Հայաստանը «բռնել» է իր շանսը եւ պետք է հետեւողական առաջ տանի այն. Մեկնաբան


Հայաստանը «բռնել» է իր շանսը եւ պետք է հետեւողական առաջ տանի այն. Մեկնաբան

  • 06-05-2016 16:50:47   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի կառավարությունում ԼՂՀ ճանաչման օրինագծի քննարկումն անմիջապես առաջացրել է Ռուսաստանի արձագանքը:
 
Նախ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նախօրեին շտապել է հայտարարել, որ խուճապի կարիք չկա, եւ Երեւանում իրեն հավաստել են, որ հակված են խաղաղ կարգավորմանը: «Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, ոչ թե միակողմանի», ասել էր Լավրովը:
Իր հերթին, մեկնաբանելով ՀՀ կառավարության որոշումը, Պուտինի խոսնակը հայտարարել էր, որ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ օրինագիծը Մոսկվայի հետ չի քննարկվել: «Ոչ, չի քննարկվել Մոսկվայի հետ: Մենք շատ ուշադիր հետեւում ենք այն որոշումներին, որ ընդունվում են այդ համատեքստում, եւ նախկինի պես ակնկալում ենք, որ հակամարտության կողմերը կարող են խուսափել քայլերից, որոնք կարող են փլուզել փխրուն հաշտությունը եւ հանգեցնել լարվածության էսկալացիայի», ասել է Պեսկովը:
Պաշտոնական Երեւանն ինքը շտապեց «հավաստել», որ դա դեռ չի նշանակում ԼՂՀ անմիջապես ճանաչում, եւ եթե լինի ադրբեջանական նոր ագրեսիա, այդ դեպքում Հայաստանը կճանաչի:
Մոսկվայի այս արձագանքը հասկանալի է: ԼՂՀ ճանաչումը խոշոր հաշվով նշանակում է Ռուսաստանի դերի վերանայում Հարավային Կովկասում եւ նրա աստիճանական դուրս մղումն այս տարածաշրջանից:
Ժամանակին հայերը ոգեւորվել էին այն հանգամանքից, որ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիան ու Հարավային Օսիան, եւ հույս ունեին, որ ՌԴ-ն նույն քաղաքականությունը կվարի Արցախի դեպքում: Սակայն այն ժամանակ Լավրովը շտապեց հայտարարել, որ Ղարաբաղի խնդիրն «այլ խնդիր է»:
Ղարաբաղն իսկապես այլ խնդիր է, եւ որքան էլ հայերը դժվարությամբ են գալիս այդ գաղափարին, այն քաղաքակրթական եւ աշխարհքաղաքական զարգացումների այլ տրամաբանություն է ենթադրում:
Ըստ էության, Հայաստանի այս ինքնիշխան քայլը, որը դեռեւս մտադրության ու «նախապայմանի» մակարդակում է, ուղերձ է առաջին հերթին Ռուսաստանին, որն իր քաղաքականության արդյունքում հայտնվել է գրեթե անելանելի փակուղում, եթե չվերանայի իր վերջին տարիների քաղաքականությունը: Եվ ահա թե ինչու:
Հայաստանը ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանին ակնարկեց, թե ինչու հնարավոր դարձավ Ադրբեջանի ագրեսիան: Այդ մասին Սերժ Սարգսյանը հարցրել էր Լավրովին: Դա կարող էր նշանակել, որ եղել է ինչ որ պայմանավորվածություն, կամ «հավաստում», որը չէր կատարվել:
Այս հանգամանքն էլ հայկական կողմին հնարավորություն է տվել դուրս գալ այդ ենթադրյալ պայմանավորվածությունից եւ դնել որոշակի պայմաններ բանակցության վերադառնալու համար, ինչպես նաեւ «շրջանառության մեջ դնել» ԼՂՀ ճանաչման օրինագիծը:
Հայաստանը փաստացի Ռուսաստանին առաջարկում է կամ կատարել «խաղաղության ու անվտանգության երաշխավորի» իր դերը, զսպելով Ադրբեջանի ագրեսիան, քանի որ ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանն առանց նրա չէր գնա նման արկածախնդրության, կամ Հայաստանը ստիպված է լինելու գնալ այնպիսի քայլերի, որոնք օբյեկտիվորեն «անհարմար դրության մեջ կդնեն» Ռուսաստանին, ինչպես արտահայտվել էր ռուս մի փորձագետ:
Կրեմլի արձագանքը վկայում է, որ Հայաստանի այս կռվանը քաղաքական ու աշխարհքաղաքական ահռելի պոտենցիալ է պարունակում իր մեջ: Այն իսկապես բարդ խնդիրների առաջ է դրել Ռուսաստանին, որի հանդեպ Հայաստանը տարիներ շարունակ բարեխիղճ կատարել է իր դաշնակցային պարտավորությունները: Սակայն այդպես երկար չէր կարող շարունակվել, իրավիճակը մի օր պետք է բերեր դրան:
Ինչ վերաբերվում է աշխարհքաղաքական մյուս կենտրոններին, ապա այնտեղ առայժմ շատ արձագանքներ չկան, եւ դա նույնպես հատկանշական է: Այնտեղ քաղաքական ոճն այլ է՝ հետեւելու են, թե որքանով է Հայաստանը հետեւողական ու գրագետ իրականացնելու նոր քաղաքականությունը եւ չեն խանգարելու նրան:
Եթե Հայաստանը մնում է նոր աշխարհքաղաքականության զարգացումների տրամաբանության մեջ, նրա քայլերն աջակցություն են ստանալու, ընդ որում՝ ամենաանսպասելի տեղերից ու միջոցներով: Նախ, ներկայիս աշխարհքաղաքականության իմաստը նոր պետությունների ճանաչումն է, եւ երկրորդ՝ այստեղ չեն կարող դեմ գնալ ազատ կամարտահայտման սկզբունքներին:
Հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանը նույնպես հայտնվելու է այդ նոր տրամաբանության մեջ: Այն արդեն իսկ հայտնվել է:
Այսպիսով, քայլն արված է, եւ խնդիրն այդ քայլին համարժեք քաղաքականությունն է հետագայում: Այստեղ նահանջն ու զիջումներն անթույլատրելի են եւ կարող են հակառակ էֆեկտի հանգեցնել: Հայաստանը «բռնել» է իր շանսը եւ պետք է հետեւողական առաջ տանի այն:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play