Նոր միջավայր երգչախմբային արվեստի սիրահարների համար
15-03-2016 14:27:14 | Հայաստան | Մշակույթ
Հայաստանում նախադեպը չունեցող «Կիրակնօրյա երգչախումբ» ծրագիրը, որը նպատակ ունի մեկ հարկի տակ հավաքել երգչախմբային արվեստի սիրահարներին, հաջողությամբ մեկնարկել է և սիրով հրավիրում է մաս կազմել այս ծրագրին։
«Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից անվճար հիմունքներով իրականացվող ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր կիրակի անցկացվում են հանդիպումներ երգչախմբային արվեստի գործիչների հետ:
«Այս ծրագրի նպատակն է իրականացնել հանդիպում-քննարկումներ` երգչախմբային արվեստին հաղորդակից դարձնելով բոլոր նրանց, ովքեր ունեն երաժշտական (նաև նախնական) բարձրագույն կրթություն: Կիրակնօրյա երգչախմբերին կարող են մասնակցել 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ, ով անտարբեր չէ այս ոլորտի հանդեպ»,֊ասում է «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Քրիստինե Շերոյանը՝ հավելելով, որ «Կիրակնօրյա երգչախումբ» ծրագիրն անցկացվում է Երևանի ժամանակակից արվեստի, հետաքրքիր ու ինտելեկտուալ ժամանցի կենտրոններում։
Երեկ՝ մարտի 13-ին, անցկացվել է նախաձեռնության երկրորդ հանդիպումը՝ Հարության տոնի Ավագ Շաբաթվա՝ Ոտնլվայի շարականների ու Գանձերի թեմայով: Օրվա Խմբավար՝ Շահե Քեշիշեանը .....
Առաջին «Կիրակնօրյա երգչախումբն» անցկացվել է մարտի 6-ին, օրվա բանախոսն էր աստվածաբան, գիտությունների թեկնածու Աշխեն Գրիգորյանը, խմբավարը՝ Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի խմբավար Մարիա Գալստյանը։
Այս ծրագրին ներկա են լինում ոչ միայն անվանի խմբավարներ ու երաժիշտներ, այլ նաև գիտական ասպարեզի գործիչներ` ճարտարապետ, լեզվաբան, պատմաբան, գրականագետ, հոգեբան, աստղագետ, ինչպես նաև պատանիներ, որոնք մեծ սեր ունեն երգչախմբային արվեստի հանդեպ:
«Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2013 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել հայ երգչախմբային արվեստի զարգացմանն ու ներկայացմանը ողջ աշխարհում։
«Կիրակնօրյա երգչախումբ» ծրագիրը, շարունակելի է. Մասնակցության մանրամասներին տեղեկանալու համար գրել՝ [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել՝ 093 75 75 87 հեռախոսահամարին: