ԻՏՁՄ-ի համար նոր տեխնոլոգիական սերնդի զարգացումը շարունակում է առաջնային խնդիր մնալ


ԻՏՁՄ-ի համար նոր տեխնոլոգիական սերնդի զարգացումը շարունակում է առաջնային խնդիր մնալ

  • 25-03-2016 18:23:44   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«2014 թվականին մենք մշակեցինք ԻՏՁՄ նոր ռազմավարությունը, որը բաղկացած էր չորս ուղղություններից. Առաջինը ծրագիրը վերաբերում էր կրթությանը և աշխատուժի զարգացմանը, երկրորդը` Հայաստանի` բարձր տեխնոլոգիական բրենդի ներկայացմանն ամբողջ աշխարհում, երրորդը` ՀՀ Կառավարության հետ համագործակցության կազմակերպմանը և չորրորդը` Հայաստանում ձեռներեցության զարգացմանը»,- ԻՏՁՄ 16-րդ տարեկան համագումարի ընթացքում ամփոփելով միության գործունեությունը` նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 
 
Ըստ նրա` վերոնշյալ չորս կետերը հավասարաչափ կարևոր են, բայց կրթության և աշխատուժի զարգացման խնդիրը միության համար շարունակում է մնալ առաջնային և ԻՏՁՄ-ի հիմնական նպատակն է նոր ռազմավարության արդյունքում Հայաստանում ունենալ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ:
«Այս առումով գերակա խնդիր է նոր սերնդի ձևավորումը, որը կրում է «անակնկալ ինժեներական լուծումներ» գաղափարախոսությունը, այդ իսկ պատճառով մենք սկսեցինք հենց դպրոցից»,- ասաց Կ. Վարդանյանը` հավելելով, որ ՀՀ Կառաարության և ԻՏՁՄ-ի միջև այսօր կնքված հուշագիրը նշան է բոլոր դպրոցների տնօրեններին, տարածքների ղեկավարներին այն մասին, որ համագործակցությունն ընթանում է և կարող է էականորեն օգնել  Հայաստանում ինժեներական կրթության մակարդակի բարելավմանը, նպաստել նոր տեխնոլոգիական սերնդի զարգացմանը և Հայաստանը մրցունակ դարձնել տեխնոլոգիական համաշխարհային հսկաների կողքին: 
Նրա խոսքերով` ԻՏՁՄ-ի հիմնական խնդիրն է մինչև 2019 թվականը հանրապետության բոլոր` 1400  դպրոցներում ստեղծել ռոբոտատեխնիկական և ինժեներական խմբակները, ինչը հնարավորություն կտա 2019-2020 թվականներին տարեկան կրկնակի անգամ ավելացնել ներկայիս աշխատուժը: 
Կ. Վարդանյանի փոխանցմամբ` իրենց թիրախում են գտնվում հատկապես սահմանամերձ բնակավայրերը և շրջանները, որտեղ խմբակներ ստեղծելուն զուգահեռ հաջորդ տարվանից սկսվելու են լուծել բիզնեսի ձևավորման խնդիրները. «Մենք արդեն իսկ ունենք նորաստեղծ ընկերություններ Կապանում, Գորիսում, Սիսիանում, Հրազդանում և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեության արդյունքում նաև Գյումրիում և Վանաձորում»:
ԻՏՁՄ գործադիր տնօրենի տեղեկացմամբ` ներկայումս կան նորաստեղծ ընկերություններ սահմանամերձ շրջաններում, մասնավորապես, Իջևանում և այժմ իրենք դիմել են ՀՀ Կառավարությանը, բացի նորաստեղծ ընկերություններից, խրախուսել, այսինքն` նվազեցնել եկամտային հարկը մինչև 10 տոկոս նաև այն ընկերությունների համար, որոնք իրենց ստորաբաժանումները կստեղծեն սահմանամերձ գոտում: 
Վերջինս կարևորեց նաև էլեկտրոնային կրթություն ստանալու հարցը, ինչը նպաստելու է սահմանամերձ բնակավայրերում հիմնական աշխատուժի տեղում մնալուն: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play