35 սկսնակ ընկերություն մասնակցում է Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրին


35 սկսնակ ընկերություն մասնակցում է Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրին

  • 28-04-2016 12:22:54   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

35 սկսնակ ընկերություն ներկայումս մասնակցում է Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրին, որի նպատակն է օգնել ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերություններին գործարար կապեր հաստատել Սիլիկոնյան հովտում և հաջողությունների հասնել արտասահմանյան շուկայում: Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիրն իրականացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Համաշխարհային բանկը՝ Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի համագործակցությամբ:  
 
Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել 73 ընկերություններ, որոնցից ընտրվել են 35 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունները: 
Նախնական փուլն անցած ընկերությունները մասնակցում են 6 շաբաթ տևողությամբ աքսելերացիոն ծրագրի հայաստանյան փուլին, որն իր մեջ ներառում է դասընթացներ, խորհրդատվություն և գաղափարներ ներկայացնելու կարողությունների զարգացման հմտություններ: 
Հայաստանի և արտերկրի հաջողակ ձեռներեցները և փորձագետները հայ սկսնակներին ներկայացնում են բիզնես մոդելի առաջխաղացման, շուկայում ներկայանալու ռազմավարության մշակման, արտասահմանյան ներդրողների և հաճախորդների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև հետագա քայլերի պլանավորման նրբությունները: 
Աքսելերացիոն ծրագրի ավարտին՝ մայիսի 14-ին, կանցկացվի Դեմո օր, որի ընթացքում հայաստանյան փուլն անցած ընկերություններից կընտրվեն 5-ը, ովքեր կմասնակցեն 2016 թվականի հունիսին Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին: Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաև CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների և ներդրողների հետ:
 
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play