Թուրքական իշխանությունները քրդերին սպառնում են ցեղասպանության ենթարկել այնպես, ինչպես հայերին. փորձագետ (Տեսանյութ)


Թուրքական իշխանությունները քրդերին սպառնում են ցեղասպանության ենթարկել այնպես, ինչպես հայերին. փորձագետ (Տեսանյութ)

  • 16-03-2016 18:12:44   | Հայաստան  |  Քաղաքական



Թուրքական իշխանությունները բացահայտ կերպով հայտարարել են, որ քրդական հարցը լուծվելու է միայն ռազմական ճանապարհով, ավելին` քրդերի հետ վարավելու են այնպես, ինչպես 1915 թվականին հայերի հետ: Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տարածաշրջանային հարցերով վերլուծաբան-փորձագետ Սարգիսը Հացպանյանը` անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:
 
 
Ըստ նրա` Թուրքիայում պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել, քանի որ քրդական ազատագրական շարժումը սարերից քաղաք է իջել և ազատագրական տարածքներ հիմնել:  
«Քրդական ազատագրական շարժման առաջնորդող միավոր հանդիսացող բանվորական կուսակցությունը 2013 թվականից Թուրքիայի իշխանությունների հետ մտել էր բանակցությունների մեջ այն մասին, որ իրենք հրաժարվում են Անկախ քրդական պետական միավոր ունենալու իրենց վաղեմի ծրագրից և ուզում են իբրև Թուրքիայի քաղաքացիներ մշակութային ինքնավարություն դրսևորել, դպրոցներ ստեղծել, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց թեկնածուն ունենալ»,- ասաց Ս. Հացպանյանը` հավելելով, որ  երկուս ու կես տարի տևած բանակցությունները դրական արդյունք էին տալիս: 
Նրա խոսքերով` ամեն ինչ կտրուկ փոխվեց Սիրիայի պատերազմական իրավիճակի հետևանքով Սիրիայի քրդաբնակ տարածքում անկախ պետական միավորի գնացող հատվածի առկայությունը, որը սթափեցրեց Թուրքիայի պետական միավորին:
Ս. Հացպանյանի խոսքերով` անկախ պետական միավոր ձևավորելու քայլին են շուտով դիմելու նաև Իրաքում քրդական ինքնավար շրջանը, որին համաձայնել են ԱՄՆ-ն, Եվրոպան և հատկապես Իսրայելը: 
Անդրադառնալով քրդական ազատագրական շարժման վերջին գործողություններին` փորձագետը նշեց, որ սարերից իջած քուրդ զինյալները հիմնելով ազատագրված տարածքներ` հիմնականում Տիգրանակերտն են դիտում որպես իրենց ապագա մայրաքաղաք: 
«Տիգրանակերտի կենտրոնական թաղամասում, որտեղ  գտնվում են հայկական երկու մեծ հայկական եկեղեցիներ` Սուրբ Սարգիս և Սուրբ Կիրակոս, քրդերն ինքնապաշտանության ավազե տոպրակներով խրամատներ են սարքել և թույլ չեն տալիս թուրքական իրավապահ մարմինների մուտք գործել այդ թաղամաս, ինչը վերջին 3-4 շաբաթների ընթացքում հանգեցրել է քուրդ-թուրքական ամենօրյա բախումների»,- փոխանցեց բանախոսը` հավելելով, որ փետրվարին և նախօրերին Անկարայում մարահապարտի իրագործած պայթյունների հեղինակը քուրդ երիտասարդներն էին: 
Ս. Հացպանյանի փոխանցմամբ` քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ի տարբերություն թուրքական խորհրդարանի առաջատար կուսակցությունների ոչ միայն չի դատապարտել քուրդ երիտասարդների իրականացրած ահաբեկչական գործողությունները, այլև մասնակցել է մահապարտի հուղարկավորությանը, ինչն աննախադեպ երևույթ է Թուրքիայի պատմության մեջ:
Վերջինիս դիտարկմամբ` սա նշանակում է, որ քրդերը քաղաքական հայտ են ներկայացնում`  Թուրքական իշխանությունների հետ երկուս ու կես տարի տևած «սիլի-բիլին» այլևս ավարտված համարելով, ինչը Թուրքիայի զայրույթն է հարուցել: 
Ս. Հացպանյանի կարծիքով` այդ բախումները չհայտարարված պատերզամի մեկնարկի մասին են ազդարարում, որի հետևանքն անկանխատեսելի է լինելու. «Թուրքերը հանդես են գալիս քրդերին ուղղակի ցեղասպանության ենթարկելու սպառնալիքով, իսկ քրդերն ի վիճակի չեն համարժեք պատասխան տալ»:  
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play