Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել. Լ. Մկրտչյան


Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել. Լ. Մկրտչյան

  • 18-03-2016 19:38:01   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Լ. Մկրտչյանը նշել է, որ հանդիպման նպատակը կրթության, մասնավորապես, հանրակրթության` որպես ամբողջական շղթայի անխափան աշխատանքի ապահովումն է:
 
 «Ես հորդորում եմ բոլորիդ` անկաշկանդ հարցադրումներ անել, քանի որ բոլորս գտնվում ենք մի կողմում: Իմ խորին համոզմամբ` կրթությունն ունի երեք կողմ` ծնող/հասարակություն/, սովորող և ուսուցիչ: Այս եռանկյունին փոխլրացնող է և, բոլոր կողմերը հետամուտ են նույն խնդրի լուծմանը: Հետևաբար, եթե դիտարկենք կրթությունը` որպես համախոհների ամբողջություն, ապա մտահոգությունը նույնը կլինի: Պետք է հասկանալ` ինչու է հասարակության ներսում տիրում անվստահության մթնոլորտ, ինչ անել ուսուցչի դերը հասարակության մեջ մեծացնելու համար, որպեսզի դպրոցը կարողանա իր հիմնական դերակատարումը վերականգնել: Այսինքն՝ եթե մենք չդնենք կրթության  տեսլական` ինչ ենք ուզում, ենթադրվում է՝ ոչինչ ունենալ չենք կարող: Իհարկե, միշտ կլինեն առաջավոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ, տարբեր մոդելներ և այդ բոլորի մեջ մենք պետք է ճշտենք այն գործիքակազմը, որով պետք է աշխատենք: Այստեղ առկա է երկու կարևոր գործոն` նախ տեսակի հասկացությունը, այն է` հայ տեսակի, անհատի կրթությունը: Այսինքն՝ ունենք միջազգային լավագույն չափորոշիչներ, ներկա քաղաքակրթության ձևավորած դրական հենք, ընդունված 12- ամյա կրթական համակարգ, բայց ի վերջո այս ամենը պետք է արվի հայկական տեսակի արմատավորմամբ: Մենք պետք է ապահովենք, որ երեխան ստանա համաշխարհային առաջավոր գիտելիքներ, բայց նաև հասկանա` ինչ տեսակի միջոցով է եկել: Եթե չունենանք մեր կրթական համակարգի առաքելությունը, չենք կարող լինել ներկա քաղաքակրթության արժանի անդամը: Տարածաշրջանում ինչպիսի՞ Հայաստան ենք ցանկանում կառուցել` իր բոլոր մարտահրավերներով, և այդ համատեքստում ինչպիսի դպրոց կառուցել` ուժեղ գիտություն ունեցո՞ղ, թե՞ դասվել այն երկրների շարքին, որ ընդամենը ծառայություններ են մատուցում` միջինից ցածր որակ ապահովելով: Եթե մեզ պետք է ուժեղ գիտություն, ուրեմն գիտության այն ճյուղերը, որոնք ներկայացված են հանրակրթության մեջ, պետք է  պահպանել: Հայագիտական բլոկր ևս չի կարելի ոտնահարել, քանի որ մեր պետությունը ազգային պետություն է: Պետք է պահպանենք նաև օտար լեզուների ուսուցումը: Վերջիններս պետք է լինեն առարկայական ծրագրերի հիմնական փաթեթի մեջ, միայն դրանից հետո հասկանանք լրացուցիչ կրթության հատվածում ինչ ենք ներդնելու: Եթե մեզ համար չսահմանենք այս առաքելությունը և դա չարտացոլվի  կրթական ծրագրում, ապա հավաստիացնում եմ, որ նոր բան չենք ստեղծի: Մենք այն եզակի սերունդն ենք, որ մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ունի ավելի շատ բան թողնել մեր երեխաներին, քան ժառանգել ենք:
Նույնը վերաբերում է ավագ դպրոցին. եթե առկա են աշակերտների բացակայություններ ավարտական դասարանում, ապա ինչ-որ կարևոր բան առարկայական ծրագրում խաթարված է: Սրա արդյունքում` հասարակության մեջ առկա է դժգոհություն, և ավագ դպրոցի խնդիրն անդրադառնում է ընդհանուր դպրոցի հեղինակության վրա: Ցավոք, ժամանակին ամենավատ շենքերը տրվել են հենց ավագ դպրոցներին, այսինք` առկա է ինչպես շենքային, այնպես էլ բովանդակային խնդիր, որպեսզի ավագ դպրոցը կայանա և որակ տա: Պետք է սրա լուծումը գտնել, հստակեցնել ավագ դպրոցի առաքելությունը, որպեսզի այն չդառնա հիմնական դպրոցի մեխանիկական շարունակությունը, այլ կարողանա  երեխային սովորողից դարձնել քաղաքացի, որոշում կայացնող: Ստացվում է, որ մենք անպատրաստ, դեռևս աշակերտ վիճակում նրան ուղարկում ենք բակալավրիատ, որտեղ նրան մասնագետ դարձնելու փոխարեն, սկսում են ձևավորել քաղաքացի, իսկ մասնագետ դառնալը տեղափոխվում է մագիստրատուրա: Այսինքն` ավագ դպրոցի չկայացման պատճառով մենք կորցնում ենք նաև մագիստրոսական կրթությունը և ողջ միասնական շթան: Ավագ դպրոցը պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և իր ձեռագիրը»,-նշել է նախարարը` անդրադառնալով նաև դպրոցական ծրագրի բեռնաթափման խնդրին: «Ինչու է երեխան ավարտական դասարանում հանձնում քննություն 6 առարկայից. նա կարող է հանձնել Հայոց լեզվից, Մաթեմատիկայից, և մեկ մասնագիտական առարկա ընտրությամբ` հումանիտար կամ բնագիտական ուղղվածության: Բացի այդ, ավատական դասարանի վերջին կիսամյակում, գուցե, աշակերտին հնարավորություն տրվի անցնել անհատական գրաֆիկի, ավելի թեթև ռեժիմի: Միասին գտնենք լուծումներ. գուցե նույն մասնավոր պարապմունքն ուսուցիչն անցկացնի: Այսինքն՝ պետք է անել հնարավորը, որպեսզի երեխան չկտրվի դպրոցից:Ժամանակին դպրոց-կենտրոնները ստեղծվեցին, որպեսզի կրթության ոլորտում իրականացվի երկու գործառույթ` որակ և համապատասխանություն: Իհարկե, այս տարիների ընթացքում ամեն ինչ համապատասխանեցվեց միջազգային չափանիշներին, բայց հավաստիացնում եմ, որ այն առանց որակի, կարող է կործանարար լինել ամբողջ համակարգի համար: Եկել է ժամանակը` ձևը լցնել բովանդակությամբ»,-նշել է նախարարը` հանրապետության դպրոցների տնօրեններին առաջարկելով Կրթության զարգացման պետական ծրագրի քննարկումների ընթացքում հանդես գալ համապատասխան առաջարկներով` ելնելով իրենց փորձառությունից, անկախ նրանից այն հաջող է եղել, թե ձախողված: Այսինքն` ինչպիսին են նրանք տեսնում դպրոցի խնդիրները` առաջիկա 10 տարիների ընթացքում. «Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել: Խնդրում եմ նաև վերադարձնել ուսուցչի հավատը. նա այլևս անկեղծ չէ ո՛չ տնօրենի, ո՛չ մամուլի, ո՛չ աշխատողների հետ: Այս վերջին տարիներին ուսուցիչը կորցրել է իրեն բնորոշ հպարտությունը հասարակության մեջ, շատ է խեղճացել, որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում տնօրենները տարբեր հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնակնում առնչվել են տնօրենների հավաստագրմանը, հոսքային ուսուցմանը, ուսուցիչներին տրամադրվող սոցիալական փաթեթներին և այլն:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է  ձեռք  բերվել նման քննարկումները  դարձնել պարբերական:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play