Զենք, որը Ադրբեջանը որեւէ երկրից չի կարող ձեռք բերել որեւէ միլիարդով


Զենք, որը Ադրբեջանը որեւէ երկրից չի կարող ձեռք բերել որեւէ միլիարդով

  • 03-04-2016 09:34:35   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի եւ Արցախի զինուժը կասեցրել է ապրիլի 2-ի լուսաբացի Ադրբեջանի խոշորամասշտաբ սադրանքը:
 
Մարտական գործողությունները շարունակվում են մի քանի ժամ, սակայն աներկբա է, որ Ադրբեջանին չի հաջողվել հասնել գլխավորին՝ ճակատային բեկման: Անկասկած է, որ ադրբեջանական զինուժի գործողությունն ունեցել է հենց այդ նպատակը: Թե ինչով է դա պայմանավորված, ինչ քաղաքական գործոններ են նպաստել կոնկրետ որոշմանն ու դրա իրականացմանը ձեռնամուխ լինելուն, այլ խոսակցության նյութ է եւ եղել է դրան անդրադառնալու տարբեր առիթներ, ու անկասկած կլինեն նորանոր անդրադարձեր:
Աներկբա է, որ այդ ամենով հանդերձ, բացի իր համար ավանդական կամ միակը դարձած մարտավարությունից՝ լարել հակամարտության գոտում իրավիճակն ու անընդհատ շանտաժել Հայաստանին ու միջնորդներին, Ադրբեջանը մի շարք նոր գործոնների հետեւանքով գնացել է «բլից-կրիգի» միջոցով ճակատային գոտում բեկում մտցնելու քայլի:
Դրա պատճառը թե քաղաքական առեւտրի նոր դիրքեր դուրս գալն էր, թե մեկ այլ՝ առավել կարեւոր հաշվարկը: Ադրբեջանն այդ բեկման շնորհիվ ցանկանում է ստեղծել լարվածության հետեւողական, քայ առ քայլ թեժացման եւ շանտաժի քաղաքականության նոր դիրք: Բանն այն է, որ մի շարք աշխարհքաղաքական հանգամանքներից ելնելով՝ Բաքվի համար ներկայիս դիրքերը լարվածության եւ շանտաժի համար արդեն ավելի շուտ փակուղային են, քան մեկնարկային: Ակնհայտ է, որ միջազգային օրակարգում ամրանում է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման ամերիկյան գաղափարը:
Պատահական չէ, որ Բաքուն գնացել է հենց մասշտաբային պայմանական «բլից-կրիգի», «դոզան» բարձրացնելով շատ կտրուկ: Դա ինչ որ տեղ նաեւ ճեղքում հիշեցնող քայլ է, այսինքն Բաքուն փորձել է այդ քայլով ճեղքել իր շուրջ սեղմվող քաղաքական կամ աշխարհքաղաքական օղակը եւ դուրս գալ իր մարտավարության փակուղուց:
Հայկական զինուժը թույլ չի տվել այդ ճեղքումը, անառիկ է պահել փաստացի ոչ միայն հայկական դիրքերն ու բնակավայրերը, այլ նաեւ «անառիկ» է պահել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության փակուղին, խոշոր հաշվով նկատի ունենալով հերթական սադրանքի առանձնահատկությունը՝ էլ ավելի խորացնելով փակուղին: Բաքվին խաղի քաղաքակիրթ կանոնների դաշտ բերելու այլ ճանապարհ չկա:
Միեւնույն ժամանակ, այստեղ առկա է նաեւ չափազանց կարեւոր հանգամանք: Հայկական զինուժը լուծում է իր խնդիրը, սակայն այն պետք է ունենա նաեւ տնտեսա-քաղաքական շարունակություն այդ դաշտում անհրաժեշտ գործողություններով, թե ներքին, թե արտաքին ոլորտում: Այսինքն, ադրբեջանական փակուղին պետք է խորացվի, եւ դա անելու լավագույն ձեւը Հայաստանի, հայ ժողովրդի, հայաստանցիների եւ արցախցիների ստեղծագործական պոտենցիալի, ստեղծարար ահռելի էներգիայի բացումն է:
Ապրիլի 2-ի ադրբեջանական սադրանքից ժամեր անց եղավ տեղեկություն, որ Հայաստանից կամավորական խմբեր ու ջոկատներ են մեկնում Արցախ, նաեւ Ստեփանակերտում էլ արցախցիները հավաքվում են կամավոր սահման մեկնելու համար: Սա իհարկե բավական հախուռն, միաժամանակ չափազանց կարեւոր մի գործոն է:
Սա թերեւս Հայաստանի ու Արցախի ամենաուժգին զենքն է բառի բուն եւ պատկերավոր իմաստով: Զենք, որը Ադրբեջանը որեւէ երկրից չի կարող ձեռք բերել որեւէ միլիարդով:
Եվ սա իհարկե պաթետիկ բնորոշման խնդիր չէ, այլ լրջագույն գործոն՝ ռազմա-քաղաքական եւ աշխարհքաղաքական: Եվ փաստացի, Ադրբեջանի «անզգուշությամբ» աշխարհի, միջազգային հանրության առաջ փորձարկվել է Հայաստանի այդ ամենաուժգին զենքը՝ ազատ ապրելու իր իրավունքը արտաքին ոտնձգությունից պաշտպանելու հայաստանցիների եւ արցախցիների չմեռած եւ չմեռնող կամքը, էներգիան:
Այդ էներգիան առավել երկարատեւ եւ հաստատուն հաջողության, նաեւ պարբերաբար հենց այդ առումով «չփորձարկվելու» անհրաժեշտությունից խուսափելու համար ունի տնտեսա-քաղաքական ասպարեզում «ինքնապաշտպանության» էներգիայով լրացվելու, համալրվելու կարիք: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում բացվի հասարակության ստեղծարար էներգիան ամբողջությամբ, դրանից բխող տնտեսա-քաղաքական որակական փոփոխություններով, արդիականացմամբ:
Դրանով պետք է ընդգծվի, որ Ադրբեջանը ոչ միայն ռազմա-քաղաքական, այլ պարզապես քաղաքակրթական փակուղում է: Դա ազգային անվտանգության խնդիր է, դա անվտանգության խնդրի համակարգային, համալիր լուծման խնդիր է: Չկա Հայաստանի ու Արցախի, հետեւաբար ամբողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ ստեղծարար ապագայի խնդրի երկարաժամկետ լուծման այլ տարբերակ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play