Երևանում հանդիսավոր կերպով նշվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի տարեդարձը (տեսանյութ)


Երևանում հանդիսավոր կերպով նշվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի տարեդարձը (տեսանյութ)

  • 03-05-2016 18:24:49   | Հայաստան  |  Հասարակություն



Հայ մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն ապրիլի 21-ին դարձավ 75 տարեկան: Մեծ վարպետի հոբելյանական երեկոն առանձնահատուկ կերպով նշվեց Երևանի ռուսական արվեստի թանգարանում. Ծննդյան տոնի կապակցությամբ Ռ. Էլիբեկյանին հանդիսավոր կերպով շնորհավորեցին նրա ընկերներն ու բարեկամները: 
 
Որպես յուրօրինակ նվեր` թանգարանի ավագ գիտաշխատող Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց իր հեղինակած զեկույցը` «Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը և սիմվոլիզմի դարաշրջանի արձագանքումները 1970-80-ական թվականներին (խորհրդա)հայ արվեստում»  թեմայով, որին հաջորդեց  Ջուլիետ Կաժոյանի հեղինակած Ռ. Էլիբեկյանին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: 
Հոբելյանական երեկոյի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Մկրտչյանը:  
Վերջինիս փոխանցմամբ` Ռուսական արվեստի թանգարանում Ռոբերտ Էլիբեկյանի արվեստի ներկայացումը պայմանավորված է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու ցանկությամբ մեծ արվեստագետին, այլև գաղափարական իմաստ է կրում: 
Ռոբերտ Էլիբեկյանը XX դարի երկրորդ կեսի ամենանշանավոր հայ արվեստագետներից է, ում գեղանկարչությունը դարձավ իր ժամանակի հայ արվեստի խորհրդանիշը և նոր ուղի բացեց հետվաթսունական հայ կերպարվեստում:  «Թիֆլիսյան դպրոցի» վառ ներկայացուցիչը հակադրվելով խորհրդային պաշտոնական արվեստին և մերժելով ամբողջատիրական համակարգի կանոնները, հաստատեց մաքուր արվեստի ինքնուրույն արժեքը: 
Թիֆլիսահայ Էլիբեկյանների տոհմից սերած արվեստագետը  մանկուց ի վեր կապված է եղել թատրոնի հետ. նա ճանաչված է նաև իր բազմաթիվ թատերական ձևավորումներով: 
Երեկոյի ընթացքում ներկաները, այդ թվում Երևանի Պետական Համալսարանի և Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի արվեստաբանական բաժնի ուսանողները, բացառիկ հնարավորություն ունեցան անմիջական մթնոլորտում հաղորդակցվել և հարցեր տալ մեծ վարպետին:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և լուսանկարները` «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play