Այսօր ընտրակեղծիքներից ամենաշատը բողոքում են ընտրությունները մշտապես կեղծողները. Նիկոլ Փաշինյան


Այսօր ընտրակեղծիքներից ամենաշատը բողոքում են ընտրությունները մշտապես կեղծողները. Նիկոլ Փաշինյան

  • 28-04-2016 18:39:36   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակի քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթն սկսեց զարմանքով:
Նրան, մասնավորապես, զարմացնում էր այս օրերի ընթացքում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե 20 տարի շարունակ ընտրությունները կեղծվում են. «Ընտրակեղծարարների երկարամյա դիվանագիտական ժամապահը, ով երկար տարիներ զբաղված է եղել կեղծիքների հետքերը միջազգային  հարթակներում մաքրելով, այժմ ողբ է անում 20-ամյա ընտրակեղծարարության կապակցությամբ: Ամենահետաքրքիրն այն է, որ նախկին շատ բարձրաստիճան պաշտոնյաներն են ամենաշատը բողոքում ընտրությունների կեղծումներից, մինչդեռ իրենց պաշտոնավարման ընթացքում կեղծումների կազմակերպիչ և մասնակից են եղել, և ընտրակեղծիքներ արձանագրող ակտիվիստների, լրագրողների և լրատվամիջոցների դեմ անձամբ են հետապնդումներ իրականացրել,  նույնիսկ խաղաղ ցուցարարների մահվան դատավճիռներ հրապարակել»:
 
Ն. Փաշինյանի խոսքերով` նախկինում, երբ ընտրությունները կեղծելու արդյունքում նույն բարձրաստիճան պաշտոնյաները որպես արտոնություններ պետք է ստանային ծառայողական  մեքենաներ, կաբինետներ , զանազան ճանապարհներով փողեր աշխատելու և լվանալու հնարավորություններ, բողոք չունեին, իսկ երբ նույն կարգի ընտրակեղծիքների արդյունքում այդ ամենից զրկվել են, սկսել են պայքարի Ալեքսանդր Մատրոսով դառնալ: 
Մեկնաբանելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի քննադատությունն ուղղված Վարդան Օսկանյանի վերոնշյալ հայտարարությանը` Ն. Փաշինյանը Է. Շարմազանովին հորդորեց չշտապել, քանի որ ապագա քաղաքական զարգացումների արդյունքում հնարավոր է նա էլ լալահառաչ կերպով սկսի արձագանքել առաջիկա ընտրություններին մասին` դրանք որակելով դրանք ապօրինի, իսկ կեղծիքներն աղաղակող: 
Նրա փոխանցմամբ` փորձը ցույց է տվել, որ այսօր փող ու մուրաբա բաժանողներն ազգի դավաճան են անվանում փող ու տուկի թել բաժանողներին, իսկ վերջիններս էլ դատափետում են ատամի պրոտեզ բաժանողներին. «Ինձ ավելի հուզեց բանակցությունների դորդ-ջհար ձևաչափը, որը վերածվեց իքի-բիրի»:
Ըստ Ն. Փաշինյանի` գործող ընտրական օրենսգրքը շատ բան է որոշում ընտրությունների հարցում, սակայն ավելի շատ բան որոշում են այն հարակից գործոնները, որոնք ֆոն են ստեղծում ընտրական պրոցեսի համար, հետևաբար  կարևոր է երկրում իրական ընդդիմության ձևավորումը, այս համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է դառնալ միակ ընդդիմությունը, որը կկարողանա քաղաքացուն բացատարել՝ ոչ թե քվեարկել ատամի պրոտեզի, տուկի թելի, օրը երկու հատ լավաշի համար, այլ հանուն ավելի լավ ապագայի:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play