Ռուսաստանը խրախուսում է Ադրբեջանի ահաբեկչական հարձակումները Հայաստանի եւ Արցախի դեմ. Մեկնաբան


Ռուսաստանը խրախուսում է Ադրբեջանի ահաբեկչական հարձակումները Հայաստանի եւ Արցախի դեմ. Մեկնաբան

  • 22-03-2016 17:53:45   | Հայաստան  |  Վերլուծություն

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկությունների կապակցությամբ ցավակցելով Բելգիայի վարչապետին ու բելգիացիներին, Սերժ Սարգսյանը միջազգային ահաբեկությունը որակելով չարիք, հավաստել է Հայաստանի հանձնառությունն այդ չարիքի դեմ պայքարում:
 
Ընդունված է համարել, որ Հայաստանը միջազգային ահաբեկության դեմ պայքարն իրականացնում է ՆԱՏՕ տարբեր խաղաղարար առաքելությունների շրջանակում, որոնց մասնակցում է Հայաստանի խախաղապահ զորքը: Ի դեպ, այդ զորքը մշտապես ստանում է բարձր գնահատական:
Սակայն,միջազգային ահաբեկության դեմ պայքարին Հայաստանը մասնակցում է ոչ միայն խաղաղապահ զորքով՝ ՆԱՏՕ առաքելությունների շրջանակում: Հայաստանն այդ պայքարին մասնակցում է նաեւ Արցախի եւ Հայաստանի սահմաններին, դիմագրավելով Ադրբեջանի տարատեսակ ոտնձգությունները:
Միջազգային ահաբեկության համընդհանուր տարածված ընկալումն այն է, որ ահաբեկությունն անտեսանելի կազմակերպվող եւ հանկարծ իրականացվող ակտ է, որն ուղղված է անմեղ, անզեն քաղաքացիների դեմ: Բայց դա միջազգային ահաբեկության այսպես ասած «դասական» դրսեւորումն է: Աներկբա է, որ միջազգային ահաբեկությունն ունի վերաձեւակերպվելու անհրաժեշտություն, եւ միջազգային ահաբեկություն է միջազգային անվտանգության համակարգի, արդիական քաղաքակրթական արժեքների՝ մարդու իրավունքի, ժողովրդավարության, իրավահավասարության, կյանքի եւ ստեղծագործական ազատության դեմ ուղղված ցանկացած քայլ՝ կարվի դա «անտեսանելի» ձեռքով ու մահապարտի գոտով, թե կանոնավոր բանակով:
Այդ իմաստով, եթե Հայաստանի եւ Արցախի սահմանը գրոհում են ոչ թե մահապարտի գոտով ահաբեկիչները, այլ Ադրբեջանի բանակի կանոնավոր ստորաբաժանումները ներկայացնող միավորները կամ վարձկանները, դա ամենեւին չի նշանակում, որ Բաքվի արածը միջազգային ահաբեկություն չէ:
Բաքվի քայլն ուղղված է միջազգային անվտանգության դեմ, Կովկասի կարեւոր տարածաշրջանը քաղաքակրթական արդիական համակարգի մաս դարձնելու հեռանկարի դեմ, եւ դրանով իսկ հանդիսանում է միջազգային ահաբեկության փորձ: Հայաստանը նաեւ այդ փորձերը կասեցնելով է իր մասնակցությունը բերում միջազգային անվտանգության համակարգի պաշտպանությանն ու միջազգային ահաբեկության դեմ պայքարին:
Ինչ խոսք, այդ իմաստով պայքարը մնում է կիսատ: Բանն այն է, որ միջազգային անվտանգությունն ու Կովկասի կայունությունը Ադրբեջանի ահաբեկչական ոտնձգությունից պաշտպանելու գործը Հայաստանն իրականացնում է, այդ առաքելությունը կատարում է, իսկ ահա դրա մյուս մասը՝ Կովկասի քաղաքակրթական արդիականացման առաքելությունը, որի ահռելի պոտենցիալը Հայաստանն ունի, Հայաստանի իշխող «էլիտայի» ապաշնորհության, նյութապաշտության եւ սահմանափակ աշխարհայացքի ու ցածր արժեհամակարգի հետեւանքով մնում է չիրացված:
Ավելին, այդ իմաստով Հայաստանը միանում է ոչ թե արդիական քաղաքակրթական համակարգին, այլ Եվրասիական ճահճուտին, որն անկարող եղավ չդրսեւորվել ամբողջ «պերճանքով» անգամ ահաբեկության ողբերգական առիթով:
Իսկ դրսեւորումը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն էր, որն անմեղ քաղաքացիների ողբերգական մահվան պատճառ դարձած ահաբեկությունը առիթ էր դարձրել Եվրամիության կամ Արեւմուտքի հետ աշխարհքաղաքական հաշվեհարդարի համար, ահաբեկությունը համարելով «երկակի ստանդարտների» քաղաքականության հետեւանք:
Մարդկային ողբերգությունը աշխարհքաղաքական «ռազբորկայի» վերածած այդ պաշտոնյան ներկայացնում է մի պետություն, որը համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը:
Ընդ որում, «երկակի ստանդարտի» քաղաքականությունը թիրախավորում է մի պետություն, որն անգամ իր ռազմավարական դաշնակից ու բարեկամ համարվող պետության դեմ է վարում երկակի ստանդարտի քաղաքականություն, փաստացի ստանձնելով Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ահաբեկության հովանավորի դեր:
Ռուսաստանի Դաշնությունը միլիարդավոր դոլարների արդիական, հարձակողական սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին, շարունակելով թարմացնել ռազմա-տեխնիկական գործակցության համաձայնությունները եւ խրախուսելով Ադրբեջանի ահաբեկչական հարձակումները Հայաստանի եւ Արցախի դեմ, ինչը սպառնալիքի տակ է դնում թե Հայաստանի ու Արցախի, թե ընդհանրապես Կովկասի անվտանգությունն ու կայուն զարգացման հեռանկարը:
Այդ «երկակի ստանդարտի» համար իրենց կյանքով հաճախ վճարում են Հայաստանի սահմանամերձ շրջանների խաղաղ բնակիչներն ու զինված ուժերի ծառայողները:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play