Վրացական սփյուռքը միգրացիայի արդյունք է. Փորձագետ


Վրացական սփյուռքը միգրացիայի արդյունք է. Փորձագետ

  • 01-04-2016 11:45:44   | Հայաստան  |  Վերլուծություն

 Ի տարբերություն հայկական սփյուռքի, որը ձևավորվել է հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով, վրացական սփյուռքը հիմնականում միգրացիայի արդյունք է։ Այդ պատճառով էլ այն համեմատաբար նոր երևույթ է՝ ի տարբերություն հայկական սփյուռքի, որն արդեն կայացման մեծ ճանապարհ է անցել։
 
Թեև վրացական սփյուռքի մասին խոսելիս երբեմն հիշատակվում է նաև պատմական սփյուռքը1, արտերկրում բնակվող այն վրացիների ամբողջությունը, որոնք Խորհրդային Միության անկումից առաջ են հայտնվել Վրաստանի սահմաններից դուրս, սակայն վերջինիս տեսակարար կշիռն ընդհանուր սփյուռքի մեջ անհամեմատ ավելի փոքր է։ Համաձայն վիճակագրական տվյալների՝ ԽՍՀՄ փլուզման նախաշեմին՝ 1989թ., Վրաստանում բնակվում էր վրացիների մոտ 95%-ը։
 
Մինչդեռ Խորհրդային Միության անկումից հետո, պայմանավորված հիմնականում սոցիալ-տնտեսական գործոններով (գործազրկություն, սոցիալական ծանր պայմաններ և այլն), Վրաստանում մեծ թափով սկիզբ առավ արտագաղթի գործընթացը։ Համաձայն տարբեր աղբյուրների՝ անկախության տարիներին երկիրը լքել է 350 հազարից մինչև 1 մլն մարդ2։ Կարծում ենք, ավելի արժանահավատ է այս երկու բևեռային թվերի գրեթե միջնամասում գտնվող ցուցանիշը՝ մոտ 770 հազար մարդ։ Այն կազմում է Վրաստանի բնակչության 20%-ը, ինչը նշանակում է, որ հետխորհրդային շրջանում այդ երկրի բնակչությունը կրճատվել է այդքանով։
 
Հայկական և վրացական համայնքների նմանությունը որոշակիորեն այն է, որ հետխորհրդային շրջանում երկու երկրներից էլ արտագաղթի հիմնական ուղղությունը եղել է Ռուսաստանը3, ինչը նպաստել է այս երկրում ինչպես հայկական, այնպես էլ վրացական համայնքների ստվարացմանը։ Ըստ վիճակագրական տվյալների՝ հետխորհրդային շրջանում Վրաստանից դուրս եկած աշխատանքային միգրանտների մոտ 60%-ը մեկնել է Ռուսաստան։ Ինչ վերաբերում է Հայաստանից արտագաղթին, ապա, դրա արդյունքում, եթե 1989թ. դրությամբ ռուսաստանաբնակ հայության թիվը կազմում էր ավելի քան 500 հազար, ապա ներկայումս ոչ պաշտոնական տվյալներով այն գերազանցում է 2 մլն-ը։
 
Հայկական և վրացական համայնքների տարբերություններով էլ (մի դեպքում՝ ավանդական, պատմական, մյուս դեպքում՝ ժամանակակից միգրացիայի հետևանքով առաջացած) պայմանավորված են սփյուռքի ընկալման տարբերությունները հայկական և վրացական իրականություններում։ Եթե հայ իրականության մեջ «սփյուռք» ասելով հասկանում են առաջին հերթին ավանդական, պատմական սփյուռքը և նրա կողքին՝ նոր միայն հետխորհրդային շրջանում Հայաստանից արտագաղթածների ամբողջությունը, ապա վրացական իրականությունը «սփյուռք» ասելով հասկանում է առաջին հերթին հենց հետխորհրդային շրջանի միգրանտներին, որոնցից շատերն անգամ չունեն իրենց բնակության երկրների քաղաքացիություն. կամ բնակվում են ժամանակավոր կեցության իրավունքով, կամ էլ ապօրինի։ Եվ միայն վերջիններիս կողքին է վրացական ընկալումներում խիստ փոքր նշանակություն է տրվում պատմական կամ ավանդական սփյուռքին։
 
Պայմանավորված հայկական և վրացական համայնքների տարբերություններով՝ որոշակի տարբերություններ կան նաև սփյուռքի նկատմամբ ՀՀ և վրացական պետության քաղաքականությունների միջև։ Վրացական պետությունն իր առջև սփյուռքի հարցերում դնում է հիմնականում երկու նպատակ՝ հնարավորինս աջակցել արտերկիր մեկնած վրացիների խնդիրների լուծմանը (ուսման, աշխատանք գտնելու, ինտեգրացիայի և այլ հարցերում) և հնարավորինս ծառայեցնել սփյուռքի պոտենցիալը՝ ի շահ Վրաստանի։
 
Սփյուռքի պոտենցիալ ասելով Վրաստանում հասկանում են երկու բան՝ ֆինանսական և մարդկային։ Ֆինանսական ներուժն արտերկրում ձևավորված վրացական կապիտալն է, որը վրացական պետությունը ձգտում է բերել Վրաստան՝ ամեն կերպ ձգտելով խրախուսել սփյուռքի կողմից ուղղակի ներդրումներն այդ երկրի տնտեսության մեջ4։ Ինչ վերաբերում է մարդկային կապիտալին, ապա Վրաստանում մեծ հույսեր են կապում արտերկրում մասնագիտական բարձր որակավորման հասած ազգությամբ վրացի կադրերի հետ։ Վրացական պետությունն անում է հնարավորը արտասահմանյան հատկապես զարգացած երկրներում (օրինակ՝ Գերմանիայում5) կրթություն ստացած երիտասարդների և գիտատար ոլորտներում աշխատող վրացի մասնագետների հայրենադարձության և նրանց կարողությունները հայրենի երկրի զարգացմանն ի նպաստ դնելու համար։
 
ՀՀ-ն նույնպես լուրջ ուշադրություն է դարձնում ինչպես արտերկրի հայկական համայնքներին աջակցության, այնպես էլ սփյուռքի մարդկային և ֆինանսական կապիտալի՝ Հայաստանի զարգացմանը ներգրավման խնդրին։ Սակայն, ի տարբերություն Վրաստանի, ՀՀ-ն աշխատում է ոչ այնքան Հայաստանից արտագաղթած աշխատանքային միգրանտների խնդիրների լուծման (այս ուղղությունը որոշակիորեն կարևորելով հանդերձ), որքան ավանդական համայնքներում հայապահպանության, ֆիզիկական անվտանգության ապահովման (հատկապես Մերձավոր Արևելքի հայ համայնքներում), հայագիտական կենտրոնների ստեղծման և պահպանման ուղղությամբ։ Բացի այդ, ավելի լայն են Սփյուռքի հետ աշխատանքի ոլորտները։ Օրինակ՝ ՀՀ-ն ակտիվորեն համագործակցում է Սփյուռքի կառույցների հետ՝ համազգային խնդիրների (Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Ադրբեջանի և Թուրքիայի հակահայ ագրեսիվ քաղաքականության զսպման, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման և այլն) լուծման ուղղությամբ։
 
Երկու երկրների պարագայում էլ հայրենի պետության կողմից ստեղծվել և աշխատում է հատուկ սփյուռքի գործերով զբաղվող գործադիր իշխանության առանձին գերատեսչություն՝ նախարարություն։ Վրաստանում այն կոչվում է Սփյուռքի գործերով նախարարություն6։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում սփյուռքի հետ պետության հարաբերությունները և պետական քաղաքականությունը վերջինիս նկատմամբ կարգավորվում են առանձին օրենքով («Արտասահմանում բնակվող հայրենակիցների և սփյուռքի կազմակերպությունների մասին»)7։
 
Եթե հայկական սփյուռքին բնորոշ է համազգային կազմակերպությունների առատությունը՝ ի դեմս կուսակցությունների, եկեղեցիների, բարեգործական, մշակութային, կրթական և այլ հաստատությունների, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ամբողջ աշխարհի հայ համայնքներում, ապա վրացական սփյուռքին բնորոշ են հիմնականում տեղական նշանակություն ունեցող՝ համայնքային կառույցները։ Այնուամենայնիվ, հայկական սփյուռքը նույնպես դեռևս ունի ողջ սփյուռքը ներկայացնող համահայկական կառույցի ձևավորման խնդիր8։
 
Մեկ այլ տարբերություն է այն, որ եթե վրացական սփյուռքի կազմակերպությունները հիմնականում կրում են կրթամշակութային բնույթ և հանդիսանում են տեղական համայնքային ինքնակազմակերպման ինստիտուտներ, ապա հայկական սփյուռքին բնորոշ է կազմակերպական կառույցների տեսակային բազմազանությունը։ Այնտեղ գործում են քաղաքական կառույցներ՝ ի դեմս ավանդական կուսակցությունների և լոբբիստական կազմակերպությունների, կրոնական հաստատություններ՝ ի դեմս Հայ Առաքելական9, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների, բարեգործական, մշակութային, մարզական և այլ կազմակերպություններ։
 
Վրացական սփյուռքի կազմակերպություններն իրենց առջև դնում են հիմնականում հետևյալ խնդիրները՝ աջակցություն արտերկրում հայտնված հայրենակիցներին, աջակցություն հայրենիքին, աջակցություն բնակության երկրի և հայրենիքի միջև կապերի զարգացմանը և այլն։ Հատկանշական է, որ վրացական սփյուռքին, ի տարբերություն հայկականի, հատուկ չէ լոբբիստական գործունեությունը։ Դա կարելի է բացատրել երկու գործոնով.
 
- Մարդկային և կազմակերպչական ռեսուրսների սղություն։ Վրացական սփյուռքն արևմտյան երկրներում, որտեղ էլ հիմնականում լոբբիզմը հանդիսանում է քաղաքական ինստիտուտ, այնքան ստվարաթիվ չէ, որքան հայկականը։ Բացի այդ, լուրջ դժվարություն է այն, որ, լինելով հիմնականում աշխատանքային միգրանտներ, վրացական սփյուռքի ներկայացուցիչները չեն հանդիսանում իրենց բնակության երկրների քաղաքացիներ, ինչն օրենսդրորեն բարդացնում է կազմակերպություններ հիմնելու գործը։ Մասնավորապես, օրինակ՝ Գերմանիայում, օրենսդրությունը պահանջում է, որ կազմակերպության անդամների նվազագույնը 50%-ը լինի այդ երկրի քաղաքացի։
 
- Լոբբիստական գործունեության անհրաժեշտության ցածր մակարդակ։ Վրաստանը, անկախությունից ի վեր արտաքին քաղաքականության մեջ որդեգրելով եվրատլանտյան ուղղությունը, քաղաքական առումով սերտ հարաբերությունների մեջ է արևմտյան պետությունների հետ, ինչի հաշվին էլ ունի որոշակի ինքնաբավություն այդ երկրներում իր շահերը պաշտպանելու տեսանկյունից։ Ի տարբերություն Հայաստանի, որն Արևմուտքում իր շահերը պաշտպանելու հարցում մեծապես զգում է հայկական լոբբիստական կառույցների աջակցության կարիքը, վրացական պետությունը, կարելի է ասել, նման խնդիր մեծ հաշվով չունի։ Օրինակ, եթե հայկական լոբբիստական կազմակերպությունները ԱՄՆ-ում ակտիվ աշխատանքի շնորհիվ կարող են հասնել միայն նրան, որ 2016թ. Կոնգրեսն այդ երկրի պետական բյուջեով Հայաստանի համար նախատեսի $40 մլն օգնություն, ևս $5 մլն՝ ԼՂՀ-ի համար, ապա Վրաստանն առանց լոբբիստական ջանքերի ԱՄՆ պետբյուջեից կստանա $63 մլն օգնություն10։ Ադրբեջանին նախատեսվում է հատկացնել $11 մլն օգնություն։ Ստացվում է, որ Վրաստանին հատկացվող օգնությունը գերազանցում է Հայաստանին, ԼՂՀ-ին և Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը միասին վերցրած11։
 
Ինչ վերաբերում է արտերկրում հայկական և վրացական համայնքների համագործակցությանը, ապա, թեև մինչ այժմ այդպիսի հարուստ փորձ չկա, այնուամենայնիվ, կան դրա որոշակի նախադրյալներ։ Դրանք կազմում են այն խնդիրների ամբողջությունը, որոնք ընդհանուր են ինչպես երկու համայնքների, այնպես էլ Հայաստանի ու Վրաստանի համար։ Ընդ որում, պայմանավորված յուրաքանչյուր երկրի և տարածաշրջանի առանձնահատկություններով, այդ խնդիրները, հետևաբար՝ նաև շահերի համընկնումները, որոշակիորեն տարբերվում են միմյանցից։ Օրինակ, եթե Ռուսաստանում հայկական և վրացական համայնքները խնդիր ունեն միասնաբար պայքարելու այլատյացության, խտրականության, այլազգիների դեմ կիրառվող բռնությունների դեմ, ապա ԱՄՆ-ում կարող են միասնաբար լոբբիստական ջանքեր գործադրել հայ-վրացական համատեղ նախագծերի՝ այդ երկրի կողմից ֆինանսավորման համար։
 
1 Այն հիմնականում կազմում են ժամանակակից Թուրքիայի և որոշակիորեն՝ Իրանի տարածքում բնակվող վրացիները։
 
2 Georgian Diaspora and Migrant Communities in Germany, Greece and Turkey: Transnational Realities and Ties with Georgia, International Centre for Migration Policy Development, Vienna – Austria, April 2014, p. 13.
 
3 Ընդհանրապես, հետխորհրդային շրջանում նախկին միութենական հանրապետություններից բնակչության հոսքը դեպի Ռուսաստան՝ հիմնականում գործազրկության հաղթահարման նպատակով (աշխատանքային միգրացիա), մեծ տարածում է ստացել։ Դրա արդյունքում է, որ Ռուսաստանը 2013թ. տվյալներով՝ ԱՄՆ-ից հետո հանդիսանում էր միգրանտների թվով երկրորդ երկիրն աշխարհում։ Кузнечевский В.Д., Этнические диаспоры и титульная нация в России: Аналитические обзоры РИСИ, М., 2014, Выпуск 1, с. 5.
 
4 Ի դեպ, սփյուռքի հետ արդյունավետ աշխատող երկրների համար տնտեսության մեջ արտաքին ուղղակի ներդրումների գրեթե կեսը կազմում են սփյուռքի ուղղակի ներդրումները։
 
5 Առհասարակ, Վրաստանում բավական մեծ տարածում ունի «գերմանասիրությունը»։ Այդ երկրում գործում են բազմաթիվ դպրոցներ, որտեղ առաջնային օտար լեզուն գերմաներենն է։ Երիտասարդության (ուսանողության) մոտ 11%-ը տիրապետում է գերմաներենին։ Այդ պատճառով էլ Վրաստանից արտագաղթը Գերմանիա բավական մեծ տարածում ունի հատկապես երիտասարդության, որոնք մեկնում են այդ երկրում կրթություն ստանալու նպատակով, և որակյալ կադրերի շրջանում։ Ի տարբերություն Գերմանիայի՝ այլ երկրներ (օրինակ՝ Թուրքիա, Հունաստան և այլն) վրացի միգրանտները մեկնում են հիմնականում աշխատելու որպես բանվորներ, դայակներ, հիվանդապահներ, աղախիններ և այլն։
 
6 Ինչպես Հայաստանում, Վրաստանում նույնպես Սփյուռքի գործերով նախարարությունը ստեղծվել է 2008թ.։
 
7 Law of Georgia on Compatriots/Expatriates Residing Abroad and Diaspora Organizations,
 
http://www.carim-east.eu/media/legal%20module/natfr/GE_2.2%20LawDiaspora_En.pdf
 
8 Բանն այն է, որ գործունեության աշխարհագրական համընդգրկունությունը համասփյուռքյան կառույցի բնութագրիչներից միայն մեկն է։ Դրանից բացի, կան նաև այլ բնութագրիչներ, որոնց բացակայության դեպքում անհնար է տվյալ կառույցը համարել համազգային։ Տե՛ս Հովյան Վ., Սփյուռքի ինքնակազմակերպման խնդիրների շուրջ, «Գլոբուս», 2014, թիվ 11-12, էջ 81-85։
 
9 Հայ Առաքելական եկեղեցին ունի չորս նվիրապետություն, որոնցից երեքը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Կ.Պոլսի Հայոց պատրիարքությունը և Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, գործում են Սփյուռքում։ Ինչ վերաբերում է հիմնական նվիրապետությանը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, ապա այն նույնպես բազմաթիվ թեմեր ունի Սփյուռքում։
 
10 Ընդհանրապես, Վրաստանը Իսրայելից հետո երկրորդ երկիրն է աշխարհում ԱՄՆ-ից ստացած օգնության չափով։ 1990-ական թթ. Հայաստանը լուրջ մրցակից էր Վրաստանի համար։ Օրինակ՝ 1997թ. ՀՀ-ին և ԼՂՀ-ին ԱՄՆ պետական բյուջեից հատկացված օգնության չափը միասին վերցրած կազմել է մոտ $100 մլն։ Հետագայում, սակայն, Հայաստանին հատկացվող գումարների աստիճանական նվազման հետևանքով Վրաստանը կայուն կերպով ամրապնդվեց երկրորդ տեղում։
 
11 Մանրամասն տե՛ս ԱՄՆ Տնտեսական աջակցության հիմնադրամը ռազմական ֆինանսավորում է նախատեսում Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին, http://www.panorama.am/am/news/2016/02/10/ԱՄՆ-հիմնադրամ-Հայաստան-Վրաստան-Ադրբեջան/1526372
 
 
Վահրամ Հովյան 
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play