի որ պաշտոնական ամսագրերում են լույս տեսնում հրապարակումները, ուրեմն պետք է պաշտոնապես արձագանքեն, հայտնեն իրենց դժգոհությունը Ռուսաստանի առջև։ Ի վերջո, Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանն ուրախ չէ, որ Ռուսաստանը զենք է ծախում Ադրբեջանին։ Դա շատ ճիշտ ուղերձ էր: Այո, Ռուսաստանը փորձում է դա բացատրել բիզնես շահերով, բայց Հայաստանը ցուցաբերում է իր կարծիքը, ասելով՝ դուք կարող եք ծախել Ադրբեջանին, բայց մենք, որպես ռազմավարական գործընկեր, դժգոհ ենք: Ես կարծում եմ՝ այս հարցով ևս անպայման պետք է լինի ավելի հստակ դիրքորոշում։ Ոչ թե բացատրություն՝ հետին թվով, որ դա վտանգավոր է մեզ համար, կամ վտանգավոր չէ, այլ պետական դիրքորոշում, որ Հայաստանը զարմացած է կամ դժգոհ է, որ այդ տիպի ինֆորմացիան տպվում է Ռուսաստանում։ Ու պիտի ասվի, որ Հայաստանը ուզում է Ռուսաստանին դիմել, որ համապատասխան ինստիտուտները համապատասխան եզրակացություն անեն։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանն ունի պրակտիկա, որ երբ գաղտնիքները կամ իր ռազմավարական պարտնյորի տվյալները հրապարակվում են, Ռուսաստանում սկսվում է դատական գործ այդ մարդկանց դեմ։

 

Պարո՛ն Գրիգորյան, այս ամենը համընկավ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի հետ։ Ինչպես՞ եք գնահատում այդ այցը և ի՞նչ եք կարծում՝ արդյոք Սերժ Սարգսյանն անդրադարձավ այս խնդրին այնտեղ, թե՞ դա պաշտոնական մակարդակում չէր կարող լինել։

 

Պաշտոնական  մակարդակում, պարզ է, չեն մտցնի այդ խնդիրը: Պաշտոնական օրակարգում են ՀԱՊԿ-ի մեր համագործակցությունը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը, բայց ես կասկած չունեմ, որ խոսվել է նաև այդ խնդրի մասին։ Բանակցությունների ժամանակ այդ հարցը շոշափվել է, ուղղակի ընդունված չէ անմիջապես դուրս գալ ու ասել՝ գիտե՞ք, ես խոսեցի այդ հարցով ու ինձ պատասխանը տվեցին։ Ես հուսով եմ, որ այդ հարցը Սերժ Սարգսյանը բարձրացրել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Բայց նաև ես կասկած չունեմ, որ Ռուսաստանի կողմից այդ ուղերձը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, այն ուղղված է Ադրբեջանին, որի նպատակն է ասել Ադրբեջանին՝ դու օտարը չես մեզ համար, նայի՛ր, մենք քեզ ինչ զենք ենք տալիս, ու ինչ զենք ենք տալիս Հայաստանին, տեսա՞ր՝ «Իսկանդեր» մեջը չկա, ամենաժամանակակից զենքերը չկան: Երկրորդ՝ Ադրբեջանին ասում են՝ Եվրասիական տնտեսական միություն մտի, ինչ-որ բան կշահես։ Ինձ համար ակնհայտ է, որ դա է գլխավորը։

 

Փաստորեն, Հայաստանի անվտանգության խնդիրը ոտնահարելով Ռուաստանը գնում է նման քայլերի:

 

Ռուսաստանը լուրջ երկիր է, և միշտ էլ իր շահերից ելնելով է քայլեր անում: Հիմա մենք կարող ենք բողոքել, կարող ենք դժգոհել, բայց փաստը դա է: Երբ Ղարսը հանձնեցին թուրքերին, Ռուսաստանն, ըստ էության, հայկական տարածքներով լուծեց իր հարցերը և կորուստներ չունեցավ: Ադրբեջանի նավթը ինչպե՞ս ձեռք բերեց Ռուսաստանը. Նախիջևանն ու Ղարաբաղը Ադրբեջանին տալով։ Ու դա միջազգային խոշորագույն քայլեր էին, որոնք ի օգուտ Ռուսաստանի են խոսում։

 

Հիմա անդրադառնանք Հայաստանին. այո՛, Հայաստանի քայլերը ոչ միշտ են լուրջ տպավորություն թողնում, և հիմա էլ ռուսները կարող են իրենց հարցերը փորձել լուծել Ղարաբաղի գնով, ակնհայտ է դա։ Հիմա մեզնից է կախված՝ կլրջանա՞նք, թե ոչ, համարժեք պատասխաններ կտա՞նք, թե ոչ։ Այսինքն, մի կողմից լուրջ պետություն համարվող Ռուսաստանն է, որ պայքարում է իր շահերի համար, մյուս կողմից Հայաստանն է, որը չգիտես ինչու, ոչ միշտ է հետևողական իր շահերը պաշտպանելու հարցում: Ես այստեղ մի այլ օրինակ էլ եմ ուզում բերել. անընդհատ խոսում ենք, որ Իրանը բացվեց, Իրանի հնարավորությունները պետք է օգտագործել: Նույնիսկ Ուկրաինան լրջագույն քայլ արեց, երբ այդ երկրի էներգետիկայի նախարարը մի քանի օր առաջ Թեհրանում էր ու պայմանավորվածություն ձեռք բերեց, որ գազն ու նավթը Եվրոպա մտնեն Ուկրաինայի տարածքով։ Հիմա մի մահ մտածե՛ք՝ որտեղ է Ուկրաինան Իրանի համար, որտեղ՝ Հայաստանը։ Պատկերացնում ե՞ք, այդքան հեռու են գտնվում Իրանից, բայց Ուկրաինան պայմանագիր ստորագրեց իրանցիների հետ, որ իրանական գազի մի մասը պետք է տարբեր ճանապարհներով հասնի Ուկրաինա, ապա Եվրոպա: Իսկ մենք, որ հարևան ենք, ու գրեթե բոլոր կողմերն ուզում են, որ Հայաստանը գազի ու նավթի տարանցիկ երկիր դառնա, մինչև հիմա բան չենք անում: Բացի հայտարարություններից, ես ուրիշ բան չեմ տեսնում։

 

Դա Ռուսաստանի գործոնո՞վ է պայմանավորված։

 

Այդ թվում նաև Ռուսաստանի գործոնով: Օրինակ, գազի հետ կապված ակնհայտ է, որ առանց «Գազպրոմի» համաձայնության չենք կարող լուծում տալ խնդրին: Մոնոպոլիան «Գազպրոմին» տվեցինք, հետևաբար ինչ-որ խոչընդոտ կա, որ օրինակ Վրաստանն ուզում էր Իրանի գազը Հայաստանի միջոցով ստանալ, իսկ մեր կողմից ոչ մի արձագանք չկա։ Հիմա, բանակցություններ են ընթանում, որ Ադրբեջանի միջոցով Վրաստանը ստանա իրանական գազը։ Վրաստանն առանց այդ էլ Ադրբեջանից գազ է ստանում, բայց հիմա ուզում է նաեւ իրանական գազն ստանալ, որպեսզի դիվերսիֆիկացնի ոլորտը: Ես այս ամենն ասում եմ, ցույց տալու համար, որ մենք դանդաղաշարժ ենք, ոչ միշտ ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերում ու արդյունքում հայտնվում ենք խաղից դուրս վիճակում: 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ