Հունիսի 20-ին տեղի ունեցավ նորվեգացի մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Քննարկվեցին տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Հանձնաժողովը հավանության արժանացրեց մեծ մարդասերի հուշարձանը Երեւանի կենտրոնական հատվածում տեղադրելու հարցը:
ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնարարվեց հայտարարել հուշարձանի նախագծի մրցույթ, որի արդյունքները պետք է ամփոփվեն մինչեւ օգոստոսի 1-ը: Հանձնաժողովը կդիմի նաեւ Երեւանի քաղաքապետարանի Գեղարվեստի խորհրդին` հուշարձանի նախագծի ընտրության հարցում որոշում կայացնելու համար:
Ըստ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, հուշարձանի պատրաստման համար բարերարներից ստացված գումարները եւս կփոխանցվեն Երեւանի քաղաքապետարանին` արձանը պատվիրելու եւ տարածքը բարեկարգելու նպատակով: