ԻՊ-ին Թուրքիայի քողարկված օգնությունը


ԻՊ-ին Թուրքիայի քողարկված օգնությունը

  • 05-04-2016 09:47:30   | Թուրքիա  |  
Հայտնի է, որ Թուրքիան տարբեր կապեր է հաստատել «Իսլամական պետության» (ԻՊ) հետ, նրան օգնում է բազում միջոցներով։ Ընդ որում՝ ԻՊ-ին Թուրքիայի աջակցությունն իրականացվում է սահմանի երկու ուղղությամբ՝ Թուրքիայից Սիրիա և Սիրիայից Թուրքիա։ ԻՊ-ին Թուրքիայի աջակցությունը պայմանականորեն բաժանել ենք երկու մասի՝ քողարկված և չքողարկված օգնություն։ Այս հոդվածում կանդրադառնանք միայն Թուրքիայից Սիրիա ուղղությանն ու ԻՊ-ին Թուրքիայի քողարկված օգնությանը (բացառությամբ Սիրիայից Թուրքիա նավթի, բամբակի, անտիկ իրերի և այլնի մատակարարումների)։
 
Զինյալների հոսք.- Թուրքիայից Սիրիա զինյալների հոսքի հարցում պետք է տարանջատել երկու հանգամանք. նախ ԻՊ-ին միանում են մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ, և բացի այդ, Թուրքիան ծառայում է որպես տարանցիկ երկիր, որպեսզի համայն աշխարհից զինյալները մուտք գործեն Սիրիա։
 
ա) Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ երկրի քաղաքացիները ԻՊ-ին միանում են երկու հիմնական դրդապատճառով, որոնցից մեկը ջիհադ իրականացնելն է։ ԻՊ-ը լայն քարոզչություն է իրականացնում Թուրքիայում, որտեղ ունի իր մասնաճյուղերը, հաջողությամբ հավաքագրում է երիտասարդներին, անչափահասներին ու տանում Սիրիա՝ ջիհադ իրականացնելու։ Ընդհանուր առմամբ, ԻՊ թիրախում 18-35 տարեկաններն են, որոնց մեծ մասն ամուսնանում է «խալիֆայությունում»։ Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) Քոնիայից ընտրված պատգամավոր Աթիլա Քարթի խոսքերով՝ ԻՊ-ը երիտասարդներին հավաքագրում է նաև գրախանութներում հանդիպելով նրանց ու բացատրելով ջիհադի իմաստն ու կարևորությունը։ Բացի այդ, ԻՊ-ի համար աշխատող միությունները Ղուրանի և հադիսների կրթության պատրվակով մարդկանց հավաքում և մղում են ջիհադի՝ «աշխարհը զուլումից փրկելու» համար։ Ուրբաթօրյա նամազը նույնպես լավ առիթ է ծառայում՝ նման հավաքների ու զրույցների համար։
 
ԻՊ-ին Թուրքիայի քաղաքացիների միանալու երկրորդ հիմնական պատճառը տնտեսական գործոնն է։ ԻՊ թիրախում գտնվում են սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները։ ԻՊ-ը փնտրում է պարտքեր ունեցող ընտանիքներ և դրամական խոշոր գումարներ է առաջարկում նրանց։ Իր դերն ունի նաև երիտասարդների շրջանում գործազրկության հանգամանքը1։ 2015թ. հուլիսին թուրք հոդվածագիր Աբդուլքադիր Սելվին գրեց, որ վերջին 3 տարում Թուրքիայից Սիրիա և Իրաք է մեկնել 10 հազ. մարդ, որոնցից 7 հազարը (70%) միացել է ԻՊ-ին: ԻՊ-ին Թուրքիայից ամենաշատը միացել են Ստամբուլ, Անկարա, Քոնիա, Ադանա, Դիարբեքիր, Գազիանթեփ նահանգներից2։ Հուլիսին ԺՀԿ-ական պատգամավոր Մեհմեթ Շեքերը հայտարարել էր, որ Թուրքիայից ԻՊ-ին միացել է մոտ 10 հազ. Երիտասարդ3։
 
2014թ. սեպտեմբերին ամերիկյան The New York Times թերթում հրապարակված «Թուրքիայից ԻՊ-ին զինյալներ են հոսում» խորագրով հոդվածում նշված էր, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիան ԻՊ-ի համար վերածվել է մարդկային ամենամեծ աղբյուրներից մեկի։ Ընդգծվել էր, որ ԻՊ-ին միացած թուրք երիտասարդներից շատերը կախվածություն ունեն թմրանյութերից, սակայն նյութական պատճառներով նույնպես շատ են Թուրքիայից ԻՊ-ին միացողները. ԻՊ-ը մարտերին մասնակցելու օրերի համար վճարում է $1504։
 
բ) 2015թ. փետրվարին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերը հայտարարել էր, որ ԻՊ-ին միացող օտարազգիների 60%-ը Սիրիա է անցնում Թուրքիայի սահմանը հատելով5։ Ուշագրավ է, որ նույն փետրվարին ԱՄՆ ահաբեկչական պայքարի ազգային կենտրոնի նախագահ Նիք Ռասմուսենը հայտարարել էր, որ ԻՊ-ին ու ծայրահեղական մյուս խմբերին միանալու նպատակով Սիրիա և Իրաք մեկնած օտարազգի զինյալների թիվը գերազանցել է 20 հազարը, որից 3400-ն արևմտյան երկրների քաղաքացի է6։
 
Թուրքիայի տարածքով ԻՊ-ին միանալ ցանկացող օտարազգիները Սիրիայի սահմանը հատելու համար գումար են վճարում մաքսանենգներին (միջնորդներ), և այդ գումարի կեսը բաժին է ընկնում տեղի թուրք պաշտոնյաներին։ Դրա մասին նախորդ տարվա ամռանը The Christian Science Monitor-ի թղթակցին հայտնել է ջիհադականներին թուրք-սիրիական սահմանով անցկացնող սիրիացի Աբու Վելիդը։ Նա ընդգծել է, որ սահմանը հատել ցանկացող օտարազգիները եկամտի լուրջ աղբյուր են, և նրանցից ստացված գումարի 50%-ը բաժին է ընկնում սահմանի թուրք պաշտոնյաներին. «Ամենալավ փողը վճարում են Սաուդյան Արաբիայից և Քուվեյթից ժամանածները՝ առնվազն $1000։ Վերջին երկու տարում բազում երկրներից Սիրիա եկած օտարազգի զինյալների շրջանում ամենամեծ թիվը կազմել են Թուրքիայի քաղաքացիները»7։
 
2015թ. գարնանը հաղորդվել էր, որ Ստամբուլում գործել է ԻՊ զինյալների համար թուրքական կեղծ անձնագրեր թողարկող կենտրոն, որում թողարկվել է 100 հազար թուրքական կեղծ անձնագիր (վաճառվել են 200-ական դոլարով)։ Այդ անձնագրերի առնվազն կեսն ուղարկվել է Չինաստանի Սինձյան-Ույղուրական ինքնավար շրջան (որտեղ Թուրքիան տարիներ շարունակ ծավալել է լայն գործունեություն)։ Այստեղից մուսուլման ույղուրները զարտուղի ճանապարհներով հասել են Թաիլանդ (կամ Կամբոջա), այնտեղից էլ՝ Թուրքիայի հետ վիզային ռեժիմ չունեցող Մալայզիա, ապա ինքնաթիռով ժամանել են Ստամբուլ։ Այստեղ նրանք մնացել են մեկ գիշեր, հրահանգավորվել են, ապա մեկնել Սիրիա և Իրաք։ Այդպիսով, ույղուր զինյալն ԻՊ-ին միանալու համար անցել է Չինաստան-Թաիլանդ-Մալայզիա-Թուրքիա-Սիրիա երթուղով8։
 
Դրանից առաջ՝ 2014թ. ամռանը, գերմանական ARD հեռուստաընկերությունը, վկայակոչելով եվրոպական հետախուզական կառույցները, հայտնել էր, որ ԻՊ-ը պաշտոնական գաղտնի բյուրո է ստեղծել Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում։ Բյուրոյում ԻՊ-ին միանալու նպատակով Ստամբուլ ժամանածները ստանում են «ապրելու փող»՝ $400, ապա բյուրոն կազմակերպել է նրանց անցումը Սիրիա9։
 
Ի դեպ, Թուրքիան աչքի է ընկել նաև ԻՊ զինյալներին իր տարածքով Սիրիայի մի հատվածից մյուսը տեղափոխելով։ Փորձելով ամեն կերպ խոչընդոտել Սիրիայի քրդերի կողմից Թել Աբյադի գրավմանը և դրանով իսկ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար շրջանների (Քոբանի և Ջիզրե) միավորմանը՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ԻՊ վերահսկողության տակ գտնված Աթմեից նրա զինյալներին ավտոբուսներով իր տարածքով հասցրել է Աքչաքալեի սահմանային անցակետ, իսկ այնտեղից էլ՝ Թել Աբյադ (ԻՊ զինյալները նման զորաշարժ չէին կարող կատարել Սիրիայի տարածքում, քանի որ Քոբանիի շրջանը գտնվում էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ)։ MIT վարձած ավտոբուսների վարորդներն ավելի ուշ հայտարարել են, որ իրենք մեղք չունեն, և որ կատարել են պետական աշխատանք10։
 
Զենք-զինամթերքի հոսք.- Հայտնի է, որ ԻՊ-ն իր տրամադրության տակ ունի տարբեր զինատեսակներ՝ սկսած տանկերից ու հրանոթներից, վերջացրած հրաձգային զենքից, բացի այդ, մեծ քանակությամբ զինամթերք է ծախսում ռազմաճակատներում։ Մասնավորապես 2014թ. Դեյր էզ Զորի համար մարտերում ԻՊ-ը միայն տվյալ ռազմաճակատում ծախսել է ամսական $1 մլն-ի զինամթերք։ 2015թ. վերջին Financial Times թերթը, վկայակոչելով ԻՊ-ի համար զենքի առևտրով զբաղվողներից Էբու Օմերին, գրել էր, որ զինամթերքի հարցում ԻՊ կարիքները բավարարելու և դրանք արագ ռազմաճակատ հասցնելու համար ստեղծվել են շրջիկ խմբեր, որոնք բանակցում են տարածաշրջանի զինապահեստների ու ռազմաճակատների հրամանատարների հետ, հստակեցնում են զենք-զինամթերքի գները և հայտնում ԻՊ ղեկավարությանը։ Զենքի առևտրի հարցում այդ միջնորդները ստանում են գործարքի 10-20%-ը։ Նրանց ծառայություններն ավելի պահանջված են դառնում թեժ մարտերի ժամանակ, ինչպես որ ԻՊ ու Հյուսիային Իրաքի քրդերի ուժերի՝ Փեշմերգայի միջև բախումների ժամանակ անհրաժեշտ է եղել զինամթերքի մատակարարում կազմակերպել շուրջօրյա ռեժիմով։ Էբու Օմերն ընդգծել է, որ Թուրքիայի սահմանից զինամթերքի մատակարարումը բարդացել է կոալիցիոն ուժերի ավիահարվածներից հետո, և այդ պատճառով աճել են զինամթերքի գները11։
 
2015թ. նոյեմբերին թուրքական մամուլը գրեց, որ Սիրիայում հայտնաբերվել են ԻՊ-ին և ջիհադական այլ խմբերին Թուրքիայից ուղարկված զինամթերքով արկղեր, որոնք կրել են Թուրքիայում զենք-զինամթերքի խոշորագույն արտադրող ընկերություն-գործարան MKE-ի լոգոն, և որ դա վկայում է Թուրքիայի կառավարության և ԻՊ-ի ու նրա հետ կապված խմբերի կեղտոտ համագործակցության մասին12։
 
Թուրքիայի տարածքից Սիրիա զենք-զինամթերքի մատակարարումներ են իրականացվել նաև ԻՊ հաղթարշավից առաջ։ Մասնավորապես, 2014թ. հունվարի 10-ին Ադանայի ոստիկանությունը կանգնեցրել էր երկու ավտոբուս, որոնցում հայտնաբերվել էր գնդացիրների համար նախատեսված 40 արկղ փամփուշտ։ Ավտոբուսների վարորդները պատմել էին, որ մեքենաները վարձակալվել են MIT-ի կողմից, և որ բեռը նախատեսված է եղել Սիրիայի ջիհադականների համար։ Դրանից 9 օր անց նույն Ադանայում ժանդարմերիայի աշխատակիցները կանգնեցրել էին MIT-ին պատկանող բեռնատարները, որոնցում հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ Դատախազ Ազիզ Թաքչըն հայտարարել էր, որ Ադանայի նահանգապետ Հուսեին Ավնի Ջոշն իրեն պատմել է, որ այդ բեռնատարները և դրանց բեռները պատկանել են MIT-ին, և որ այդ ամենի մասին տեղյակ են ներքին գործերի նախարարն ու վարչապետը (Էրդողան)։ Սակայն MIT-ի կողմից Սիրիա զենքի գաղտնի մատակարարումների գործով հետաքննությունը կասեցվեց, իսկ MIT բեռնատարների կանգնեցման ու դրանց խուզարկման գործընթացին մասնակից ժանդարմներն ու դատախազները «հեղաշրջման փորձի» ու «լրտեսության» մեղադրանքներով կալանավորվեցին։ 2015թ. մայիսին MIT բեռնատարներով Սիրիա գաղտնի զենք տեղափոխելու մանրամասների մասին հոդվածի հրապարակումից հետո կալանավորվեցին «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը, որոնք մեղադրվում են «պետության դեմ լրտեսություն կատարելու» և «ահաբեկչական զինված խմբերին աջակցելու» համար։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում13։
 
2014թ. մարտի 30-ին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններից առաջ YouTube-ում հայտնվեց մի ձայնագրություն, որում Թուրքիայի անվտանգության խորհրդի մասնակիցները քննարկել են Սիրիայի հարցը։ Ձայնագրությունում լսվում է MIT ղեկավար Հաքան Ֆիդանի ձայնը, որը հայտարարում է, որ ցայժմ 2000 բեռնատար են ուղարկել Սիրիա, և եթե անհրաժեշտ լինի, ապա Սիրիա կուղարկեն 4 մարդ, որոնք Թուրքիայի ուղղությամբ 8 հրթիռ կարձակեն, կհարձակվեն Շահ Սուլեյմանի դամբարանի վրա14։ Թուրքիան այդպիսով ցանկանում էր հարմար առիթ ստեղծել Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ձևավորելու համար։
 
Թուրքական մամուլի համաձայն՝ ԻՊ-ին զինամթերք մատակարարելու գործին լծվել է անգամ «Թուրքիայի Հանրապետության պետական երկաթուղիներ» (TCDD) ընկերությունը, որի գնացքը 2014թ. սեպտեմբերի կեսին Գազիանթեփ-Նուսայբին երթուղով անցնելիս կանգ է առել Թել Աբյադի հակառակ կողմում՝ կայարան չունեցող Սիլիբ Քերան գյուղում, և բեռնաթափել է ԻՊ-ի համար նախատեսված զինամթերքը։ Ավելի ուշ հաղորդվեց, որ ԻՊ զինյալների մոտ հայտնվել է MKE լոգոյով զինամթերք15։ Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել ԻՊ-ի կողմից Քոբանիի պաշարման ժամանակ։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատգամավոր Այլա Աքաթ Աթան TCDD-ին պատկանող գնացքներով ԻՊ-ին զինամթերք մատակարարելու հարցով դիմել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին։ Նա ընդգծել է, որ թեպետ TCDD կայքը հայտնել է, թե չեղյալ են հայտարարվել Գազիանթեփ-Նուսայբին ուղղությամբ գնացքների չվերթները, սակայն ականատեսների վկայությամբ՝ TCDD գնացքը կանգ է առել Սիլիբ Քերան գյուղում և բեռնաթափվել։ Աթան բարձրացրել է նաև ԻՊ-ին բեռնատարներով զինամթերք մատակարարելու մասին նախկինում մամուլի հրապարակումների կապակցությամբ հետաքննություն սկսելու հարցը16։
 
Ուշագրավ է նաև, որ Մոսուլում ԻՊ-ի կողմից պատանդ վերցված Թուրքիայի 49 քաղաքացիները, այդ թվում նաև հյուպատոսը, 101 օր գերության մեջ մնալուց հետո ազատ են արձակվել հենց TCDD-ի շուրջ ծագած սկանդալի ժամանակ։ Թուրքական մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ Թուրքիան իր 49 քաղաքացիների համար ԻՊ-ին հատկացրել է 49 տանկ և ռազմամթերք, որոնք էլ ԻՊ-ին հասցվել են TCDD գնացքներով17։
 
2015թ. դեկտեմբերին ԺՀԿ-ական պատգամավոր Էրեն Էրդեմը հայտարարեց, որ ԻՊ-ը 2013թ. Թուրքիայից ստացել է զարին թունավոր գազի պատրաստման քիմիկատներ, որը կարող է կիրառված լինել Դամասկոսի մոտ քիմիական հարձակման ժամանակ, ինչում մեղադրվել էր Ասադի բանակը։ Նա վստահեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները տեղյակ են եղել այդ մասին, և որ կան համապատասխան ապացույցներ18։ Էրդեմը դրանից օրեր առաջ այդ հարցը բերել էր Թուրքիայի խորհրդարանի օրակարգ՝ հիշեցնելով, որ Ադանայի դատախազությունն այն ժամանակ գործ էր հարուցել, կալանել էր 10 մարդու, սակայն հետո նրանք ազատ էին արձակվել՝ չնայած համապատասխան ապացույցների առկայությանը։
 
Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլին ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը գրել էր, որ Դամասկոսի մոտ կատարված քիմիական հարձակման հետևում կարող է կանգնած լինել (վարչապետ) Էրդողանի կառավարությունը19: Պետք է հիշել, որ երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար «կարմիր գիծ» սահմանեց սեփական ժողովրդի հանդեպ քիմիական զենքի կիրառումը, բնական է, որ Ասադի հակառակորդները պետք է շահագրգռված լինեին քիմիական զենքի կիրառմամբ, որպեսզի դրան հաջորդեր Սիրիայում ամերիկյան ռազմական միջամտությունն ու Ասադի վարչակարգի տապալումը։ Դա հատկապես վերաբերում է ՆԱՏՕ անդամ Թուրքիային, որը սիրիական հակամարտության ընթացքում գնացել է սահմանային մի շարք սադրանքների (Սիրիայից իր տարածքի գնդակոծություններ, հրետակոծություններ, ինքնաթիռների և ուղղաթիռների կործանումներ)՝ ՆԱՏՕ-ին դրանում ներքաշելու համար, շեշտը դնելով հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ կանոնադրության 5-րդ հոդվածի վրա։
 
Դեղորայքի հոսք և վիրավորների բուժում.– Թուրքիան ԻՊ-ին օգնում է նաև դեղորայքով և նրա վիրավոր զինյալներին իր տարածքում բուժելով, նրանց նորից Սիրիա ուղարկելով։ Սիրիայի քրդերի կողմից Թել Աբյադի գրավումից հետո հայտնաբերվեցին ԻՊ պահեստները, որոնցում գտնված դեղորայքի մեծ մասը եղել է թուրքական արտադրության։ Դեղորայքի տուփերի գրությունները (Gaziantep Havalimanı NASCO-Özel Antrepo İşletmeciliği, Selçuk Ecza Deposu, Hatay Ovalı Eczanesi) վկայել են, որ դրանք բերվել են Թուրքիայի Գազիանթեփ և Հաթայ նահանգներից20։ 2015թ. վերջին՝ Սիրիայում ԻՊ-ից Տիշրին գյուղաքաղաքի ազատագրման ժամանակ հայտնաբերվել էր Ստամբուլում արտադրված դեղորայք21։
 
Թուրքական մամուլում մի շարք հրապարակումներ են եղել Թուրքիայում ԻՊ վիրավոր զինյալների բուժվելու մասին, որոնց մի մասը դրանից հետո վերադարձել է Սիրիա։ Աթիլա Քարթի խոսքերով՝ 2014թ. սեպտեմբերին Գազիանթեփ, Քիլիս և Շանլըուրֆա նահանգների հիվանդանոցներում բուժում էր ստանում ԻՊ մոտ 600 զինյալ։ 2014թ. հունիսին թուրքական «Այդընլըք» թերթի հետ զրույցում Անկարայում բուժում ստացող ԻՊ զինյալներից մեկը հայտարարել էր, որ Թուրքիայի կառավարությունը սիրիական ճգնաժամի սկսվելուց հետո օգնել է իրենց, որ ԻՊ բազում անդամներ բուժում են ստանում այդ երկրում, որ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից զինյալներն իրենց մոտ գալիս են Թուրքիայով, և եթե չլիներ այդ օգնությունը, ապա ԻՊ-ը չէր հասնի նման հաջողության22։
 
2014թ. հունիսին Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը հայտարարել էր, որ Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում Սիրիայի քրդերի ուժեղացում, ինչի համար էլ ԻՊ զինյալները հանգիստ հատում են երկրի սահմանը, բուժում են ստանում Թուրքիայում, մինչդեռ երկրի իշխանությունները չեն թույլատրում տարեց և վիրավոր Սիրիայի քրդերի մուտքը երկիր23։ Ահմեթ Թուրքն այժմ մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու» համար։ Նրան սպառնում է 7.5-18 տարվա ազատազրկում24։
 
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես հայտարարել է, որ ԻՊ զինյալները բուժում են ստանում Թուրքիայում և կազդուրվելուց հետո վերադառնում են պատերազմելու։ Լավրովի խոսքերով՝ ԻՊ զինյալները Թուրքիան օգտագործում են նաև իրենց առևտրային գործարքների և զինամթերքի մատակարարումների համար25։ Սիրիայում ռուսական ռազմական կամպանիայի մեկնարկից մեկ ամիս անց՝ 2015թ. հոկտեմբերի վերջին, թուրքական մամուլը հայտնեց, որ Հաթայի հիվանդանոցներ է բերվել 34 մարդ՝ դա ներկայացնելով հետևյալ կերպ. «Ռուսաստանը հարվածում է, իսկ Թուրքիան՝ բուժում»26։
 
2014թ. սեպտեմբերին Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն, մեկնաբանելով շրջանառվող այն լուրերը, թե ԻՊ զինյալները բուժում են ստանում Թուրքիայում, չհերքեց դա. «Երբ մեզ մոտ բերում են լեռներում գործող PKK վիրավոր ահաբեկչի, որը մեկ ժամ առաջ կրակել է մեր զինվորի վրա, մենք բուժօգնություն ենք ցուցաբերում նրան, հետո նոր հանձնում ենք ոստիկանությանն ու արդարադատությանը։ Մենք չունենք դատական գործառույթներ։ Մեր գործառույթը հիվանդին բուժելն է՝ անկախ նրա քայլերից, ինքնությունից, կրոնական, ռասայական, դավանաբանական պատկանելությունից»27։
 
Այստեղ պետք է հիշատակել 2014թ. փետրվարին ԺՀԿ-ական պատգամավոր Մեհմեթ Ալի Էդիբօղլուի կողմից լիբանանյան El-Safir և Al-Diyar թերթերի սկանդալային հրապարակումների թեման Թուրքիայի խորհրդարանի օրակարգ բերելն ու Մեհմեթ Մուեզզինօղլուից պարզաբանում պահանջելը։ Դրանց համաձայն՝ Թուրքիայի Անթաքիա և Իսքենդերուն քաղաքների հիվանդանոցներ բերված սիրիացի վիրավորներին ներարկում են քնաբեր, սպանում են, հանում առողջ օրգանները և դրանք վաճառում «սև շուկայում»։ Ամենամեծ պահանջարկը վայելել են երիկամները։ Թերթերի տվյալներով՝ նման ճակատագրի է արժանացել վիրավոր վիճակում Թուրքիա բերված 62 հազ. սիրիացիներից 15 հազ. 622-ը։ Դրանից հետո սիրիացիներին հուղարկավորում են Թուրքիայում, իսկ նրանց հարազատներին հայտնում են, թե նրանք մահացել են և անհնար է նրանց դիակները Սիրիա ուղարկելը, կամ էլ դիակների մի մասը Սիրիա է ուղարկվում փակ դագաղներով, որպեսզի դրանք չբացեն զոհվածների հարազատները: Սակայն նրանց մի մասը պնդել է բացել դագաղները, ինչից հետո նրանք հայտնաբերել են, որ իրենց հարազատները մի շարք օրգաններ չեն ունեցել28:
 
Այսպիսով, Թուրքիան քողարկված մեծ օգնություն է ցուցաբերում ԻՊ-ին, որը շատ ավելի բազմակողմ է, քան վերոբերյալը։ Մասնավորապես, ԶԼՄ հրապարակումների համաձայն՝ Թուրքիան նաև ռազմական ուսուցում է տվել ԻՊ զինյալներին, նրանց օգնել է հետախուզական առումով՝ տրամադրելով արբանյակային լուսանկարներ։ Թուրքիան անգամ ԻՊ հաղթարշավին է ծառայեցրել Եփրատ գետը՝ ժամանակավորապես գրեթե կտրելով նրա գետահոսքը, որպեսզի ԻՊ զինյալներն անարգել շարժվեն Քոբանիի վրա, ինչի մասին նշել ենք մեր հոդվածներից մեկում։ Չի բացառվում, որ կան այլ ոլորտներ ևս, որտեղ Թուրքիան աջակցել և աջակցում է ԻՊ-ին, որոնց մասին, սակայն, դեռ չի բարձրաձայնվել։ Թուրքիան այդպիսով «հիբրիդային պատերազմ» է վարում հարևան Սիրիայում՝ իր նպատակներին հասնելու համար։ ԻՊ-ին Թուրքիայի աջակցության հիմնական դրդապատճառներն են.
 
ա) Բաշար Ասադի վարչակարգի տապալումը՝ հետասադյան շրջանում Սիրիայում բարյացակամ վարչակարգ տեսնելու, գերակա դիրքեր ունենալու համար, բ) Սիրիայի քրդերի թուլացումը, նրանց կողմից ինքնավարության (ավելի լայն՝ քրդական միասնական պետության) ստեղծման կանխումը, գ) Սիրիայում ահաբեկչության (ԻՊ) դեմ պայքարի պատրվակով հարմար առիթի դեպքում բուֆերային գոտու ձևավորման (ռազմական ներխուժում ձեռնարկելու) համար հիմքի ստեղծումը՝ տարածքային նվաճումներ ունենալու ակնկալիքով (թուրքական կողմը հայտարարում է իր համար Հալեպի (նաև Մոսուլի) հատուկ կարևորության մասին, այն ներկայացվում է որպես «Թուրքիայի 82-րդ նահանգ»), դ) Ասադի վարչակարգի տապալմամբ տարածաշրջանում Իրանի ազդեցության նվազեցումը, Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան («Հզբոլլահ») շիական առանցքում սեպ խրելը (Թուրքիան ներկայումս պարտվում է Իրանի հետ տարածաշրջային մրցակցությունում), ե) Ասադի վարչակարգի տապալմամբ Սիրիայում Ռուսաստանի դիրքերի թուլացումը կամ վերացումը (3 կողմից ծովերով շրջապատված Թուրքիային մտահոգում է, որ Սև և Միջերկրական ծովերում հետզհետե (Աբխազիայի, Ղրիմի, Սիրիայի դեպքեր) ավելի շատ է շրջապատվում ռուսական նավատորմով), զ) միջազգային հանրության կողմից իր պահանջարկի մեծացումը (ԻՊ-ի հետ բաց սահման ունեցող Թուրքիան դիտարկվում է առանցքային (բանալի) երկիր՝ ԻՊ (ինչպես նաև Եվրոպա փախստականների հոսքի զսպման) խնդրի լուծման համար), է) տնտեսական խոշոր շահույթներ ստանալը՝ նաև պաշտոնյաների մակարդակով։
 
Հայկ Գաբրիելյան 
Թուրքագետ
 
 
 
 
 
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play