Ճեղքման մասշտաբային փորձ, որ կանխել է հայկական զինուժը


Ճեղքման մասշտաբային փորձ, որ կանխել է հայկական զինուժը

  • 21-04-2016 06:39:22   | Հայաստան  |  Վերլուծություն

Մեդիամաքսը, հղում անելով ՆԱՏՕ մամուլի գրասենյակին, հայտնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում ապրիլի 21-ին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ կքննարկի Արցախի հակամարտության գոտում քառօրյա պատերազմն ու դրան հաջորդած իրավիճակը: Ըստ տեղեկատվության, հանդիպումը տեղի է ունենալու ՆԱՏՕ նախաձեռնությամբ:
Հանդիպումն ինքնին ուշագրավ է, առավել եւս այն ֆոնին, որ ապրիլի 21-ին էլ Հայաստան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովի այցին նախորդել էին ռուսական տեղեկատվական եւ փորձագիտական շրջանակի հաղորդումներ այն մասին, որ Մոսկվան կփորձի բեկում մտցնել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում եւ իրականացնել տարածք խաղաղապահների դիմաց բանաձեւը:
Իհարկե, ինքնին շատ դժվար պատկերացնելի էր թվում, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գնար այդօրինակ համաձայնության: Իրավիճակը, պատկերը այլ կլիներ, եթե Հայաստանը պարտվեր այդ պատերազմը: Այդ դեպքում գուցե Մոսկվայի համար կառաջանային այդ ծրագիրը կյանքի կոչելու ավելի մեծ հնարավորություններ, թեեւ իհարկե առանցքային խնդիրը ոչ միայն Հայաստանի, որքան Եվրատլանտյան հանրույթի դիմադրության հաղթահարումն է:
Սակայն, այդ իմաստով առանցքային է հայկական զինված ուժերի դերակատարումը: Բանն այն է, որ հայկական զինված ուժերը խոշոր հաշվով, կամա թե ակամա հանդիսանում են Կովկասում եվրատլանտյան անվտանգության ռուբիկոնը, թեեւ ֆորմալ տեսանկյունից չունեն այդ անվտանգության համակարգի հետ որեւէ դաշնակցային կապ՝ կապը զուտ գործընկերային է, այն էլ բոլորովին այլ տարածաշրջանների մասով:
Սակայն, դասական իմաստով հայկական զինուժի համար դաշնակցային է հենց եվրատլանտյան ուղղությունը, քանի որ այդ ուղղության վրա է շահերի մարտավարական եւ ռազմավարական ընդհանրությունը: Եթե այն փոքր ինչ կոպիտ ձեւակերպենք, ապա Հայաստանի ֆորմալ դաշնակից ՌԴ համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունի Արցախում հայկական զինուժի թեկուզ մասնակի պարտությունն ու նահանջը, իսկ ահա Եվրատլանտյան բեւեռի համար կարեւոր նշանակություն ունի հայկական զինուժի առնվազն դիրքերի պահպանումը, որովհետեւ դա թույլ է տալիս զսպել Ռուսաստանի տարածաշրջանային հավակնությունը եւ աշխարհքաղաքական նոր կարեւոր վեկտորներից մեկի՝ Իրան-Արեւմուտք կարգավորման ճանապարհի վրա մոսկովյան գերակշիռ վերահսկողությունը:
Ահա այդ իմաստով, քառօրյա պատերազմի ընթացքում հայկական զինուժը պահել է ոչ միայն արցախյան գոտու ստատուս-քվոն, այլ նաեւ միջազգային անվտանգության արդիական համակարգի ռուբիկոնը:
 
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն իրապես ունեն քննարկելու խնդիրներ, մասնավորապես այն, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ն աջակցել հայկական զինուժին իրավիճակի վերահսկման հարցում: Խոսքն իհարկե ոչ թե քաղաքական, այլ ռազմա-տեխնիկական աջակցության մասին է: Եվ այստեղ անկասկած է, որ պետք է առաջնային քննարկման առարկա դարձնել ռազմա-տեխնիկական մատակարարումների հարցը, եթե ոչ ծանր սպառազինության կամ զրահատեխնիկայի՝ այստեղ իրավիճակը կպահանջի բավական նուրբ խնդիրների լուծում, ապա առնվազն հատուկ ստորաբաժանումների համար անհրաժեշտ տեխնիկական միավորների: ՆԱՏՕ-ն այդ առումով պետք է շահեկան առաջարկներ անի հայկական կողմին, միջազգային անվտանգության արդիական համակարգի ռուբիկոնն առավել հուսալի դարձնելու գործին նպաստելու համար:
Հայկական զինուժն իհարկե ինքնուրույն կարողանում է լուծել այդ խնդիրը, ինչը ցույց տվեց քառօրյա պատերազմի ընթացքը: Սակայն աներկբա է, որ գործընկերությունը ժամանակակից աշխարհում սուբյեկտների վարքագծի կարեւոր տարր է, իսկ այդ հարցում հայկական զինված ուժերը հերթական անգամ ապացուցեցին անվտանգության համաշխարհային համակարգի կարեւոր հանգույցի շոշափելի եւ հուսալի պոտենցիալի առկայությունը:
Դրան զուգահեռ, քառօրյա պատերազմը հատկապես իր առանձին դրսեւորումներով հստակորեն ի ցույց դրեց այն, որ Հայաստանի զինված ուժերը դիմակայում են ոչ միայն Ադրբեջանին ինքնին, այլ ի դեմս Ադրբեջանի դիմակայում են միջազգային սպառնալիքների ձեւավորված համակարգին, որի ավելի ու ավելի ամբողջական օղակ է դառնում Բաքուն:
Իսկ այստեղ իրավիճակն օբյեկտիվորեն վեր է մեկ առանձին վերցրած պետության բանակի ուժերից, ու կասկած չկա, որ լինելու են Հայաստանի եւ Արցախի, հետեւաբար նաեւ անվտանգության միջազգային համակարգի կովկասյն շղթան ճեղքելու նոր եւ ավելի ծավալուն փորձեր: Դրանք կանխարգելելու եւ դիմադրության ու կայունության պահպանման երկարաժամկետ համակարգի համար կարեւոր է շահընկերների գործնական փոխաջակցությունը:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play